Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդդեմ «ԱրմենՏելի»` վերջնական եզրակացություն


Կառավարությունն ընդդեմ «ԱրմենՏելի» Բաց ժողովի ավարտից 22 օր անց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ եւ բաց ժողովը նախագահող Էդուարդ Մուրադյանն այսօր հրապարակեց իր եզրակացությունը լսումների արդյունքների վերաբերյալ: Ընդ որում, եզրակացության հրապարակմանը ներկա չէր «ԱրմենՏել» - ի
որեւէ ներկայացուցիչ: Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը հանրապետությունից բացակայում էր, եւ նրա փոխարեն որեւէ մեկը չէր ներկայացել Բաց ժողովի եզրակացությունը լսելու:

«ԱրմենՏելի» բաժնետերերի Բաց ժողովի նախագահող Էդուարդ Մուրադյանի եզրակացությամբ, ՀՀ կառավարությանը լիազորվում է «ԱրմենՏելին» զրկել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ունեցած մենաշնորհից: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է բջջային հեռախոսակապին եւ ինտերնետ կապին: Բայց սա դեռեւս չի նշանակում, թե այդպիսով ԱրմենՏելը զրկված է մենաշնորհից: Կառավարությունը դեռեւս պետք է իր քայլերը ձեռնարկի՝ այդ լիազորությունը կյանքի կոչելու նպատակով:

Բացի այդ, եզրակացության մեջ ասվում է, որ «ԱրմենՏել» -ը պարտավոր է հեռախտության համապատասխան մակարդակն ապահովելու պահանջի իրականացման ուղղությամբ զարգացումների եւ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ ամսական գրավոր հաշվետվություններ ներկայացնել ՀՀ Կառավարությանը:

Նաեւ՝ «Մինչեւ 2003 թվականի սեպտեմբերի 30-ը լիովին եւ ամբողջությամբ կատարել բաժանորդների կապը վերամիացնելու տնտեսական դատարանի՝ «ԱրմենՏել» - ի դեմ հարուցված հայցերի հիմքով կայացրած որոշումները, եւ նույն ժամանակում հիշյալ որոշումների կատարումը հաստատող գրավոր հաշվետվություն ներկայացնել Կառավարությանը:

Անմիջապես դադարեցնել եւ հետագայում ձեռնպահ մնալ որեւէ բաժանորդի կապն անջատելուն ուղղված որեւէ տեսակի գործողություններից բացառությամբ մատուցված ծառայության վարձը չվճարելու դեպքերից»:

Այս կարգի՝ նաեւ տեխնիկական բնույթի, մի շարք խորհրդատվական կետեր կան եզրակացության մեջ, որոնք, ըստ էության, վերահաստատում են ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշման իրավացիություւնը եւ պարտադրում «ԱրմենՏելին» կատարել պարտավորությունները:

Հիշեցնենք նաեւ, որ Կառավարությունը բաց ժողովին 6 կետից բաղկացած մեղադրանք էր ներկայացրել «ԱրմենՏելի» դեմ եւ հայցում էր որոշակի սանկցիաների երաշխավորություն:

Բաց ժողովում լսումների ընթացքում հանրապետության կառավարությունը ներկայացված ապացույցներով հիմնավորեց, որ «ԱրմենՏել» ձեռնարկությունը չի կատարել լիցենզիայով եւ պայմանգրով սահմանված ներդրումային պարտավորությունները, հինգ տարվա ընթացքում ոլորտը զարգացնելու նպատակով 200 մլն դոլարի ներդրում պետք է կատարվեր, այնինչ հենց «ԱրմենՏելի» ղեկավարության ներկայացրած տվյալներով, այս տարվա մարտի 1-ի դրությամբ միայն 182 մլն դոլարի ներդրում է կատարվել:

Բացի այդ, 800 գյուղի հեռախոսակապը թվայնացնելու փոխարեն, թվայնացված են 54-ինը: Սահմանված կարգով, բաժանորդներին վճարումների համար չեն ներկայացվել համապատասխան հաշիվները եւ ամենակարեւորը՝ խախտվել է բաժանորդի գաղտնիության իրավունքը:

Այսինքն, «ԱրմենՏելն» այնպիսի սարքավորումներ է տեղադրել, որոնց միջոցով գրանցվել, ձայնագրվել եւ պահպանվել են հեռախոսազանգերի, այդ թվում նաեւ հեռախոսով կատարավող բանկային գործողությունների տվյալները: Երեւույթով հատկապես մտահոգված էր WFI միջազգային աուդիտորական ընկերության ներկայացուցիչ Յան Բիբին, որն էլ մասնակցել էր այս անցյալ տարվանից մինչեւ այս տարվա սկիզբ «ԱրմենՏել» - ում անցկացվող ստուգումների աշխատանքներին: Յան Բիբին բաց ժողովում իբրեւ վկա էր հրավիրված եւ իր վկայություններում ասաց նաեւ, որ ձեռնարկությունը ոչ միայն խախտել է լիցենզիայով եւ պայամանգրով սահմանված ներդրումների կատարման ժամկետները, այլեւ ներդրումներն էլ նպատակային չեն օգտագործվել՝ կիրառվել է ներդրումային սխալ քաղաքականություն:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏել» - ը բարձր գնով սարքավորումներ է ձեռք բերել, երբեմն նույնիսկ շուկայականից 50 տոկոսով ավելին: Արդյունքում, ըստ Արմնետելի՝ 100 մլն, իսկ Կառավարության տվյալներով՝ 115 մլն դոլարի վարկային պարտք է կուտակել ձեռնարկությունը, որովհետեւ սարքավորումները վարկով են գնվել, այն էլ հիմնականում հունական ընկերություններից:

Բաց ժողովի ավարտին էլ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Կառավարության անունից նորից հաստատեց նախապես ներկայացված առաջարկը, որով պահանջում էին, կառավարության կողմից տրված թիվ 60 լիցենզիան փոխվի այնպես, որպեսզի արտացոլվեն հետեւյալ մոտեցումները. բոլոր բացառիկ իրավունքները, որոնք տրված են լիցենզավորվածին թիվ 60 լիցենզիայով, պետք է ձեւափոխվեն ոչ բացառիկ իրավունքների, եւ Հայաստանի կառավարությունը պետք է ունենա նոր լիցնեզիաներ տրամադրելու իրավունք:

Երկրորդ լիցենզիան պետք է փոխվի այնպես, որպեսզի երաշխավորվեն նոր լիցենզավորվող անձանց պատշաճ գործողությունները:
Հաջորդ պահանջ-առաջարկներն էին՝ հեռախոսահամարների ծրագրի պատշաճ կառավարում, լիցենզիայի դրույթները խախտելու դեպքում կապի եւ տրանսպորտի նախարարությանը «ողջամիտ տուգանքներ» սահմանելու լիազորության տրամադրում, գաղտնալսումների եւ փոխանակվող տեղեկությունների գրանցման հետ կապված գործողությունների անմիջապես դադարեցում եւ այլն:

Հայաստանում կապի որակը չի բավարարում ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաեւ օտարերկրյա ներդրողներին, բնականաբար, կառավարության գերխնդիրը միջազգային չափանիշներին համապատասխանող հեռահաղորդակցության բավարար մակարդակ ապահովելն է: Եվ Կառավարության ներկայացուցիչների վկայությամբ, իրենց այս քայլը պետք է դիտարկել ոչ թե ներդրողների դեմ, ինչպես հայատարարում էր «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար եորգիոս Վասիլակիսը բաց ժողովում, եւ զգուշացնում էր, որ Կառավարության այս քայլը բացասական ազդեցություն կունենա Հայաստանում գործող կամ հնարավոր այլ ներդրողների վրա: Բաց ժողովում բարձրացված հարցերը եւ ընդհանրապես որդեգրած քաղաքականությունը բացառապես ներդրողներին պաշտպանելուն է ուղղված, ասում են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները:

Այսպիսով, եթե բաց ժողովը նախագահողի եզրակացությունից հետո կառավարությունը «ԱրմենՏել»-ի նկատմամբ վարչական պատժամիջոցներ կիրառելու, լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին որոշում կայացնի, ապա՝ «վարչական պատժամիջոցը կիրառելի է որոշումից անմիջապես հետո»:

«Եթե այդ որոշումը վիճարկելու տրամադրություն ունի «ԱրմենՏել»-ը կամ OTE-ն, իրենք կարող են ներկայանալ արբիտրաժում՝ վնասի հատուցման պահանջով», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր բաց ժողովում Կառավարության ներկայացուցիչ Վահե Յակուբյանը:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG