Մատչելիության հղումներ

Սեփականությունը Հայաստանում «գերկենտրոնացած է»


Հայաստանի շուրջ 1300 բաց բաժնետիրական ընկերությունները ունեն ավելի քան 150 հազար մանր բաժնետերեր։ Սակայն, նրանց միջեւ բաժնետոմսերը ծայրահեղ անհամաչափ են բաշխված։ Սեփականության առյուծի բաժինը տնօրինում են մի խումբ մարդիկ: Ընտրանքային վիճակագրության տվյալներով, ընկերությունների բաժնետերերի ընդամենը 1,7 տոկոսը (մոտ 2000 մարդ) տնօրինում է բոլոր բաժնետոմսերի 95 տոկոսը։

«Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացվող ծրագիրը կոչված է պաշտպանելու մանր բաժնետերերի շահերը։ Ծրագրի շրջանակներում կենտրոնի ղեկավարները եւ մասնագետները արդեն հանդիպումներ են անցկացրել Շիրակի եւ Կոտայքի մարզի հարյուրավոր մանր բաժնետերերի հետ, վերջիններիս շրջանում սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը սահմանեց մանր բաժնետերերի հիմնական խնդիրները. - «Շատերը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ընկերությունում: Չգիտեն, ինչպիսին է ընկերության ֆինանսական վիճակը, կառավարման սկզբունքները: Չգիտեն, թե ինչպիսին է ձեռնարկության ապագան»:

Վկայակոչելով «Հրազդանմաշի» օրինակը, Տիգրան Կարապետյանը ասաց, որ այդ հսկա ընկերության վերակազմավորումից հետո, երբ մի մասը առանձնացվեց իբրեւ պետական հատուկ նշանակության ձեռնարկություն, իսկ մյուսը մասերը առանձին-առանձին մասնավորեցվեցին տարբեր ընկերությունների, մանր բաժնետերերին ոչ ոք չէր տեղեկացրել ընդունվող որոշումների մասին:


Սակայն, Կարապետյանի խոսքերով, անգամ տեղեկացված լինելը դեռեւս բավարար չէ, որպեսզի մանր բաժնետիրոջ շահը իրացվի, քանի որ նրանք «չեն կարողանում գործուն ազդեցություն ունենալ ձեռնարկության ընթացիկ կառավարման վրա»:

Կարապետյանը ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ մանր բաժնետերերը մեզանում «համախմբված չեն»: Մինչդեռ, համաշխարհային փորձը վկայում է, որ մանր բաժնետերերը համախմբվելով, կարող են աուդիտորներ հրավիրել եւ նրանց միջոցով պարզել ընկերություններում գործերի ու ֆինանսական հոսքերի իրական վիճակը։

«Աուդիտի միջոցով կարելի է բացահայտել՝ արդյո՞ք այդ ձեռնարկությունը թափանցիկ է աշխատում հենց բաժնետերերի համար», - ասաց Կարապետյանը: - «Արդյո՞ք այդ բաժնետիրական ընկերությունը իր սեփականատերերի համար աշխատում է թափանցիկ, ոչ ստվերային»:

Այսօր արդեն չի էլ վիճարկվում, որ ստվերայնությունը մեր տնտեսության աքիլլեսյան գարշապարն է։ Դա, փաստորեն, նաեւ հետեւանք է այն բանի, որ խոշոր բաժնետերերը չեն ցանկանում շահույթ ցույց տալ, որպեսզի դրանից բաժին չհանեն մանր բաժնետերերին։

Այդուհանդերձ, կան եզակի դեպքեր, երբ խոշոր բաժնետերերը համագործակցում են մանր բաժնետերերի հետ: Տիգրան Կարապետյանի փոխանցմամբ, Կոտայքի մարզի «Արմավտո» ընկերությունը իր բաժնետերերին յուքանչյուր բաժնետոմսի դիմաց 100 դրամի շահաբաժին է վճարել, ինչը թեեւ մեծ գումար չէ, սակայն, ընդգծում է սեփականատերերի համագործակցելու պատրաստակամությունը։

Իսկ երկար ժամանակ շահաբաժին չստացած մանր բաժնետերը ի վերջո վաճառում է իր արժեթուղթը խոշոր բանժետիրոջը:

«Սեփականաշնորհման ավարտից հետո հինգ-վեց տարվա ընթացքում տեղի է ունեցել գերկենտրոնացում», - ասաց Կարապետյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG