Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ընդգծմամբ՝ մահապատժի վերացման հարցում Հայաստանի ղեկավարությունը ժամանակ էր ձգում ոչ այն պատճառով, որ սպասում էր մինչեւ հասարակությունը հասունանա եւ ընդունի եվրոպական արժեքները: Եվ ոչ էլ «Հոկտեմբերի 27»-ի դատարությունը արագացնելու նպատակով, այլ՝ միայն սեփական վերընտրման հետ կապված պոպուլիստական նկրտումներով: «Կարելի է վստահաբար ասել, որ մեր բավականին արյունատենչ հասարակությունը դժվար թե մոտ ապագայում հավանություն տա մահապատժի վերացմանը», - նշում է «Առավոտ»-ը: - «Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջին ամիսներին մեր իշխանությունների փոփոխական կարծիքները համապատժի վերացման հարցի մասին հաստատեցին շատերի այն մտավախությունը, թե մեզ, իրոք, պարտադրում են եվրոպական «ժյուլյենը», երբ մենք ու մեր իշխանությունները քյաբաբի ախորժակ ունենք»:

«Այս մի խորհրդարանն իր մեծամասնությամբ շատ ավելի հլու-կամակատար է, քան նախկինը», - երեկվա քվեարկության հետքերով որակում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ամփոփելով. - «Այսպիսով, «Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին» եւս մեկ խոչընդոտ հաղթահարվեց։ Ըստ ամենայնի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանում խայտառակ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացրած Հայաստանի նկատմամբ մի քիչ ավելի բարեհաճ կլինեն»։

«Երբ ընտրությունների մասին են խոսում՝ ազգային մենթալիտետն են հիշում, երբ խոսքը գնում է մահապատժի վերացման մասին, հիշում են պետական շահը», - «Այբ-Ֆե» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ հակասություններ է մատնանշել «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: - «Եվրոպական արժեքներից ու պետության շահից խոսում են մարդիկ, ովքեր արդարացնում են այդ կեղծիքներն ու բռնությունները: Եթե գնում ենք եվրոինտեգրման եւ դավանում ենք համամարդկային արժեքներ, պետք է սկսենք նրանից, որ ժողովուրդը ինքը կարողանա ձեւավորել իշխանություն, ոչ թե մի խումբ մարդիկ բռնազավթեն այն»: Անդրադառնալով «Արդարություն» դաշինքի առաջարկին՝ մահապատժի վերացման հարցը դնել հանրաքվեի, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Եթե խնդիրը դրվեր հանրաքվեի, ամբոխահաճո շահարկումների պատճառով այն կարող էր եւ տապալվել: Այդպես է եղել շատ երկրներում, քանզի մահապատժի հարցն իրավականից բացի, ունի նաեւ կենցաղային հնչեղություն: Նման կենցաղային տրամադրությունները սովորաբար հանրության մեջ գերիշխող են եւ դրա պատճառով էլ սա հանրաքվեի միջոցով լուծելիք հարց չէ»: Միեւնույն ժամանակ Վահան Հովհաննիսյանը հարցազրույցում ընդգծում է. - «Սա լուրջ քայլ է ընտրություններից հետո Եվրախորհրդի հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Բայց դա չի նշանակում, թե այս հարցի լուծումով ընտրությունների ժամանակ եղած թերությունները կարող են կոծկվել: Եթե այդ թերությունների համար մեզ քննադատում են, նշանակում է` դրանք շտկելու ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռարկել»:

Եվրոպամետ մեկ այլ ընթացքի անդրադառնալով, «Այբ-Ֆե» թերթը գրում է. - «Երեկ խորհրդարանը քվեարկեց, որ օմբուդսմենին նշանակի Քոչարյանը, եւ իրոք ստացվեց, որ ով էլ լինի ՀՀ օմբուդսմենը, հանդիսանալու է Քոչարյանի կցորդը: Այսինքն, մենք ոչ թե օմբուդսմեն ենք ունենալու, այլ վերստին ունենալու ենք նախագահին առընթեր մարդու իրավունքների «պաշտպան», որն արդեն լավ գիտեք, թե իրենից ինչ է ներկայացնում: Մենք Եվրոպային ու ինքներս մեզ կխաբենք, թե օմբուդսմեն ունենք, իսկ իրականում կունենանք մի բան, որը չեղածից էլ ավելի վատ է, քանի որ, արդեն կյանքի փորձից գիտենք, որ մեր օմբուդսմենը ոչ թե զբաղվելու է անպաշտպան մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, այլ ճիշտ հակառակը, անխոնջ զբաղվելու է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը կոծկելով»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթն այսօր խորհրդարանական վերջին զարգացումներից որոշակի տարակուսանքով առանձնացրել է այսպիսի դիտարկում. «Արդարություն» դաշինքը մի կողմից կարծես փորձում է համագործակցել իշխանության հետ, համենայն դեպս՝ միանում են նրանց հեղինակած օրինագծերին կամ համաձայնում, որ նրանք միանան իրենց հեղինակածին: Մյուս կողմից, նույն ուժերին համարում են իշխանությունը բռնազավթածներ, որոնցից անհրաժեշտ է ազատվել»:

Էներգետիկ բաշխիչ ցանցերի վաճառքի պայմանագրով, վեցամսյա ժամկետում սեփականատերը պետք է ներկայացներ առաջին մեկ տարվա համար նախատեսվող ներդրումային ծրագիրը։ «Մինչ օրս, սակայն, դա չի արվել», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Եվ հիմքեր կան ենթադրելու, որ ընկերությունը դիտավորյալ ձգձգում է համակարգում ներդրումների իրականացումը, իսկ դրա դեմ պատժամիջոցներ չկան: Բացի այդ, առայժմ անորոշ կարգավիճակով մի փաստաթղթով ընկերությունն առաջիկա մեկ տարվա համար ներկայացրել է ընդամենը 4,2 մլն դոլար ներդրումների ծրագիր։ Այն դեպքում, երբ մինչմասնավորեցման ժամանակահատվածում խոսվում էր համակարգում 150-200 մլն դոլար ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին։ Եթե ընդամենը 4,2 մլն դոլարով հնարավոր էր պահպանել ընկերության անխափան գործունեությունը, ապա դժվար է ասել, թե ժամանակին ինչի մասին էին խոսում էներգահամակարգի պատասխանատուները՝ հայտարարելով, թե առանց խոշոր ներդրումների այլեւս անհնարին է ցանցերի անխափան աշխատանքի ապահովումը... Ստացվում է, որ նրանք կամ լավ չէին պատկերացնում իրավիճակը, կամ էլ դիտավորյալ թյուրիմացության մեջ էին գցում հասարակությանը», - եզրափակում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG