Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ահաբեկչությունը ժամանակ ու տարածություն չի ճանաչում, չունենալով նաեւ վաղեմության ժամկետ: Սեպտեմբերի 11-ը նորովի է հիշեցնում հակամարդկային ու տրամաբանությանը հակասող այդ երեւույթի անբնականության մասին», - անդրադառնում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Այն, ինչ կատարվում է հակառակ ու ընդդեմ մարդկային բանականության, չի կարող հիմնավորվել զգացմունքի թելադրանքով: Քանզի մարդկային զգացմունքը չպետք է սպանող ու ոչնչացնող էություն ունենա»: «Գոլոս Արմենիի» թերթի ձեւակերպմամբ՝ երեսպաշտորեն «համաշխարհային չարիք» անվանվող արյունոտ ու տգեղ երեւույթը ընդամենը այն իրական չարիքի հետեւանքն է, որը հանդես է գալիս գլոբալացման կերպարով: Ըստ մեկնաբանի, Արեւմուտքի փորձերը՝ ճզմել տասնյակ ժողովուրդների դարավոր ավանդական կենսակերպը, անխուսափելիորեն պիտի հանգեցնեին լրջագույն բարոյական ճգնաժամի, ինչին եւ ականատես ենք: «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով էլ՝ «համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի» կողմնակիցներն իրենք են տառապում ծայրահեղականությամբ, որից, ինչպես հայտնի է, միշտ էլ ծնունդ է առնում ահաբեկչություն կոչվող երեւույթը: «Այն նոր դարաշրջանը, որի մեջ մտավ մարդկությունը ԱՄՆ-ում տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո, իրականում շատ ավելի բարդ, բազմաշերտ, բազմագործոն ու բազմագույն է, քան 2 տարի առաջ ԱՄՆ նախագահի հռչակած «մենք եւ նրանք» բանաձեւը», - գրում է մեկնաբանը: - «Աշխարհը ցանկանում է ապրել իր երփներանգ բազմազանության ողջ ճոխության ներդաշնակության մեջ` համաշխարհային ահաբեկչության երկինք բարձրացվող, բայց այդպես էլ չհայտնաբերվող խրտվիլակների դեմ պայքարի խնդիրը տեղափոխելով նրան ծնունդ տվող իրական, խորքային պատճառների հաղթահարման հարթություն»: Ամեն դեպքում, սեպտեմբերի 11-ի որոշակի հետեւանքներից «Հայոց Աշխարհ»-ում ուրվագծված է. - «Տարածաշրջանային առումով եւս սեպտեմբերի 11-ի հետեւանքները հանգեցրին միաբեւեռ թելադրանքի փոխարեն «պատասխանատվություն կիսելու» մոդելի փնտրտուքին, որը, սակայն, նշանավորելու է ոչ թե վերադարձը դեպի ավանդական՝ ազդեցության գոտիները, այլ հանգեցնելու է մեր տարածաշրջանը ազդեցության կոնկրետ ոլորտների բաժանելու քաղաքականության որդեգրմանը՝ աշխարհի հզորների կողմից»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, սեպտեմբերի 11-ը էական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա. - «Միացյալ Նահանգները արդեն ավելի ակտիվ քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ Նահանգները առաջին հերթին շահագրգիռ է լինելու Ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմամբ: Ես կարծում եմ, որ դա իրեն զգացնել կտա մինչեւ տարեվերջ», - ասում է քաղաքագետը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում: - «Հայաստանը շուտով ստիպված կլինի վարել ակտիվ արտաքին քաղաքականություն»:

«Ժամանակավոր հանձնաժողովների միջոցով հասարակությանն առավել հուզող այս կամ այն խնդիրն ուսումնասիրելու գործելաոճը նորություն չէ Ազգային ժողովի համար։ Թեեւ ուսումնասիրությունների հիման վրա եղել են բազմաթիվ հայտարարություններ յուրացված միջոցների, թույլ տրված խախտումների կամ կամայականությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, դրանք այդպես էլ ոչինչ չեն տվել», - արձանագրում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը: - Նախորդ խորհրդարանում էլ, օրինակ, գրեթե երկու տարի գործեց ավանդների վերադարձման հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով՝ ներկայիս ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ: «Եվ առանց այս նոր հանձնաժողովի էլ արդեն պարզ է, որ խնդրի լուծումը լավագույն դեպքում հնարավոր է ակնկալել երկարաժամկետ հատվածում։ Խոսքը տասնյակ տարիների մասին է։ Անգամ եթե պետական բյուջեից այդ նպատակին հատկացվի տարեկան 25 մլն դոլար, որը մեր բյուջեի համար պատկառելի գումար է, ապա ավանդներն ամբողջությամբ վերադարձնելու համար կպահանջվի 40 տարի։ Այնպես որ, եթե իսկապես կա նպատակ վերադարձնել ավանդները, ապա, ելնելով պետության հնարավորություններից, պետք է պարզապես ընդունել քաղաքական որոշում եւ ոչ թե ստեղծել հանձնաժողով», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Ամենայն հավանականությամբ, մեր կառավարությունը զուր է վատնում օտարերկրյա գրանտները ու իր թանկարժեք ժամանակը՝ կոռուպցիայի դեմ ռազմավարություն մշակելով։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ու, առավել եւս, նախագահին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդականի պաշտոնի ստեղծումը եւս անօգուտ ու ավելորդ է». - այս եզրակացության հիմքեր «Առավոտ» թերթը մատնանշում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արտահայտություններում, թե՝ «Մեզ մոտ պատահում են կաշառակերության եւ պետական ունեցվածքի հանդեպ ոտնձգության առանձին դեպքեր։ Իսկ կոռուպցիան դասական իմաստով ինչ-որ չափով այլ հասկացություն է եւ ենթադրում է բազմաստիճան համակարգ, հանցագործության «խմբակային» կոծկում եւ այլ առանձնահատկություններ»: Ըստ Սերժ Սարգսյանի՝ հենց այդ բազմաստիճան համակարգն ու հանցագործության խմբակային կոծկումը մեր հարազատ Հայաստանում գոյություն չունեն։ «Այնպես որ հիմա պետք է ստեղծել պարզապես կաշառակերության դեմ պայքարի կառույցներ», - հեգնանքով բխեցնում է «Առավոտ»-ը։ - «Ընդ որում, դրանք պիտի անհամեմատ շատ լինեն, յուրաքանչյուր կաշառակերին՝ մեկ հանձնաժողով։ Քանզի կաշառակեր պաշտոնյաներն անթիվ են»:

Այսօր լրանում է կոալիցիոն կառավարության 100 օրը: Չնայած կոալիցիայի երեք ուժերն աշխատում են միմյանց նկատմամբ հնարավորինս սիրալիր լինել, սակայն մամուլը պարբերաբար արձանագրում է կոալիցիայի ներսում տեղի ունեցող հերթական, ըստ կոալիցիայի ուժերի, առայժմ դեռ թյուրըմբռնումները: «Մասնավորապես», - թարմ հետքերով այսօր առանձնացրել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «երեկ ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ոտքի վրա «Օրինաց երկիր»-ի նախագահ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հասկացրեց, որ չի պատրաստվում խաղալ նրա թելադրած խաղի կանոններով եւ թույլ չի տա, որ նա իր փոխարեն որոշումներ կայացնի»: Խոսքը խորհդրարանում վարչապետին որոշակի ձեւի ասուլիսներ պարտադրելու մասին է: Արձանագրվում է Անդրանիկ Մարգարյանի կտրական արձագանքը իրեն եւս հրահանգավորելու փորձերին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG