Մատչելիության հղումներ

Վալտեր Շվիմեր. «Պատժամիջոցներից առաջ պետք է մտածել իրադրությունը շտկելու մասին»


«Պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելուց առաջ ես միշտ մտածում եմ, թե ինչ կարելի է անել իրադրությունը շտկելու համար: Դա է իմ առաջնային խնդիրը», - երկուշաբթի օրը ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այս ամիս բացվող աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին Հայաստանում սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհուրդը եւ անձամբ Վալտեր Շվիմերը բավական կոշտ գնահատական տվեցին Հայաստանում այս տարի կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Մտահոգությունն ահագնացավ վաղ ամռանը, երբ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ զեկույցում առաջարկ հնչեց՝ սեպտեմբերին քննարկել Հայաստանի պատվիրակության մանդատը ճանաչել-չճանաչելու հարցը:

Միաժամանակ Վալտեր Շվիմերը վերահաստատեց իր բացասական վերաբերմունքը Հայաստանում այս տարի անցկացված համապետական ընտրությունների նկատմամբ:

«Ես բոլորովին բավարարված չեմ: Ես իսկապես հիասթափված եմ: Ձեր երկրում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու դեպի ժողովրդավարություն եւ օրենքի իշխանություն», - նշեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին Վալտեր Շվիմերը պատասխանում էր Պրահայում՝ Չեխիայի կառավարական տանը այդ երկրի վարչապետ Վլադիմիր Շպիդլայի հետ հանդիպելուց հետո: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցի առիթն այն է, որ ուղիղ 10 տարի է անցել այն օրից, երբ Չեխիան դարձավ Եվրախորհրդի անդամ: 2004 թվականին Չեխիան, ի թիվս մի շարք այլ երկրների, կդառնա Եվրամիության անդամ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նման երկրները չեն կարող կրկնել Չեխիայի ճանապարհը եւ 8 կամ 10 տարի հետո հայտնվել Եվրամիության շեմին, Շալտեր Շվիմերը պատասխանեց. - «Ես չէի բացառի նման հնարավորությունը: Չեխիայի օրինակը դա ապացուցում է: Այս երկիրն էլ է եղել կոմունիստական ու նաեւ ավելի մեծ պետության մաս է կազմել: Հիմա նա դառնում է Եվրամիության անդամ: Դա ցույց է տալիս, թե ինչ հնարավորություններ կան: Չեխիան այս 10 տարիների ընթացքում իր ներդրումն է ունեցել Եվրախորհրդում, նաեւ օգնել է անցումային շրջանում գտնվող երկրներին»:

«Չեխիայի օրինակը լավատեսություն է ներշնչում: Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ջերմ ցանկության եւ շատ, շատ եռանդուն աշխատանքի դեպքում ամեն ինչ հնարավոր է», - եզրափակեց Վալտեր Շվիմերը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG