Մատչելիության հղումներ

Հերթական անգամ մեկնարկեցին ԱՄՆ-ի կրթական փոխանակման ծրագրերը


Միացյալ Նահանգների դեսպանատանը այսօր հրավիրված ասուլիսում ազդարարվեց ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի հերթական մեկնարկը, ներկայացվեցին այդ ծրագրերում տեղի ունեցած փոփոխությունները:

Միացյալ Նահանգների կառավարությունը իր բյուջեից ամեն տարի 10-12 միլիոն դոլար է հատկացնում՝ հայ ուսանողներին, դպրոցականներին եւ գիտնականներին հնարավորություն տալով ամերիկյան կրթական ու գիտական հաստատություններում իրենց ուսումնական կամ գիտահետազոտական ծրագրերն իրագործելու նպատակով: Ընդամենը գործում է 11 ծրագիր:

1992 թվականից ի վեր շուրջ 1200 հայաստանցի է մասնակցել այդ ծրագրերին: Վերադառնալով Հայաստան՝ նրանց մեծ մասը ստացած գիտելիքները ու փորձառությունը գործադրում է կրթության, գիտության, հանրային կառավարման, առողջապահության, բիզնեսի եւ բազմաթիվ այլ բնագավառներում:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնակատար Վիվիեն Ուոլքերի փոխանցմամբ, թեեւ Հայաստանը համեմատաբար վերջերս է ներգրավվել 50 տարուց ավելի ամբողջ աշխարհում իրականացվող այդ ծրագրերի մեջ, այդուհանդերձ ակտիվության, ինչպես նաեւ ստացվող միջոցների ծավալների առումով առաջնակարգ դիրքեր է զբաղեցնում. այս կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանին նույն կարգի միջոցներ են հատկացվում, ինչ Չինաստանին:

Ուոլքերը ասաց, որ հատկացվող միջոցների ծավալը այս տարի չի փոխվի, սակայն փոփոխության կենթարկվի դրանց հատկացման կարգը:

«Այժմ կրթական փոխանակման ծրագրերի համար բյուջետային հատկացումները կատարվելու են ոչ թե Հայաստանին տրվող ընդհանուր օգնության ծրագրերի բյուջեից, այլ ուղղակիորեն տրամադրվելու են Հայաստանին ԱՄՆ պետքարտուղարության կրթության եւ մշակույթի բաժնի կողմից», - ասաց Վիվիեն Ուոլքերը՝ ավելացնելով, թե դա որեւէ կերպ չի անդրադառնա իրականացվող ծրագրերի որակի, դրանց իրականցման բնույթի վրա:

Ամերիկյան կրթական հաստատություններում հայ ուսանողները եւ դպրոցականները սովորում են ոչ միայն պետական կառույցների, այլեւ ոչ պետական կազմակերպությունների՝ առաջին հերթին «Աքսելս»-ի օժանդակության շնորհիվ: «Մասկի» ծրագրով, օրինակ, Հայաստանի բուհերն ավարտած մինչեւ 40 տարեկան մասնագետներ ամերիկյան համալսարաններում ստանում են մագիստրոսի կոչում: Ըստ «Աքսելս»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռեյ Ռիդերի, այս ծրագրով մասնագետներից յուրաքանչյուրի ուսուցման վրա ծախսվում է մինչեւ 70 հազար դոլար:

«Մասկի» ծրագրով Հայաստանին այս տարի հատկացված 30 տեղի համար եղել է 400-ից ավելի դիմում: Այս ծրագրի պարտադիր պահանջներից է, որ ավարտելուց հետո շահառուն պարտավոր է վերադառանալ եւ աշխատել Հայաստանում: Ռիդերի խոսքերով, չնչին են դեպքերը, երբ մասնակիցը չի վերադառնում Հայաստան: Քիչ չեն, սակայն դեպքերը, երբ Միացյալ Նահանգներում սովորելուց հետո այդ մարդիկ Հայաստանում աշխատանք չգտնելով, մեկնում են Եվրոպա կամ Ռուսաստան:

Գործող ծրագրերից է նաեւ «Ֆլեքս»-ը, որի շրջանակներում հայ դպրոցականները մեկ տարի սովորում են ամերիկյան դպրոցներում՝ բնակվելով ամերիկյան ընտանիքներում: 1999 ի վեր ամեն տարի 50 հայ դպրոցականներ են օգտվել այդ ծրագրից:

Գիտահետազոտական ոլորտում համագործակցությունն իրականցվում է «Ֆուլբրայթ» ծրագրով: 1999 թվականից ի վեր այդ ծրագրի շահառուներ են դարձել 43 հայ գիտնականներ: 27 ամերիկացիներ նույն ծրագրի շրջանակներում աշխատել են Հայաստանի տարբեր բուհերում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG