Մատչելիության հղումներ

Կառավարության իրավախորհրդատուն պարզաբանում է բաց ժողովից հետո հնարավոր զարգացումները


Ամենայն հավանականությամբ, երկու շաբաթ հետո Հայաստանի կառավարությունն ընդդեմ «ԱրմենՏել»-ի երկրորդ բաց ժողովը նախագահած Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը կառավարությանը կներկայացնի իր եզրակացությունը:

«Բաց ժողովի նախագահողի եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի», - շաբաթ օրը պարզաբանեց Հայաստանի կառավարության իրավախորհրդատու, բաց ժողովում կառավարության ներկայացուցիչ Վահե Յակուբյանը: - «Կառավարությունը պարտավոր չէ հետեւել այդ եզրակացությանը: Կարող է նկատի առնել այն՝ մասամբ կամ ամբողջությամբ: Կամ՝ նկատի չառնել ընդհանրապես»:

Յակուբյանի խոսքերով, եթե լիցենզավորված կողմը կառավարության որոշմանը համաձայն չէ, պարտավոր է 60 օրվա ընթացքում հարցերը լուծել կառավարության հետ. - «Եթե այդ խորհրդակցությունների արդյունքից գոհ չէ, իրավունք ունի հարցը հղելու արբիտրաժ... Այդ արբիտրի որոշումը կարելի է վիճարկվել [կողմերից մեկի պահանջով] Հայաստանի դատարանում: Վերջնական խոսքը կմնա Հայաստանի դատարանին»:

Բաց ժողովում լսումների ժամանակ, սակայն, «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը հայտարարել է, որ իրենք դիմելու են միջազգային դատարան եւ այնտեղ արդեն OTE-ն է ընդդիմախոսելու: Այդ դեպքում խնդրո առարկան կարող է միայն գնման պայմանագիրը լինել:

«Առուվաճառքի պայմանագիրը բոլորովին կապ չունի այս պրոցեսի [բաց ժողովի] հետ: Առուվաճառքի պայմանագիրը ստորագրված է չորս կողմերի միջեւ՝ Հայաստանի կառավարություն, այդ ժամանակ «ԱրմենՏել»-ի 49 տոկոսի բաժնետեր TWT ընկերություն, «ԱրմենՏել» եւ OTE: Այդ պայմանագրի մեջ Հայաստանի կառավարության մասնակցությունը իբրեւ կոմերցիոն կողմ էր եւ զիջել էր իր սուվերենությունը: Նույնը չէ լիցենզավորման պարագայում»:

Նախկինում OTE-ի հարկային պարտավորությունների հետ կապված հարցը լսվել է թե' Լոնդոնի արբիտրաժային դատարանում, թե' Հայաստանի դատարաններում, եւ Հայաստանի կառավարությունը 8 մլն 250 հազար դոլարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ առուվաճառքի պայմանագիրը եւ թիվ 60 լիցենզիան տարբեր փաստաթղթեր են: Յակուբյանի խոսքերով, լիցենզիան պայմանագրի մի մասն է. պայմանագրում նշված չէ, թե պայմանագիրը գերադաս է լիցենզիայի պայմանների համեմատ:

Այսպիսով, եթե բաց ժողովը նախագահողի եզրակացությունից հետո կառավարությունը «ԱրմենՏել»-ի նկատմամբ վարչական պատժամիջոցներ կիրառելու, լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին որոշում կայացնի, ապա՝ «վարչական պատժամիջոցը կիրառելի է որոշումից անմիջապես հետո»: «Եթե այդ որոշումը վիճարկելու տրամադրություն ունի «ԱրմենՏել»-ը կամ OTE-ն, իրենք կներկայանան արբիտրաժում՝ վնասի հատուցում պահանջելով», - ասաց Յակուբյանը:

Անդրադառնալով Վասիլակիսի հայտարարությանը, թե բաց ժողովի գործընթացներն ու արդյունքները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանում գործող այլ ներդրողների տրամադրությունների վրա, Յակուբյանը ասաց, թե գործընթացի նպատակը ոչ թե «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելն է, այլ Հայաստանում կատարվող բոլոր ներդրումները պաշտպանելը:

«Հայաստանում կան բազմաթիվ ներդրողներ», - ավելացրեց Յակուբյանը, - «որոնց աճը սահմանափակվում է «ԱրմենՏել»-ի պատճառով»: Նրա փոխանցմամբ, այլ ներդրողները կառավարության վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով «ԱրմենՏել»-ի հարցի լուծումը:

Հայաստանում կապի որակը չի բավարարում ոչ երկրի բնակչությանը եւ ոչ էլ օտարերկրյա ներդրողներին, ուստի գերխնդիրը միջազգային չափանիշներին համապատասխանող հեռահաղորդակցության բավարար մակարդակ ապահովելն է: Հետեւաբար, ըստ Յակուբյանի, կառավարության այս քայլը պետք է դիտարկել ոչ թե «ներդրողների դեմ, այլ՝ ներդրողներին պաշտպանելուն ուղղված քայլ»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG