Մատչելիության հղումներ

Մահապատիժը արգելող արձանագրությանը կարող է քննարկվել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ եռօրյայում


Երկուշաբթի բացվող՝ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի առաջին եռօրյայում առանց խորհրդարանի քվեարկության ընդգրկված հարցերից մեկը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունն է՝ մահապատժի վերացման մասին:

«Եթե նիստի նախագահողը անհրաժեշտ համարի, ապա այս եռօրյա նիստերի ընթացքում 6-րդ արձանագրությունը կարող է քննարկվել», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց Ազգային Ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:

Նիստն, ամենայն հավանականությամբ, նախագահելու է Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Թորոսյանը հույս հայտնեց, որ բոլոր հանրապետական պատգամավորները կողմ կքվեարկեն 6-րդ արձանագրությանը՝ փաստարկելով, թե դրա «չվավերացումը հղի է Հայաստանի համար բավականին լուրջ բարդություններով»:

«Սկսած եվրոպական կառույցների անդամակցության խնդրի քննարկումից, պատժամիջոցների կիրառումից եւ ավելի լուրջ բարդություններով ավարտած», - շրջանակեց Ազգային ժողովի փոխխոսնակը: - «Եվ այդ ամենը հաշվի առնելով, հանրապետականները պետք է քվեարկեն միասնաբար»:

Նորընտիր Ազգային Ժողովի՝ ամռանը գումարված առաջին նստաշրջանի օրակարգը սահմանափակվեց սոսկ ղեկավար պաշտոններում ընտրություններով, ուստի գալիք երկուշաբթի բացվող նստաշրջանում միայն այն կանդրադառնա օրինագծերի քննարկմանը: Հարցին, թե ինքը ո՞ր նախագիծը կուզենար, որ առաջինը քննարկվի նոր Ազգային ժողովում, Թորոսյանը պատասխանեց, թե կա'մ եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրացումն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, կա'մ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը: Դրանցից առաջինը ԱԺ փոխխոսնակը խորհրդանշական է համարում նաեւ այն առումով, որ այս նախագծում համաձայնության են եկել «ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները եւ իշխանության մեջ դերակատարություն ունեցող կուսակցությունները ներկայացնող պատգամավորները»:

Նստաշրջանի առաջին եռօրյայի օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ օրինագիծ եւ մոտ նույնքան էլ միջազգային պայմանագիր: Պարտադիր կարգով ընդգրկված հարցերից են 2002 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը, Կենտրոնական բանկի հաշվետվությունը եւ այլն: Երկրորդ ընթերցման սպասող օրինագծերից են՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Անվճարունակության մասին», մի շարք այլ օրինագծեր:
«Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը, Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, դեռեւս չի քննարկվել համապատասխան հանձնաժողովում:

Աշնանային նստաշրջանի բացման առիթով, ի դեպ, երկուշաբթի առավոտյան Ազգային Ժողովի բակում ասուլիս է հրավիրել Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG