Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հերքում է, թե լարվածություն կա կառավարող կոալիցիայի ներսում


Ազգային ժողովի եւ կառավարող կոալիցիայի անդամ կուսակցություններից «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը հերքեց շրջանառվող լուրերը, թե իր հայտարարությունները «դժգոհություն» են առաջացրել կոալիցայի մյուս երկու կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության ներկայացուցիչների շրջանում:

Մասնավորապես, բուժհինարկների տարերային սեփականաշնորհումը կասեցնելու առնչությամբ անցած շաբաթ հրապարակած հայտարարության վերաբերյալ Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Ազգային ժողովի նախագահը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու: Ես այն արտահայտել եմ որպես քաղաքացու, որպես Ազգային ժողովի նախագահի եւ որպես կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավարի տեսակետ: Բնականաբար, բոլորը պետք է հասկանան, որ եթե տեսակետ է արտահայտվել, ուրեմն տեսակետը քննարկվել է»:

Մինչդեռ, օրինակ, Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ասել էր, թե բուժհիմնարկների սեփականաշնորհման հարցը վաղուց ի վեր քննարկման առարկա է եղել եւ դրանց սեփականաշնորհումը դեռ մինչեւ Բաղդասարյանի հայտարարությունը կասեցվել էր առողջապահության նախարարար, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի կողմից:

Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե կոալիցիայի խորհրդի այսօրվա նիստում քննարկվելու է «Օրինաց երկիր»-ի եւ ԱԺ նախագահի վարքագիծը, երբ կոալիցիայի շրջանակներում ծնվող գաղափարները Բաղդասարյանը առաջինն է ներկայացնում ու տպավորություն է ստեղծվում, թե դա «Օրինաց երկիր»-ի նախաձեռնությունն է: Ռուստամյանը ասաց, թե էթիկայի առումով ցանկալի կլինի, որ հուշագիր ստորագրած կոալիցիայի անդամ ուժերը մնան հուշագրով սահմանված հարաբերությունների շրջանակներում:

Կոալիցիայի համադրող խորհրդի կազմում ընդգրկված են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից. ՀՅԴ-ից՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, իսկ «Օրինաց երկիր»-ից՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը:

Արմեն Ռուստամյանը փոխանցեց նաեւ, որ բավական հագեցած օրակարգում է նաեւ «հատուկ օրակարգերով կառավարության նիստեր հրավիրելու հարցը»: Սա ենթադրում է, որ կառավարությունը կարող է նիստ հրավիրել մեկ՝ շատ հրատապ հարցի վերաբերյալ: Ռուստամյանի խոսքերով, սա էապես կբարձրացնի կառավարության՝ որպես քաղաքական մարմնի, դերը:

Քննարկվելու է նաեւ կառավարող կոալիցիայի համադրող խորհրդի ներկայացուցիչների՝ կառավարության հերթական նիստերին մասնակցելու հարցը: Սա արվում է, թերեւս, հավասարակշռելու համար կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին՝ հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը նախարարների կաբինետում ավելի մեծ ներկայություն ունի, քան ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը:

Կոալիցիայի համադրող խորհուրդը այսօր անդրադառնալու է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:


Ռուզաննա Ստեփանյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG