Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը գոհ է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքից


ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է եռօրյա այցով Հայաստանում գտնվող Չինական Ժողովրդական Հանրապետության պատվիրակությանը՝ ՉԺՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լո Գանի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Չինաստանի պատվիրակության ղեկավար Լո Գանի հանդիպումից հետո երկու կառավարությունների միջեւ նամակների փոխանակման ձեւով համաձայնագիր ստորագրվեց, որով Չինական կողմը 5 մլն չինական յուանի անհատույց օգնություն է տրամադրելու Հայաստանին:

Լրագրողական հաշվարկներով մոտ 600 հազար դոլարի այդ
օգնությունը կտրամադրվի ոչ թե դրամական ձեւով այլ նյութերի միջոցով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին փոխանցեց, որ կառավարությունն է որոշելու, թե որ ծրագրով է օգտագործվելու այդ օգնությունը, որը կփոխանցվի մինչեւ տարեվերջ: Հայաստանի կառավարությունը, վարչապետի կանխատեսմամբ, հավանաբար այն կուղղի բնական աղետների՝ կարկտի պատճառած վնասները վերացնելուն, կռծողների դեմ պայքարին: Վարչապետը հաստատեց նաեւ, որ այսպիսի հանդիպումներից հետո հայ֊-չինական գործարար կապերն ակտիվանում են: Այս տարի նախորդ տարիների համեմատ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ մոտ հարյուր տոկոսով ավելացել է, գրանցված են եւ գործում են հայ֊չինական բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ:
Ացը կազմակերպված է հանրապետության վարչապետի հրավերով նաեւ Հանրապետական կուսակցության անունից: Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով ազատություն ռադիոկայանի հարցերին, ասաց, որ հանրապետական կուսակցությունը կապեր է հաստատել Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ, ինչը նպաստում է երկու պետությունների միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերի ամրապնդմանը:

Այս օրերին ԱՄՆ ֊ Հյուսիսային Կարոլինա նահանգից, Արգենտինայից, Ֆինլանդիայից Ազատություն ռադիոկայանը բազմաթիվ էլեկտրոնային նամակներ է ստացել այն մասին, որ Լո Գանի գործունեության ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր: Նաեւ, թե Լո Գանն է իրականացնում 1999-ից Չինաստանում արգելված Ֆալուն Գոնգ հոգեւոր շարժման բազմաթիվ հետեւորդներին (մեջբերում) « բանտ նետելու, կտտանքների ենթարկելու, ոչնչացնելու քաղաքականությունը», եւ որ Ֆինլանդիայում նրա դեմ դատական հայց են նախաձեռնել: Ըստ Էյ Փի գործակալության, Չինաստանի կառավարությունը ժխտում է սպանությունները՝ ասելով, թե որոշ կալանավորներ բանտում մահացել են բուժօգնությունից հրաժարվելու կամ հացադուլի պատճառով:

«Հանրապետական կուսակցությունը, որը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության հիմքի վրա, ինչպե՞ս է կարողանում համագործակցել նման կուսակցության հետ» հարցին
վարչապետ Ադրանիկ Մարգարյանը պատասխանեց.- «Երբեք չի կարելի այլ պետությունների եւ կազմակերպությունների կողմից ամրագրված մեկ դրվագով ստվեր գցել երկու պետությունների հարաբերությունների վրա: Հետեւաբար, եթե ինչ-որ խնդիրներ կան, իրենց իրավապաշտպան կազմակերպությունների հետ, դա ես համարում եմ իրենց ներքին գործը: Այդպիսի պաշտոնական տեղեկություն Հայաստանի Հանրապետությունը չի ստացել, որպեսզի ես կարողանամ այդ հարցը մեր հանդիպումների ժամանակ բարձրացնել»:

Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լո Գանին հարցեր ուղղելու հնարավորություն Հայաստանի լրագրողները կունենան վաղը՝ Զվարթնոց օդակայանում:

ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրության համաձայն, Անդրանիկ Մարգարյանը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից մեր երկրին հատկացվող օգնության համար, ինչպես նաեւ վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը Թայվանի հարցում, ըստ որի Հայաստանը ճանաչում է Թայվանը որպես Չինաստանի տարածքի անբաժանելի մաս:

ՉԺՀ պատվիրակության ղեկավար Լո Գանը եւս նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը երբեք խոչընդոտ չի դարձել հայ եւ չին ժողովուրդների շփումների զարգացմանը: Լո Գանը ընդգծել է նաեւ Հայաստանի եւ Չինաստանի հաջող գործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ իր երկիրը անկեղծորեն սատարում է Հայաստանի ջանքերն անկախ պետականության պահպանման ու զարգացման գործում եւ հարգանքով է վերաբերում մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակի ծանուցման համաձայն, այսօր նաեւ հանրապետության նախագահն է ընդունել չինական պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերությունները, արտաքին քաղաքական խնդիրներ, անդրադարձել են նաեւ երկկողմ տնտեսական գործակցությանը: Հայաստանի նախագահի խոսքով, այսօր արդեն իրականացման փուլում են մի շարք հետաքրքիր ծրագրեր, հաջող է ընթանում նաեւ երկու երկրների գիտնականների համագործակցությունը:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG