Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը նոր կրթական վարկ է տրամադրելու Հայաստանին


Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ նախապատրաստում է 18 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ վարկային ծրագիրը՝ առաջիկա հինգ տարիների համար։ Այդ գումարից 3-4 միլիոն դոլարը կծախսվի կառավարության բյուջեից։ 15 միլիոն դոլար արժողությամբ առաջին կրթական վարկային ծրագիրն ավարտվեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Դրանով լուծվել կամ լուծման ընթացքի մեջ են հանրակրթական դպրոցների վարչական ապակենտրոնացման, կրթական համակարգի օպտիմալացման, դասագրքերով ապահովման, տեխնիկական հագեցման ու մի շարք այլ խնդիրներ։

Երկրորդ վարկային ծրագրի առանձնահատկությունների, խնդիրների ու ակնկալվող հիմնական արդյունքների շուրջ այսօր Համաշխարհային բանկում ասուլիս էր հրավիրել բանկի ուսումնական ծրագրերի եւ գիտելիքների գնահատման ու մարդկային ռեսուրսների զարգացման կոորդինատոր Թոբի Լինդենը։ Նրա խոսքերով, նոյեմբերի վերջին երկրորդ կրթական ծրագրի փաստաթղթերը պատրաստ կլինեն ու կներկայացվեն Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը։ Իսկ ծրագիրը կսկսի գործել հավանաբար արդեն հաջորդ տարվա գարնանը, երբ կվավերացվի խորհրդարանի կողմից:

Ըստ պարոն Լինդենի, երկրորդ վարկային ծրագրով հիմնական ծախսերն արվելու են դպրոցներում ժամանակակից տեխնոլոգիաների՝ համակագիչների ու ծրագրային ապահովման միջոցների, ներդրման ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստման վրա։ Այս երկու նպատակների վրա ընդհանուր առմամբ կծախսվի տրամադրվող գումարի երկու երրորդը՝ շուրջ 12 միլիոն դոլար։

Պարոն Լինդենի մատուցմամբ, երկրորդ կրթական ծրագրի տարբեր հարցեր տարբեր կենտրոնացում ունեն, ասենք, ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը իրականացվելու է բոլոր ուսուցիչների համար։ Նոր ուսումնական ծրագրերը կներդրվեն բոլոր դպրոցներում, միաժամանակ, բոլոր ուսումնական օջախներում կկիրառվի ապակենտրոն կառավարման ենթածրագիրը։ Սակայն, Թոբի Լինդենի մեկնաբանությամբ, միջոցները սահմանափակ են, այդ պատճառով, ծրագրի մի շարք բաղադրիչների գծով պետք է կառավարությունը որոշի առաջնահերթությունները, թե որ դպրոցում հատկապես ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն։

Դպրոցներում նոր տեխնոգիաների ներդրման ծրագիրը սկսվել է, որի արժեքը, ըստ Թոբի Լինդենի, 30 միլիոն դոլար է։ «Մենք պետք է աշխատենք, որ արդիական տեխնոլոգիաները հասանելի լինեն նաեւ ամենաաղքատ համայնքների դպրոցներին, ասում է Թոբի Լինդենը,- ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր դպրոց պետք է գոնե նվազագույն թվով համակարգիչներ ստանա»։

Կրթական բարեփոխումների առաջին վարկային ծրագիրը մեկ բառով է բնորոշվել՝ օպտիմիզացիա, իսկ առօրեական լեզվով՝ ուսուցիչների զանգվածային կրճատում։ Սա, իհարկե, չափազանցված է: Այս ուսումնական տարվա սկզբին հանրապետության ուսուցիչների 60 հազարանոց բանակը մոտ 8 տոկոսով կրճատվել է, թեեւ առաջին վարկային ծրագրով ուսուցիչների ուղղակի կրճատումներ նախատեսված չէին։

Պարոն Լինդենի կարծիքով, դպրոցական կրթության արդյունավետությունը կարելի է բարձրացնել նաեւ որոշակիորեն կրճատելով ուսուցիչների քանակը։

«Այսօր հանրապետությունում 1 ուսուցչին ընդամենը 10 աշակերտ է բաժին ընկնում, մինչդեռ, ասենք, եվրոպական երկրներում այդ թիվը 16-18 աշակերտ է»։ Եվ Թոբի Լինդենի խոսքերով, կառավարությունը սկսել է այդ ծրագիրը։ Իսկապես, կենսաթոշակային տարիքի հասած ու ոչ մասնագետ բազմաթիվ ուսուցիչներ ազատվել են աշխատանքից։ Ի՞նչ պետք է արվի այդ մարդկանց սոցիալական ապահովության խնդիրը լուծելու համար հարցին բանկի ներկայացուցիչը պատասխանեց.
-Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը արդեն դիմել է Համաշխարհային բանկին ու երկրորդ կրթական վարկային ծրագրում այդ նպատակով հավանաբար համապատասխան միջոցներ կնախատեսվեն: Այժմ քննարկվում է, թե ինչ ձեւերով ու մեխանիզմներով կարելի է այդ աջակցությունը տրամադրել։

Ըստ բանկի ներկայացուցչի, կրճատված ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել տարբեր ոլորտներին առնչվող ուսուցման ծրագրերի։ Սակայն, նկատենք, որ շատ դժվար կլինի բավականին խորացած տարիքի հասած մարդկանց վերաորակավորել այնպես, որ մեծ գործազրկությամբ բնութագրվող մեր աշխատանքի շուկայում նրանք աշխատանք գտնեն։

Ինչեւէ, կառավարությունը ինչպես եւ Համաշխարհային բանկը խոստանում են, կրթական բարեփոխումների ավարտից հետո, այսնքն 5 տարի անց, մենք կունենանք զարգացող ու մրցունակ կրթական համակարգ՝ միջազգային չափանիշների համապատասխան։ Մինչդեռ, ուսուցիչների աշխատավարձը շատ ու շատ ցածր կլինի այդ չափանիշներից՝ ընդամենը 60-70 հազար դրամ՝ կամ 120 դոլար։ Այս պայմաններում, իհարկե, դժվար է ակնկալել, որ կրթական համակարգը մրցունակ կլինի։

Զարգացած երկրների կրթական համակարգերի բարեփոխման փորձը հուշում է, որ կրթական համակարգի զարգացման ու միջազգային չափանիշներին հասնելու համար, ուսուցչին պետք է վճարել երկրում առկա միջին աշխատավարձի առնվազն եռապատիկը. այսինքն 60 հազար դրամ պետք է վճարել ոչ թե հինգ տարի անց, այլ հիմա:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG