Մատչելիության հղումներ

Կոալիցիոն կուսակցությունները կբաժանեն նաեւ հայեցողական պաշտոնները


Կոալիցիայի անդամ կուսակցությունները մոտ ապագայում ձեռք կբերեն նաեւ հայեցողական պաշտոններ: Հայեցողական են համարվում փոխնախարարները, կոմիտեների պետերը, կառավարարությանն առնթեր վարչությունների պետերը, փոխմարզպետները: Առաջին փուլում կոալիցիայի հայացքն ուղղված է փոխնախարաների պաշտոնների վրա: Դատելով վարչապետի երեկվա պարազաբանումներից՝ այդ հարցը սկզբունքորեն որոշված է:

Փաստորեն, մնում է հստակեցնել կոնկրետ տեղերը: Դա էլ կորոշվի կոալիցիայի խորհրդի նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա 10 օրվա ընթացքում:

Հանրապետական խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյանը այս մոտեցմանն ի սկզբանե դեմ էր: Նա պնդում էր, որ հայեցողական պաշտոնները կառավարության լիազորությունն է: Այսօր էլ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ նա վերահաստատեց իր դիրքորոշումը:

Գալուստ Սահակյանի կարծիքով, պետք չէ փոխնախախարների պաշտոնները մեխանիկորեն տրամադրել կոալիցիա կազմած կուսակցություններին, քանի որ թեկնածուների արժանիքները պետք է դեր խաղան եւ ոչ թե կուսակցական պատկանելությունը:

Այսինքն այն տարբերակը, որը շրջանառության մեջ դրվեց, թե պարտադիր է, որ հայեցողական պաշտոններում տեղ գրավեն նաեւ կոալիցիայի մյուս անդամները, հատկապես մամուլի քննարկումներից հետո իր հետեւանքներն ունեցավ, կարծում է Գալուստ Սահակյանը:

Նա ավելացրեց նաեւ, որ այդ պաշտոնները թափուր չեն, մարդիկ կան, ովքեր աշխատանքի հարուստ փորձ ունեն եւ աշխատում են, ուստի խոսքը նրանց փոփոխության մասին չէ, այլ թափուր տեղերի, որոնք քննարկման առարկա կդառնան:

Նա, փաստորեն, դեմ է, որ հայեցողական պաշտոնները քաղաքականացվեն: Գուցե Հանրապետականները այդպիսի պաշտոններ ավելի շատ ունեն, եւ պարզապես ձեռնտու չէ՞ կիսել տեղերը: Գալուստ Սահակյանը հավաստիացնում է, որ դա չէ խնդիրը, եւ նրա տվյալներով, հայեցողական 130 պաշտոնյաններից ընդամենը 15-ն են Հանրապետականի անդամներ:

ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» մոտեցումները Հանրապետականից տարբերվում են: Նրանք գտնում են, որ այդ պաշտոնները պետք է տրամադրվեն իրենց այն պատճառով, որ կոալիցիա կազմելով՝ իրենք էլ պատասխանատվություն են վերցրել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հավաստմամբ, կոալիցիան պետք է ներկայացված լինի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հայեցողական մակարդակում: Որոշակի լծակների պետք է տիրապետեն, որպեսզի եւ ինֆորմացիա ունենան եւ պատասխանատվությունը կիսեն:

Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է, որ այս մոտեցումը կադրերի ջարդ չի նշանակում, նաեւ չի նշանակում, թե անպայման կուսակցականներ պետք է նշանակվեն հայեցողական պաշտոններում: Այսպես, չի բացառվում, որ, օրինակ, որեւէ փոխնախարարի պաշտոնում ՀՅԴ-ն այդ բնագավառին տիրապետող անկուսակցական թեկնածու առաջադրի:

Կուսակցությունների ղեկավարները կոնկրետ անուններ դեռեւս չեն հայտնում: Լեւոն Մկրտչյանի խոսքերով, իրենք յուրաքանչյուր բնագավառի համար 4-5 թեկնածու ունեն:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի խոսքերով, իրենք նույնպես տարբեր նախարարություններում աշխատելու համար շատ կադրեր ունեն, օրինակ, թեկնածուներ ունեն առողջապահության փոխնախարարի, կապի եւ տրասպորտի փոխնախարարի պաշտոնների համար եւ այլն:

Սակայն կոալիցիայի անդամ կուսակցությունները նշում են նաեւ, որ ուժային կառույցներում պաշտոնները այս քննարկումներից դուրս են:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG