Մատչելիության հղումներ

Նախկինում մերժված օրինագծերի փաթեթը առանց էական փոփոխությունների դրվում է քվեարկության


Զանգվածային լրատվության մասին օրինագիծն ու նրան առնչվող մյուս նախագծերը վաղը քվեարկության կդրվեն՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Զանգվածային լրատվությանն առնչվող օրինագծերի այս փաթեթը մի անգամ արդեն չի անցել նախորդ խորհրդարանում՝ ընդդիմադիրների բոյկոտի արդյունքում:

Օրենքի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը ոչ մի կերպ չհամաձայնեց մինչեւ քվեարկությունը պաշտոնապես ընդունել այն փոփոխությունները, որոնց շուրջ փոխզիջումային համաձայնության են եկել գլխադասային հանձնաժողովի հետ:

Նրա խոսքերով, դրանք կներառվեն առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Բայց կառավարության ներկայացուցիչն այդպես էլ տեղի չտվեց Շավարշ Քոչարյանի համառ հարցերին, թե ի՞նչն է խանգարում դա անել մինչեւ քվեարկությունը:

Աժ գիտության, կրթության, մշակույթի նաեւ լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն էլ համոզված, թե առաջինից երկրորդ ընթերցում կկատարվեն փոփոխությունները: Հատկապես նշեց զանգվածային լրատվամիջոցի՝ հանձնաժողովի աշխատանքային խմբում եւ լրատվամիջոցների օգնությամբ ձեւակերպված սահմանումը, ինչն օրինագծում չկա: Աշոտ Աբովյանը միայն այս մեկն ընդունեց, եւ այն կներառվի նախագծի մեջ քվեարկությունից առաջ: Հանձնաժողովն առաջարկում է իմպերատիվ կարգով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունում լրատվության գրաքննությունն արգելվում է:

Հոդվածում, որտեղ նշված են, թե որ դեպքերում կարող է սահմանափակվել լրատվամիջոցի գործունեությունը, հանձնաժողովն առաջարկում է զուտ սահմանադրական նորմը՝ միմիայն ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում: Որ՝ նույն հոդվածում ամրագրվի լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու եւ մենաշնորհն արգելելու դրույթներ: Լրատվության աղբյուրների բացահայտումը, հանձնաժողովն առաջարկում է, որ տեղի ունենա միայն դատական փակ նիստում: Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը, հանձնաժողովն առաջարկում է, որ ֆինանսավորողների, նվիրատուների անունները չհրապարկվեն, ինչպես օրինագիծն է այժմ պահանջում, բայց տարեկան հաշվետվության հրապարակում, ամեն դեպքում, պետք է լինի:

Հավատարմագրման կարգը, որ նախագիծը վերապահել է իշխանություններին, այդ թվում եւ տեղական իշխանություններին, թե ընդդիմադիր պատգամավորները, հատկապես Վիկտոր Դալլաքյանը, թե հանձնաժողովը, պնդում են, որ պետք է հենց օրենքով սահմանվի:
Հրանուշ Հակոբյանի ձեւակերպմամբ, ունենք բավական ժողովրդավար, լիբերալ օրենքի նախագիծ, իհարկե, չասաց, ա՞յս տեսքով, թե՞ իերնց առաջարկություններն ընդունվելուց հետո: Իսկ այս տեսքով օրինագծում լրատվական դաշտն առաջադեմ է համարում միայն այն, որ լատվամիջոցները չեն գրանցվելու որեւէ պետական մարմնում:

Օտարերկրյա լրատվամիջոցների՝ միայն որպես ձեռնարկատեր գործելու դրույթի առիթով Վիկտոր Դալլաքյանն ու Մանուկ Գասպարյանը փաստարկում են, թե անկախ, հեղինակավոր «Ազատություն» ռադիոկայանին ճնշելու ձեւ է սա: Աշոտ Աբովյանը պատասխանեց, թե ոչ մի խնդիր էլ չկա: Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ իրոք անհանգստացնող է, եւ իրենք այլ ձեւակերպում են առաջարկելու:

Քննարկմանը խիստ պասիվ էր Հանրապետականը: Հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության ժամանակ առավել ակտիվ էին ընդդիմադիր խմբակցությունները: Իսկ «Օրինաց Երկրի» պատգամավորների եւ «Ազգային Միաբանության» անդամ Հմայակ Հովհաննիսյանի ելույթները փոխադարձ վիրավորանքի էին հասնում՝ առանց անուններ նշելու:

Խումբ - ֊խմբակցություններից ելույթ ունեցածների դիրքորոշումներն այսպիսին են. իշխող Հանրապետականը, Դաշնակցությունը եւ «Օրինաց Երկիր»-ը, վերջին հաշվով, կողմ են առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուն եւ մինչեւ երկրորդ ընթերցում բարեփոխելուն: «Ազգային միաբանություն»-ը դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը: «Արդարություն» խմբակցությունը նույնպես, եթե բոլոր առաջարկությունները քվեարկությունից առաջ գրավոր չեն ընդունվում՝ դեմ է քվեարկելու:

Իսկ օրն, ինչպես Մամուլի Ազգային ակումբը խոստացել էր, սկսեց Ազգային Ժողովի պատգամավորական մուտքի շրջափակումով՝ «Ոչ գրաքննությանը» կարգախոսով: Պատգամավորները հիմնականում լուռ անցնում էին: Միայն ԱԺ «Ժողպատգամավոր» խմբից Մկրտիչ Մինասյանը համաձայնեց «Ոչ գրաքննությանը» կարգախոսին, Վազգեն Մանուկյանը գոտեպնդեց՝ ասելով, թե մենք դրել ենք անկախության հիմքերը, դուք շարունակեք:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG