Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլը ընդհանուր առմամբ, մեծ կասկածանքով է նայում մոտ ժամանակներում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրական կայացման հնարավորությանը: «Մտավախությունը, որ Եվրոպայի խորհրդի պահանջով օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը Հայաստանում կարող է ֆիկցիա լինել ու այդպիսով վարկաբեկվել, շատ իրատեսական է», - գնահատում է, մասնավորապես, «Առավոտ» թերթը։ - «Նախ՝ այն պատճառով, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները, ուր նշված էր նաեւ օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման կարգը, չեն ընդունվել։ Հասարակական ու, մասնավորապես, իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ իմաստ չունի ստեղծել օմբուդսմենի նոր ինստիտուտ, եթե նրան դարձյալ պիտի նախագահը նշանակի... Ո՞ւմ է պետք դա, երբ բոլորիս է հայտնի, թե որքան «արդյունավետ» է աշխատել նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հանձնաժողովը, որի նախագահը կրծքով պաշտպանում էր իշխանություններին, որոնք հետընտրական շրջանում բռնություններ էին կիրառում խաղաղ ցուցարարների դեմ»: Ըստ «Առավոտ»-ի՝ ժամանակավրեպ կարելի է համարել, ցավոք, նաեւ մեր ժողովրդավարությունն իր բոլոր ինստիտուտներով. - «Հենց Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին եւս ժամանակավրեպ էր, ինչպես ժամանակավրեպ են Եվրախորհրդի պարտադրած օրենքները։ Մեզ մոտ խիստ արդիական են միագամայն այլ «ինստիտուտներ» ու «օրենքներ», որոնք ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեն»:

«Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը դիմել է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին՝ «Մամուլում հրապարակում եղավ, որ առաջիկայում, Սերժ Սարգսյանի պատրոնաժով, ուժեղացվելու է ձեր հիմնած «Համերաշխություն» կուսակցությունը, որին անդամակցելու են նաեւ նախարարներ Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ճշմարիտյանը եւ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) պատգամավորներ: Իսկ նման ուժեղ կառույց ստեղծելու նպատակը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աթոռի տակ ական դնելն է»: Անդրանիկ Մանուկյանը այս ամենը հերքում, իրադարձությունների նման զարգացում բացառում է՝ նշելով եւ, որ իր ու վարչապետի հարաբերությունները խիստ բարեկամական են: Նա չի բացառում, որ նման լուրեր տարածողներ կան թե հանրապետական կուսակցության եւ թե իշխող կոալիցիայի ներսում՝ «մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ կոալիցիոն կառավարությունը լավ աշխատի»:

Անդրադառնալով պետական գույքի կառավարման վարչություն պետ Դավիթ Վարդանյանի հայտարարությանը, որ 1-2 տարուց այդ կառույցը կվերանա, քանզի պետությունն այլեւս սեփականություն չի ունենա, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը մորմոքվում է. - «Սա նշանակում է նաեւ, որ նույնիսկ առանձին դեպքերում հակադարձ գործընթացներ չեն լինի, եթե պարզվի, որ սեփականաշնորհումը անօրինական է եղել կամ էլ պայմանագրով նախատեսված պարտավորությունները անտեսվել են: Այսօր», - ընդհանրացնում է մեկնաբանը, - «Մենք կարող ենք գնահատել սեփականաշնորհողների ողջ սուտը, ովքեր պնդում էին, թե մասնավորեցում նշանակում է հարստության վերադարձ ժողովրդին, ինչպես եւ ծաղրական պնդումները, թե «վաուչերացումը» պետական ունեցվածքի արդար բաժանում է Հայաստանի բնակիչների միջեւ... Չնչին գնով ու, որպես կանոն, անօրինական ուղիներով նախկին ժողսեփականության առավել շահութաբեր կտորները յուրացրածները ներկայիս խոշոր գործարարները, փողատերերն են, եւ նրանք ունեցվածքի նոր վերաբաժանում երբեւէ թույլ չեն տա», - ցավում է մեկնաբանը: - «Նրանք էլ հենց իշխանության եկած ռեժիմի պահպանման սոցիալական հենքն են»:

«Վերջին օրերին չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե կառավարող կոալիցիայում կարող է քննարկվել սեփականաշնորհման ապօրինի գործարքների վերանայման եւ ժամանակին երկրից դուրս բերված խոշոր կապիտալների վերադարձման հետ կապված հարցերի փաթեթը։ Գաղափարն ինքնին ողջունելի է, խնդիրը միայն այն է, թե ո՞ր տարբերակն ընտրել», - անդրադառնում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ու առաջարկում մոտ 50 տարի առաջ Թունիսում կիրառված տարբերակը: Ըստ այդմ՝ երկրի սահմանները ամուր փակել են, այսպես ասած «նոր թունիսցիներին» մեկ առ մեկ բերել կառավարության նստավայր ու առաջարկել՝ կա՛մ հենց այստեղից կուղեւորվեք բանտ, կա՛մ կվերադառնաք տուն, եւ ոչ ոք ձեզ այլեւս չի անհանգստացնի։ Տունը, մեքենան, կահույքը, ոսկեղենը կմնան ձեզ։ Բայց ստիպված կլինեք ստորագրել ձեր հաշվեհամարից փողերի փոխանցման իրավունքի ահա այս լիազորագիրը։ «Բոլոր կանչվածները, առանց բացառության, կատարել են ճիշտ ընտրություն: «Թալանածի թալան» տեղի չունեցավ. փողերը վերադարձան երկիր եւ ուղղվեցին տնտեսության վերականգնմանը», - լավատեսորեն իմաստավորել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը։

«Այբ-Ֆե» թերթն այսօր ուրվագծել է. - «Հայաստանում ուժի իշխանությունն ու բեսպրեդելը հասել են իրենց գագաթնակետին, եւ պարբերաբար լուրեր են տարածվում այն մասին, թե ահա-ահա՝ այսինչ օլիգարխին բռնելու են: Եվ այդ ասեկոսներն առանձնապես ոչ մեկին չեն ոգեւորում, որովհետեւ բոլորին է հայտնի, որ եթե այս իշխանությունները որոշել են պատժել որեւէ օլիգարխի, ապա պարզից պարզ է, որ վերջինս իրենց համար անցանկալի անձ է, կամ էլ՝ վերջինս երեւի թե նեղացրել է արքայի թիկնազորից որեւէ մեկին: Այսինքն, իրենց համար անցանկալի որեւէ օլիգարխի պատժելով՝ իշխանությունները ոչ միայն ծավալված այս բեսպրեդելի դեմը չեն առնում, այլեւ ավելի ու ավելի են տարածում ու շեշտում յուրայինների անպատժելիությունը: Այս իմաստով, ցանկացած համակարգային փոփոխություն խորթ է Հայաստանի իշխանությունների էությանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG