Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները ողջունում են Վատիկանի հետ սերտացող հարաբերությունները


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության պետությունների հետ հարաբերությունների քարտուղար` Վատիկանի արտաքին գործերի նախարար, արքեպիսկոպոս Ժան-Լուի Տորանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ժամանակ խոսվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին: Նշելով, որ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ խնդիրներ գոյություն չունեն, կողմերն արտահայտվել են համագործակցության ընդլայնման օգտին:

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է Սուրբ Աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հաստատված փոխհարաբերությունները: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների եւ բարոյական նորմերի, պաշտպան, աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման ջատագով: Զրուցակիցներն անդրադարձել են Երեւանում Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորություններին :

Վատիկանի արտաքին գործերի նախարար, արքեպիսկոպոս Ժան-Լուի Տորանին ընդունել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանը :

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության ծանուցմամբ, հանդիպման ժամանակ զրույց է ծավալվել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման մասին:

Խոսելով տարածաշրջանային հարցերի մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ սպասվող զարգացումները:

Վ. Օսկանյանը գոհունակություն է հայտնել նաեւ Աշոցքում Վատիկանի հովանու ներքո գործող «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի աշխատանքի առնչությամբ: Ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած այդ հիվանդանոցը գործում է 1991 թվականից եւ նվիրատվությունն է Հռոմի Պապ Ն. Ս. Հովհաննես-Պողոս Բ-ի հայ ժողովրդին՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո:

ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնս. Կլաուդիո ուջերոտտին (նստավայրը Թբիլիսի):

Իսկ սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում արքեպիսկոպոս Ժան Լուի Տորանին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերություններին եւ վստահություն է հայտնել, որ դրանք պետք է շարունակվեն եւ բարի արգասիքներ բերեն երկու եկեղեցիների հավատացյալներին: Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Հայոց Հայրապետը արդյունավետ հովվապետության իր բարեմաղթանքն է հղել Սրբազան Քահանայապետին։

Իր հերթին արքեպիսկոպոս Տորանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հովհաննես Պողոս Բ Պապի ողջույնները:

Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG