Մատչելիության հղումներ

Կառավարությունը պնդում է, որ վերանայվի «ԱրմենՏել»-ի մենաշնորհային լիցենզիան


Հինգշաբթի օրը հնգօրյա լսումներից հետո ավարտվեց երկրորդ բաց ժողովը՝ Հայաստանի կառավարությունն ընդդեմ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մենաշնորհ վայելող «ԱրմենՏել»-ի: Կառավարությունը վերահաստատեց նախապես ներկայացված 6 դրույթներից կազմված իր առաջարկը: «ԱրմենՏել»-ը հայտարարեց, որ դիմելու է Լոնդոնի տնտեսական դատարան:

Կառավարության ներկայացուցիչները իրենց ելույթները կառուցել էին հանրապետության օրենքների, հունական OTE ընկերության եւ կառավարության միջեւ կնքված գնման պայմանգրի եւ առավելապես «ԱրմենՏել»-ին 15 տարվա մենաշնորհ տվող թիվ 60 լիցենզիայի դրույթների հիման վրա: «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը զգացմունքային ու կրքոտ ելույթի վերջում փորձեց արդարանալ, թե թերություններով հանդերձ ոլորտը, այնուամենայնիվ, զարգացել է:

«Կառավարությունը հաստատում է նախապես ներկայացրած մեր առաջարկը, որով մենք պահանջել ենք, որպեսզի կառավարության կողմից տրված թիվ 60 լիցենզիան փոխվի այնպես, որպեսզի արտացոլվեն հետեւյալ մոտեցումները. բոլոր բացառիկ իրավունքները, որոնք տրված են լիցենզավորվածին թիվ 60 լիցենզիայով, պետք է ձեւափոխվեն ոչ բացառիկ իրավունքների, եւ Հայաստանի կառավարությունը պետք է ունենա նոր լիցնեզիաներ տրամադրելու իրավունք», - ժողովի ավարտին ասաց կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Այնուհետեւ Մանուկյանը հրապարակեց մյուս պահանջ-առաջարկները՝ հեռախոսահամարների ծրագրի պատշաճ կառավարում, լիցենզիայի դրույթները խախտելու դեպքում կապի եւ տրանսպորտի նախարարությանը «ողջամիտ տուգանքներ» սահմանելու լիազորության տրամադրում, գաղտնալսումների եւ փոխանակվող տեղեկությունների գրանցման հետ կապված գործողությունների անմիջապես դադարեցում, եւ այլն:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը իր ելույթում հայտարարեց, որ իրենք դիմելու են Լոնդոնի միջազգային դատարան, եւ կառավարության դեմ հանդես է գալու ոչ թե «ԱրմենՏել»-ի, այլ հունական OTE-ի ներկայացուցիչը, քանի որ գնման պայմանագիրը կնքվել է Հայաստանի կառավարության եւ OTE-ի միջեւ:

«Կառավարությունը կարծում է, թե շինծու մեղադրանքներ ու կեղծ վկաների սուտ ցուցմուքնեոր ներկայացնելով, հեշտությամբ կկարողանա զրկե՞լ «ԱրմենՏել»-ին 15 տարվա մենաշնորհի իրավունքից», - ավելացրեց Վասիլակիսը:

«Ես մտադիր չեմ ընկերությանը ծանր վիճակի մեջ գցել», - շարունակեց «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարը, - «400 մլն դոլարի վնաս պատճառել միայն նրա համար, որ կառավարության մի քանի իրավաբան պաշտոնյաներ իրենց մոտեցումներով ուզում են քաղաքականություն փոխել»:

Կառավարության իրավախորհրդատու Վահե Յակուբյանը իր եզրափակիչ խոսքում բերված յուրաքանչյուր փաստ հիմնավորվում էր ցուցմունքներով, Հայաստանի օրենքներով ու թիվ 60 լիցենզիայով: «Ուստի կառավարությունը իրավասու է փոխել, կասեցնել կամ դադարեցնել թիվ 60 լիցենզիան», - իր խոսքն ավարտեց Վահե Յաղուբյանը:

Այսպիսով ավարտվեց «ԱրմենՏել»-ի դեմ եւս մեկ բաց ժողով: Նախորդ բաց ժողովից հետո նախագահողը եզրակացրել էր, որ «ԱրմենՏել»-ը պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի WFI միջազգային աուդիտորական կազմակերպությունը ստուգումներ անցկացնի, ինչպես նաեւ փոխհատուցի իր կողմից ստուգումների բնականոն ընթացքը խանգարելու հետեւանքով կառավարության կրած վնասը՝ 140 հազար դոլար: Պահանջը մասամբ է միայն կատարվել. առ այսօր 140 հազար դոլարը չի փոխհատուցվել: Երկրորդ բաց ժողովում նախագահող Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի եզրակացությունը կհրապարակվի առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

(Լուսանկարում՝ Վահե Յաղուբյանը եւ Անդրանիկ Մանուկյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG