Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Հունաստանը քննարկելու են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր


Երկուշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Անտոնակոպուլոսը Հայաստանի ղեկավարների հետ քննարկելու է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր: Սյցի ընթացքում ստորագրվելիք հուշագրում ամրագրվելու է Հունաստանի գումարտակի կազմում Հայաստանի հրաձգային դասակի մասնակցությունը Կոսովոյում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Դա կլինի Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելության:

«Հուսով եմ, որ Հունաստանի զինված ուժերը ամենայն աջակցություն կցուցաբերեն Հայաստանի զինված ուժերին՝ խաղաղապահ այն դասակի համար, որը նախատեսվում է ուղարկել Կոսովո», - «Արմենիա» միջազգային օդանավակայանում Անտոնակոպուլոսը: - «Մենք խոստացել ենք մեր աջակցությունը այդ հարցում եւ այսօր դա վերահաստատում ենք»:

Հույն բարձրաստիճան զինվորականի պաշտոնական այցի նպատակներից մեկը նշված աջակցության փաստաթղթային ամրագրում է Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ սեպտեմբերի 3-ին ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում:

Հայաստանում խաղաղապահ ուժերի ձեւավորումը սկսվել է 2001 թվականից: 50-ից ավելի հայ զինվորականներ ուսումնական վարժանքներ են անցել Հունաստանում: Խաղաղապահ ուժերի առաջին վաշտը ձեւավորվել է անցյալ տարի:

Գեորգիոս Անտոնակոպուլոսի հետ հույն զինվորական մասնագետների մի խումբ է եկել՝ պարզելու, թե որքանով է պատրաստված հայկական դասակը: Մինչեւ Կոսովո մեկնելը Հայաստանի դասակը կլինի Հունաստանում, որտեղ ավարտին կհասցվեն նախապատրաստական աշխատանքները:

Դեռեւս, սակայն, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Հայաստանի խաղաղապահ դասակը մեկնելու Կոսովո: Հայաստանի օրենսդրությամբ, երկրի սահմաններից դուրս մարտական, խաղաղապահ գործողություններին հայկական ուժերի մասնակցության համար Ազգային ժողովի որոշում է պետք:

Իսկ զինվորականները արդեն իսկ պատրաստ են: «Մենք պատրաստ ենք: Վաղն էլ ենք պատրաստ ուղարկելու», - այսօր հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարութունյանը:

Ազգային ժողովի պաշտպանություն, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարցը օրակարգ մտցնելու համար նախաձեռնությամբ պետք է հանդես գա կառավարությունը:

Իսկ մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ ֆինանսական, Միքայել Հարությունյանի փոխանցմամբ, արդեն լուծված են:

«Շնորհակալություն Հունաստանին: Շատ մեծ աջակցություն են ցույց տալիս, որպեսզի լուծվեն ֆինանսական հարցերը», - ավելացրեց նա:

Հունաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը հետապնդում է նաեւ այլ նպատակներ: «Իմ այցելության հիմնական նպատակը ռազմական համագործակցության ընդլայնումն է», - հայտարարեց Գեորգիոս Անտոնակոպուլոսը:

Ռազմական ոլորտում Ռուսաստանից հետո Հունաստանն է համարվում Հայաստանի երկրորդ գործընկերը: Հունաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցությունը կարեւոր է Հայաստանի համար: Հունաստանը Հայաստանին օժանդակում է տարբեր ծրագրերի իրականացման, մասնավորապես, զինվորական կադրերի պատրաստման գործում:

«Մենք տրամադրված ենք, որ Հունաստանի կողմից Հայաստանի զինված ուժերին հատկացվող օգնությունը շարունակվի», - ասաց հույն զինվորականը: - «Հունաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ է եւ շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում անվտանգության կայուն համակարգ ստեղծվի»:

Նրա խոսքերով, Հունաստանը կարող է շատ կարեւոր դերակատարություն ունենալ տարածաշրջանի երկրների միջեւ փոխհարաբերությունների կարգավորման հարցում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG