Մատչելիության հղումներ

«Դատավարությունը ձգձգելու իմաստ չկա»


Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունն այս շաբաթ ավելի արագացված տեմպով է ընթանում՝ բացի երկուշաբթիից, աշխատանքային բոլոր օրերին նիստեր գումարվում են:

Մեղադրող Զելիմ Թադեւոսյանի խոսքերով, դատավարությունը ձգձգելու իմաստ չկա, հատկապես, որ դատավարությունները թանկ են նստում պետության վրա:

Երեկ հրապարակվեցին ամբաստանյալներից մեկի՝ Գրիգոր Պետրոսյանի, նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ՝ հիմանվորելով, որ պնդում է նախաքննականը եւ նոր բան չունի ավելացնելու: Այսօր էլ նույն սկզբունքով դատարանում ցուցմունքից հրաժարվեց ամբաստանյալ Արմեն Սարգսյանի սանահայր Լյովա Հարությունյանը, որն առաջինն էր Գեղամ Շահբազյանին առաջարկել մարդ գտնել Տիգրան Նաղդալյանին սպանելու համար:

Ի դեպ, ամբաստանյալ Հարությունյանը հրաժարվեց նաեւ պատասխանել կողմերի, նույնիսկ իր շահերի պաշտպան Վաղինակ եւորգյանի հարցերին: Չի բացառվում, որ Լյովա Հարությունյանին կաշկանդում էր դատարանի դահլիճում Արամ Սարգսյանի ներկայությունը:

Ամբաստանյալը դատարանում միայն հայտարարեց. «նախաքննության ժամանակ ասել եմ եւ հիմա էլ պնդում եմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում հանցագործությունը պարտակելու մեջ, այստեղ գտնվող ամբաստանյալներից եւ ոչ մեկին չեմ պարտակել, չեմ պահել, հագուստ չեմ տվել, չեմ կերակրել, հանցագործության հետքերը չեմ մաքրել, խոստումներ չեմ տվել եւ չեմ նպաստել հանցագործության կատարմանը: Բայց մեղավոր եմ, որ 2003-ի հունվարի սկզբներին Գեղամ Շահբազյանից իմացել եմ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կատարողների մասին եւ չեմ հայտնել իրավապահ մարմիններին»:

Իսկ նախաքննության ընթացքում տեսագրված հարցաքննության ժամանակ Հարությունյանը նույնիսկ ասաց, որ մտածել է իրավապահ մարմիններին հայտնել եւ դրա դիմաց ստանալ խոստացված 250 հազար դոլարը, բայց վախեցել է «գործ տվողի» պիտակ ստանալուց:

Ըստ Լյովա Հարությունյանի, 2002 թվականի նոյեմբերի սկզբներին սպանության մասին առաջարկ արել է Գեղամ Շահբազյանին, որը Հարությունյանի կնոջ ազգականն է: Ամբաստանյալի խոսքով, առաջարկն արել է զգացմունքի եւ սպարապետի նկատմամբ ունեցած անսահման հարգանքի ազդեցության տակ՝ մատծելով, որ դրանով վրեժխնդիր կլինի Վազգեն Սարգսյանի սպանության համար: Նա նույնիսկ պատրաստ է եղել 30 հազար դոլարով վաճառել իր սեփական խորտկարանը: Նաեւ մտածել է, որ վրեժխնդիր լինելուց հետո Արմեն Սարգսյանը վնասը կհատուցի: Բայց մի քանի օր անց հասկացել է, որ սխալ բան է անում, հրաժարվել է այդ գաղափարից ու եղամ Շահբազյանին էլ ասել է. «մոռացիր դրա մասին համարիր, որ ոչինչ չեմ ասել»:

Դրանից հետո խուսափել է Գեղամ Շահբազյանից եւ նրա ղարաբաղցի ընկերներից, անգամ այն ժամանակ երբ նրանք խորտկարան են եկել, պատմում էր Լյովա Հարությունյանն՝ արդեն նախաքննության ընթացում տեսագրված հարցաքննության ժամանակ:

Սպանության մասին, իր խոսքերով, իմացել է դեպքից հետո միայն: Դրանից հետո, երբ արդեն Արմեն Սարգսյանը խոստացված գումարը չի տվել, Հարությունյանը, Գեղամ Շահբազյանի խնդրանքով, հանդիպել է նրան: Սկզբում Արմեն Սարգսյանը հրաժարվել է, թե տեղյակ է սպանություն կատարողների մասին, բայց մի քանի օր անց նորից կանչել է Լյովա Հարությունյանին իրենց տուն, ընդունել է, որ պատվերն ինքն է տվել եւ ասել է, թե մնացած գումարը 15 օրից կտա: Այս ցուցմունքն, ի դեպ, Հարությունյանը պնդել է նաեւ Արմեն Սարգսյանի հետ առերեսման ժամանակ:

Իսկ հարցաքննության տեսագրության մեջ, որն այսօր դատարանում ցուցադրվեց, քննիչի հարցին, թե ո՞ւմ շահերից էր բխում Տիգրան Նաղդալյանի սպանությունը, Լյովա Հարությունայնը պատասխանեց. «Սպարապետի մահվան համար վրեժխնդրություն էր»:

Այսպիսով, առայժմ ավարտվեց այս ամբաստանյալի հետ դատական գործընթացը: Սահմանված կարգով դատարանում ցումունք պետք է տար Սարգսյանների մորաքրոջ որդի՝ Ապեր մականունով Հովհաննես Հարությունյանը: Ամաբստանյալը՝ պատճառաբանելով, թե գրառումներն իր հետ չեն, հրաժարվեց այսօր ցուցմունք տալուց: Դատարանը որոշեց հետաձգել նիստը մինչեւ վաղը:

Վաղը, եթե նոր հանգամանքներ ի հայտ չգան, ցուցմունք կտա Հովհաննես Հարությունյանը, կպատասխանի կողմերի հացերին, որից հետո դատարան կբերեն ամբաստանյալ Արմեն Սարգսյանին: Վերջինիս համար նախ կհրապարակեն դատարանում հնչեցված ցուցմունքների եւ հարցաքննությունների արձանագրությունները, ապա ցուցմունք տալու հերթը ամբաստանյալ Արմեն Սարգսյանինն է:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG