Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը եւս հաշվետվություն կներկայացնի հասարակությանը


Ընդամենը 2 օր առաջ մամլո ասուլիս հրավիրել Հայ Հեղափոխական Դաշնակացությունը՝ որպես հաշվետվություն կառավարող կոալիցիայի կազմում իր գործունեության վերաբերյալ: ՀՅԴ-ն նաեւ շեշտադրեց առկա դժվարություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքների ուրվագծերը:

Իսկ ի՞նչ են մտածում կառավարող կոալիցիայի մյուս կուսակցությունները, ի՞նչ ունեն ասելու իրենց համատեղ գործունեության առաջին 100 օրվա վերաբերյալ: Այս հարցերին պատասխանում է Խորհրդարանի հանրապետական փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով,անհեթեթություն է, երբ կոալիցիայի հետ կապված 100 օր են սահմանում: «100 օրը պաշտոնյաներին է վերաբերում, երբ լրագրողները չեն անհանգստացնում նրանց, որպեսզի նրանք մտնեն իրենց գործի մեջ, ճանաչեն իրենց պաշտոնը, իրենց անելիքները՝ կարծիք հայտնելուց առաջ»:

Տիգրան Թորոսյանի խոսքերով, մամուլը կոալիցիայի ստեղծման հենց հաջորդ օրվանից շփվել է քաղաքական կուսակցությունների հետ, եւ իմաստ չունի 100 օր, 20 օր կամ 300 օր սահմանել: «Մենք խնդիր չունենք, դադար վեցնելու, միշտ էլ բաց ենք եղել՝ ցանկացած ժամանակ»:

Իսկ «Օրինաց երկիր»-ն (ՕԵԿ), ըստ էության, ավելի շատ կիսում է Դաշնակցության եւ չի կիսում Հանրապետականի կարծիքը: ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի փոխանցմամբ, «Օրինաց երկիրը» մտադիր է հետեւել Դաշնակացության օրինակին եւ կառավարող կոալիցիայի կազմում իր գործունեության գնահատականները հասարակությանը ներկայացնել:

Սակայն նկատենք, որ հենց «Օրինաց երկիրն» ու Արթուր Բաղդասրայանն են այս ընթացքուըմ ամենից շատ քննադատության արժանացել իրենց գործընկերների կողմից: Եղան նաեւ դրսեւորումներ, որոնք կոալիցիայի ներսում թյուրըմբռնումների տեղիք տվեցին:
Մասնավորապես, այն բանից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը առանց կոալիցիայի մյուս կուսակցությունների հետ համաձայնեցնելու Գեղարքունիքում հայտարարել էր, թե ավանդների վերադարձման համար Խորհրդարանում հանձնաժողով պիտի ստեղծվի:

Բացի այդ, կա առնվազն մեկ խնդիր, որը կարող է փորձության ենթարկել գործող կոալիցիան՝ ստվերելով նրա միասնական գործունեության հեռանկարները: Խոսքը մամուլի այն պնդումների մասին է, թե «Օրինաց երկիր»-ը ու Դաշնակցությունը վարչապետի առջեւ խնդիր են դրել, որ իրենք էլ կարող են հավակնել հայեցողական պաշատոններին, այսինքն ունենալ փոխնախարարներ, վարչությունների պետեր:

Այս առումով, հանրապետական ԱԺ տնտեսական եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ պաշտոններ տալու, վերցնելու խնդիր չկա, իրենք ունեն այլ դիրքորոշումներ, որոնք փոփոխման ենթական չեն:

Գրեթե անկեղծությամբ արտահայտված այս դիրքորոշումից կարելի է հասկանալ, որ պաշտոնների բաժանման նոր փուլում Հանրապետական կուսակացությունն ամենեւին էլ հակված չէ կրավորական կեցվածք ընդունել Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» կողմից ներկայացվելիք թեկնածուների նկատմամբ, ինչը կարող է առավել սրել կոալիցիոն գործընկերների հարաբերությունները :

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG