Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը ձայնագրում եւ պահում է բոլոր հեռախոսային խոսակցությունները


Հայաստանի կառավարությունն ընդդեմ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել»-ի՝ անցած շաբաթ սկսված բաց ժողովի այսօրվա նիստում հրապարակվեց, որ WFI միջազգային աուդիտորական կազմակերպությունը անցյալ տարվա կեսերից անցկացրած ստուգումների արդյունքում պարզել է, որ «ԱրմենՏել»-ը տեղադրած հատուկ սարքի միջոցով գրանցում եւ ձայնագրում է Հայաստանում հեռախոսային բոլոր խոսակցությունները, զանգերի ուղղությունը: Եվ այդ ձայնագրությունները որոշ ժամանակ պահպանվում են:

Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի նախագահությամբ ընթացող բաց ժողովում «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը հաստատեց աուդիտորական ընկերության ներկայացուցչի բերած փաստերը, սակայն ասաց, որ ստացած տեղեկատվությունը տրամադրել են միայն դատավորներին եւ այլ իրավասու մարմիններին:

WFI աուդիտորական ընկերության ներկայացուցիչ, «ԱրմենՏել»-ում ստուգումների աշխատանքին մասնակցած եւ Հայաստանի կառավարության հրավերով երեկ Լոնդոնից ժամանած Իեն Բիբին բաց ժողովում այսօր հայտարարեց, որ իրենք մտահոգված եւ զարմացած էին, թե ինչպես է «ԱրմենՏել»-ը, ոտնահարելով մարդկանց գաղտնիության իրավունքը, հեռախոսազանգերը գրանցում ու ձայնագրում: Աուդիտորները այդ մասին տեղեկացրել էին Հայաստանի կառավարությանը:

Բաց ժողովի այսօրվա լսումների ընթացքում «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը, մասնավորապես գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջորջ Վասիլակիսը ամենեւին պատրաստ չէր խաչաձեւ հարցաքննությանը եւ շատ հաճախ ստիպված էր ընդունել Բիբիի ներկայացրած փաստարկներն ու ապացույցները:

«ԱրմենՏել»-ի ղեկավարությունը ընդունեց, օրինակ, որ ի սկզբանե ճիշտ չէր մշակել հեռախոսացանցի զարգացման նախագիծը, որ կապի որակը վատն է, որ ձեռնարկության տեխնիկական հնարավորությունները շատ ավելի փոքր են շուկայի պահանջարկից: Ասենք, եթե 1998 թվականին Հայաստանում յուրաքանչյուր 100 բնակիչներից 16 տոկոսն էր ապահովված հեռախոսային կապով, ապա 2001-ին՝ միայն 14 տոկոսը:

«ԱրմենՏել»-ը ոչ միայն խախտել է լիցենզիայով եւ պայմանագրով սահմանված ներդրումների կատարման ժամկետները, այլեւ կատարված ներդրումներն էլ նպատակային չի օգտագործել:

«Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն սարքավորումը «ԱրմենՏել»-ը բարձր գնով է ձեռք բերել, որոշ դեպքերում՝ նույնիսկ շուկայում գործող գնից 50 տոկոսով ավելի բարձր է գնահատվել ձեռք բերված ապրանքը», - ասաց Իեն Բիբին:

2001 թվականի մարտի 1-ի դրությամբ, «ԱրմենՏել»-ը հեռախոսակայանների թվայնացման համար ընդհանուր առմամբ 40 մլն դոլարի ներդրում էր կատարել: Կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանի հարցին, թե միջազգային չափանիշներով թվային մեկ գծի համար որքա՞ն գումար է ընդհանրապես ծախսվում, Իեն Բիբին պատասխանեց՝ մոտ 150 դոլար: Այսինքն՝ 40 մլն դոլարով կարելի էր թվայնացնել ավելի քան 160 հազար գիծ, մինչդեռ «ԱրմենՏել»-ի թվայնացրած հեռախոսագծերը շատ ավելի քիչ են:

Լիցենզիայով նախատեսած էր 800 գյուղերի հեռախոսակայանների թվայնացում, մինչդեռ 2003թ. մարտի 1-ի դրությամբ, հեռախոսակայանները թվայնացված էին միայն 54 գյուղերում:

Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե «ԱրմենՏել»-ը չդիմի միջազգային դատարան, ապա չի բացառվում, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում ընկերությունը զրկվի թիվ 60 լիցենզիայից կամ դրանում որոշ փոփոխություններ կատարվեն:

Բաց ժողովի լսումները կշարունակվեն վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG