Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը կոչ է անում վերացնել մենաշնորհը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում իր մտահոգությունը փոխանցեց Հայաստանի կապի ոլորտում տիրող վիճակի, «ԱրմենՏել»-ի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։

Ռոբինսոնը, մասնավորապես, ասաց, թե անհանգստացնող է հատկապես այն անորոշությունը, որ ստեղծվել է Հայաստանի կառավարություն - «ԱրմենՏել» բաց ժողովից հետո։

Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի թերություններից Ռոբինսոնը առանձնացրեց միջազգային եւ շարժական հեռախոսակապերի, ինտերնետ ծառայությունների բարձր սակագները:

Հեռահաղորդակցության բնագավառը, Ռոբինսոնի խոսքերով, Համաշխարհային բանկը դիտում է իբրեւ երկրի զարգացման պորտֆելի մաս:

«Հատկապես նոր բարձրացող այնպիսի երիտասարդ ոլորտ, ինչպիսին համակարգչային ծրագրավորումն է, պահանջում է չափազանց լավ որակի կապ», - ասաց նա՝ ավելացնելով, որ կապի ոլորտի ընկերությանը տված բացառիկ մենաշնորհը խանգարում է դրան։

Ռոբինսոնը շեշտեց, որ հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի հեղափոխությունը հիմք է տալիս ասելու, որ այդ բնագավառում մենաշնորհ ունենալը, ըստ էության, ոչ իրական է, ոչ էլ օրինական:

Համաշխարհային բանկը, փաստորեն, եւս կողմ է «ԱրմենՏել»-ին տրված բացառիկ մենաշնորհը վերացնելուն ու այդ բնագավառում մրցակցության տարրեր ներմուծելուն։ Ռոջեր Ռոբինսոնը դժվարացավ որեւէ կանխատեսում անել կառավարության եւ «ԱրմենՏել»-ի միջեւ առկա վեճի հնարավոր ելքի առնչությամբ:

«Իհարկե, OTE-ն կարող է վաճառել «ԱրմենՏել»-ում իր բաժնեմաս հանդիսացող բաժնետոմսերը, բայց կարծում եմ, որ թե ժամանակային եւ թե լուծումների բովանդակության առումով պետք է որոշ ժամանակ հապաղել եւ ընդունելի համաձայնության գալ լիցենզիոն պայմանագրի պայմանների հարցում», - ասաց նա։

Այդուհանդերձ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ակնարկեց, թե ցանկալի չէ, որպեսզի Հայաստանի կառավարություն - «ԱրմենՏել» վեճի արդյունքում մի բացաձակ մենաշնորհը փոխարինվի մեկ այլ՝ ըստ էության նույնաբնույթ մենաշնորհով։

«Բանկի համար ընդունելի է լիցենզիոն համաձայնագրի այնպիսի վերանայումը, երբ կթույլատրվի կապի նոր օպերատորների մուտքը Հայաստան», - շեշտեց Ռոբինսոնը:

Մինչդեռ, մամուլում տեղեկություններ կան, թե կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի կապի ոլորոտում ներդրումներ անել ցանկացող մի քանի ընկերությունների հետ՝ իհարկե, «ԱրմենՏել»-ին կապի բացառիկ մենաշնորհից զրկելուց հետո։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG