Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նախնական զեկույցը «դրական» է


Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, Հայաստանի ստանձնած պարտավորությունների շուրջ մոնիտորինգի հանձնաժողովը դրական նախնական զեկույց է ներկայացրել Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովին:

Սեպտեմբերի 10-ին Փարիզում կայացած նիստում զեկույցը ներկայացրել է Հայաստանի հարցով զեկուցող Ռենե Անդրեն Անդրեն (Ֆրանսիա):

Ինչպես ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում փոխանցեց հանձնաժողովի նիստին մասնակցած Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), նախնական զեկույցի ընդհանուր հաստատումը հետեւյալն էր. - «Հայաստանը իսկապես շատ լուրջ վճռականություն է դրսեւորում իր ստանձնած պարտավորությունները կատարելու առումով եւ այդ ուղղությամբ բավական լուրջ քայլեր է իրականացրել արդեն»:

Ռուստամյանը ավելացրեց, թե նշվել է, որ կատարված քայլերը հույս են ներշնչում, որ մոնիտորինգի հանձնախմբի օգոստոսյան այցի ժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից տրված մյուս խոստումները նույնպես «կիրականացվեն լիաժեքորեն եւ ամբողջությամբ»:

Ռուստամյանի փոխանցմամբ, առանձին անդրադարձ է եղել հայաստանյան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին:

«Այդ հարցով որոշում էր կայացվել, որ պետք է երկու մոնիտորինգի խմբերը զեկույցներ ներկայացնեն՝ հետընտրական շրջանը քննելու առումով»: - Ռուստամյանը նկատի ունի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակության (Ագոյի խումբ) հուլիսյան եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի օգոստոսյան առաքելությունները: - «Նրանք անդրադարձան, որ այս խնդրով հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, նաեւ պաշտոնատար անձանց հետ եւ ստացել են այն հավաստիացումները, որ այն դիտողությունները, որ ժամանակին կատարել են դիտորդական առաքելությունները, հաշվի կառնվեն»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ժողովրդավարական ընտրությունների իմաստով թեկուզ ոչ կոնկրետ, բայց թերեւս ամենակարեւոր պարտավորությունըՀայաստանը, ըստ զեկույցի, կատարե՞լ է, թե՞ ոչ, Ռուստամյանը բառացիորեն ասաց. - «Հիմա ընթացքի մեջ են դրանք: Պարտավորությունների հետ այս խնդիրը առնչվում է այնքանով, որ նոր հարցեր են առաջացել ընտրություններից հետո»:

Իսկ հարցին, թե կարո՞ղ է սեպտեմբերի վերջին բացվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին այս զեկույցի հիման վրա դրվել Հայաստանի անդամակցության հարց այս կառույցին, Ռուստամյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի հիման վրա այդպիսի հարց դրվի, որովհետեւ զեկույցը այդպիսի տրամաբանական հիմք չի տալիս: Բայց պրոցեդուրան այնպիսին է, որ երբեք դա չես կարող արգելել»:

Նրա բացատրությամբ, ըստ ընթացակարգի, 5 երկրներ ներկայացնող 10 պատգամավորներ կարող հարց բարձրացնել ու մտցնել օրակարգ:

Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում հնչած զեկույցի նախնական մյուս գնահատականներից են. մահապատժի վերացմանն առնչվող Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումը, բնականաբար, ողջունվել է, թեեւ զարմանք է հարուցել ներման արժանացած մահապարտների դժգոհությունը,
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը պետք է ընդունվի եղած օրենքների շրջանակներում թեկուզ՝ անկախ սպասվող սահմանադրական փոփոխություններից, այլընտրանքային զինծառայությունը պետք է օրենսդրորեն ընդունվի ոչ թե զինվորական, այլ որպես քաղաքացիական ծառայություն:

Նիստում նաեւ անակնկալ է եղել. հաշվի առնելով, որ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ դանդաղում են ժողովրդավարական զարգացման տեմպերը, իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, հոլանդացի Յուրգենսը առաջարկել է, որպեսզի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան լիագումար նիստում հրատապ քննարկում սկսվի «ժողովրդավարական կառույցների գործունեությունը Հարավային Կովկասում» թեմայով:

Արմեն Ռուստամյանը վեհաժողովի աշնանային լիագումար նիստում հարցը քննարկելն անընդունելի է համարում՝ ասելով, թե առավել ճիշտ կլինի, որ դա արվի Ադրբեջանի եւ Վրաստանի ընտրություներից հետո:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG