Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գալիս են ծանր ժամանակներ» վերնագրով «Հայկական ժամանակ» թերթն այսօր անդրադառնում է որ թե ներքաղաքական բոհեմի նիստուկացին, այլ բուն կյանքին: «Հայաստանի բնակչությունը շունչը պահած սպասում է գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի՝ հաջորդ տարի նախատեսվող թանկացմանը», - գրում է մեկնաբանը: - «Եթե ընդամենը մակերեսային դիտարկմամբ թվում է, թե 25 դրամանոց էներգիայի, ասենք, 30 դառնալու ազդեցությունը մեր կյանքի վրա այնքան էլ մեծ չէ, ապա փոքր-ինչ խորը հաշվարկները ցույց են տալիս, որ էներգակիրների թանկացումը բավական ուժեղ հարված է հասցնելու բոլորին»: Հայաստանում թողարկված արդյունաբերական միավոր արտադրանքի գնի մեջ մոտ 8,5 տոկոսը կազմում է էներգետիկ ծախսը, բնական գազի դեպքում էլ այդ ծախսը 13 տոկոս է: «Տնտեսությունն ուղղակի ցնցվելու է, եւ տնտեսական աճի տոկոսներ նկարելն էլ չի փրկի», - կանխատեսում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Բնակչությունը նվազեցնելու է ապրանքների սպառման ծավալները, ինչն էլ իր հերթին խիստ բացասաբար է ազդելու տնտեսության վրա»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի գնահատմամբ, մեր պետությունը մինչ օրս գոնե նվազագույն մակարդակով որեւէ բարեփոխում չի իրականացրել: Տարբեր սեփականաշնորհումներն ու սոցիալական ոլորտի, էներգիայի, ջրի, գազի մատակարարման ոլորտների վերափոխումները խթանել են մաֆիական-կլանային կազմակերպությունների հզորացումը, իսկ երկրի բնակչությանը միայն վնասել են: «Երեք տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե տնտեսական աճի ցուցանիշները եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման կզգացվեն բնակչության սպառողական հնարավորություններում: Դա, մեղմ ասած, չեղավ», - գրում է մեկնաբանը: - «Եվ այսօր ներկայացվող աճի թվերն էլ Հայաստանի բնակչության կյանքը բնավ չեն բարելավում: Դրանք ոչ թե տնտեսական, այլ կլանային ցուցանիշներ են»:

«Առավոտ» թերթի արձանագրմամբ, եվրոպացիների համբերությունն արդեն սպառվել է. - «Այն աստիճանի, որ ԵԽ ներկայացուցիչներն արդեն չեն կարողանում իրենց զսպել, երբ հայերը հանկարծ սկսում են քննարկել այս կամ այն ստանձնած պարտավորությունը կատարել-չկատարելու հնարավորությունը, դրա համապատասխանությունը մեր ազգային խառնվածքին, ընդ որում՝ հընթացս եվրոպացիներից մեր հանդեպ բացառիկ վերաբերմունք պահանջելով։ Ոչ մի բացառություն չի լինի։ Անգամ եթե հայաստանյան հասարակության մի մասը դեմ է մահապատժի վերացմանը կամ կրոնական ու սեռական փոքրամասնությունների օրինականացմանը։ Եվրոպացիները թքած ունեն դրա վրա։ Եթե մտել ենք ակումբ, անվերապահորեն պիտի կատարենք այդ ակումբի օրենքները», - իրավիճակ ու մոտեցում է ամրագրում «Առավոտ»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթը եւս այսօր ձեւակերպում է. - «Եվրոպացիներն այլեւս համբերելու ցանկություն չունեն: Հիմա, ինչպես ասում են, էլ տեղ չկա, վերջ, որոշեք՝ մնո՞ւմ եք եվրոպական կառույցի մեջ, թե՞ ոչ»։ Այս ձգձգումների համար «Հայոց Աշխարհ»-ը մեղադրում է ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին: Ինչ վերաբերում է իշխող կոալիցիային, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում հավաստիացնում է, որ դրա մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Անդրադառնալով, մասնավորապես, կոալիցիայում քննարկվող խնդրին, որ փոխնախարարական ու այլ բարձր պաշտոնները եւս պետք է բաժանել հաստատված համամասնությունների համաձայն, Թորոսյանը նշում է. - «Կոալիցիայի ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվել է, եւ առաջացել են լուրջ տարաձայնություններ, ինչը եւս բնական է։ Քննարկումը չի ավարտվել, եւ այս հարցին առաջիկայում եւս անդրադառնալու ենք։ Համոզված եմ, որ անգամ տարաձայնություններ առաջացրած հարցերի շուրջ խոսակցությունները կոալիցիոն առողջ հարաբերությունների վկայությունն են»։

Բարձրաստիճանների բախման դաշտից «Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցում է. - «Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Մանվել Եգանյանի շուրջ իրադարձությունները խիստ տարօրինակ զարգացումներ են ստանում. երեկ խիստ լավատեղյակ աղբյուրները մեզ տեղեկացրին, որ Եգանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ կառավարությունում կտրականապես հերքեցին այդ լուրերը... Սա եւս մեկ անգամ վկայում է, որ Եգանյանի հարցում իշխանության վերնախավը միակարծիք չէ, եւ հենց իշխանության ներսում շատերը չեն կարող ասել՝ կշարունակի՞ պաշտոնավարել Եգանյանը, թե ոչ»:

Հիշեցնելով, որ ամռանը սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ստեփանյանը հեռացվեց համակարգից, իսկ կադրերի վարչության պետ, գնդապետ Կարապետյանի դեմ հարուցվեց քրեական գործ կաշառակերության մեղադրանքով, «Այբ-Ֆե» թերթն ավելացնում է, թե այս նույն գործի շրջանակներում շրջանառվում է նաեւ Ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Գրիգոր Գրիգորյանի անունը. արձակուրդից հետո նրան պատրաստվում են ուղարկել «վաստակած հանգստի»... Բայց եթե ճիշտ է, որ նա մեղադրվում է հիշյալ գործով՝ կաշառակերություն, պաշտոնական դիրքի չարաշահում, ապա ինչո՞ւ են ուղարկում... Եթե մեղավոր չէ, ապա ինչո՞ւ հանկարծ առաջացավ համակարգից նրան հեռացնելու անհրաժեշտություն», - չի հասկանում «Այբ-Ֆե»-ն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG