Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել» - կառավարություն բաց ժողովը սկսվեց փոխադարձ մեղադրանքներով


«ԱրմենՏել» - Հայաստանի Հանրապետություն կառավարություն՝ այսօր սկսված բաց ժողովում կրկին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ վայելող հունական ընկերությունը եւ Հայաստանի կառավարությունը փոխադարձաբար միմյանց մեղադրեցին պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ:

Բաց ժողովը դատավարություն էր հիշեցնում. կար նախագահող՝ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյան, մեղադրող՝ ՀՀ կառավարության եւ պաշտպանվող՝ «ԱրմենՏել»:

Կառավարությունը 6 հիմնական կետից մեղադրանք է ներկայացրել «ԱրմենՏել»-ին. լիցենզիայով նախատեսված ոլորտի զարգացման ուղղությամբ պարտավորությունների չկատարում, պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունների չկատարում, ինտերնետի եւ տվյալների փոխանցման ծառայությունների ոլորտում պարտավորությունների իրավախախտումներ, բջջային կապի ոլորտում պարտավորությունների չկատարում ու խախտումներ եւ այլն: Կառավարության նպատակն է՝ այս հիմնավորմամբ մասնակիորեն կամ ամբողջությամբ զրկել «ԱրմենՏել»-ին լիցենզիայից:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջորջ Վասիլակիսը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ բաց ժողովը չի կարող սանկցիաներ կիրառելու մասին որոշում կայացնել. այդ իրավունքը միջազգային դատարանին է վերապահված: Վասիլակիսը առարկություն ուներ նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցության դեմ:

«Այդ դեպքում բաց ժողովին կարող էր մասնակցել նաեւ ազգային անվտանգության կամ ոստիկանության ներկայցուցիչը եւ մենք էլ այստեղ ձեռնաշղթաներով նստած կլինեինք», - ասաց նա:

Նախագահող Էդուարդ Մուրադյանը այդ առարկությունը չընդունեց՝ հիմնավորելով, որ արդարադատության նախարարը հանդես է գալիս իբրեւ երկրի գլխավոր իրավաբան:

Հայաստանի կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանը,
համապատասխան օրենքներից եւ թիվ 60 լիցենզիայից մեջբերումներ անելով, մատնանշեց այն բոլոր խախտումները, որ կատարել է «ԱրմենՏել»-ը ու եզրակացրեց, որ կառավարությունը իրավասու է վարչական պատժամիջոցներ կիրառել՝ մասնակիորեն փոփոխել լիցենզիան կամ ընդհանրապես չեղյալ համարել այն:

«Արմենտել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վասիլակիսը հակադարձեց, թե կառավարությունն է խոչընդոտում պարտավորությունների կատարմանը. ըստ պայմանգրի, մինչեւ 2005 թվականը Արմենտելը 200 մլն դոլարի ներդրում պետք է կատարեր եւ առ այսօր ներդրել է արդեն 182 մլն: Կառավարությունը հնարավորություն չի տվել ժամանակին ներդնել սակագների այն համակարգը, որ նախատեսված էր լիցենզիայով՝ այդպիսով խոչընդոտելով անհրաժեշտ եկամուտներ ստանալուն, ինչի հաշվին ցանցի զարգացման համար ներդրումներ պետք է կատարվեին:

«ԱրմենՏել»-ն այսօր վարկային պայմանագրերով սարքավորումներ է ձեռք բերել հունական ընկերություններից, եւ, ըստ «ԱրմենՏել»-ի՝ 100 մլն, իսկ ըստ կառավարության ներկայացուցիչների՝ 115 մլն դոլարի վարկային պարտք է կուտակել:

Վասիլակիսի խոսքերով, կառավարությունը պետք է պայմաններ ստեղծեր օտարերկրյա ընկերություններից եւ բանկերից վարկեր վերցնելու՝ ոլորտը զագացնելու համար, մինչդեռ այսօր բանկերը հրաժարվում են «ԱրմենՏել»-ին վարկ տրամադրել:

Կարծիքներ կան, որ «ԱրմենՏել»-ի հույն ղեկավարությունը փորձում է ժամանակ շահել իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված բանակցությունները օտարերկրյա որոշ ընկերությունների հետ բարեհաջող ավարտին հասցնելու համար: Սակայն 115 մլն դոլարի պարտք ունեցող ձեռնարկությունը չի կարող գայթակղիչ լինել որեւէ գնորդի համար:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից Գրիգոր Սաղյանը, պատասխանելով Դավիթ Հարությունյանի եւ Ջորջ Վասիլակիսի հարցերին, տեղեկացրեց, որ բջջային կապով ապահովված է հանրապետության 30 տոկոսը: Բջջային կապից այսօր օգտվում է մոտ 34 հազար բաժանորդ, մինչդեռ 200-300 հազարի պահանջարկ կա: Նրա խոսքերով, «ԱրմենՏել»-ը արհեստականորեն սահմանափակել է բավականին շահութաբեր այս կապի տարածումը հանրապետությունում:

Բաց ժողովը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG