Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդական խումբը վերսկսում է մոնիտորինգը


Ինչպես ուրբաթ օրը պաշտոնապես հաղորդել է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական խումբը վերսկսել է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգը:

Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների առանձին հաղորդագրություններում տեղեկացվում է, որ լեհ դիվանագետ Անջեյ Կասպրշիկի գլխավորած դիտորդական խումբը հինգշաբթի օրը հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի սահմանագծում:

«Անջեյ Կասպրշիկը գոհունակություն հայտնեց կողմերին՝ դիտարկումը հաջողությամբ կազմակերպելու եւ իրականացնելու կապակցությամբ», - հաղորդել է պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունը:

Սահմանագծի երկու կողմերում գտնվող եւ ռադիոկապով միմյանց հետ հաղորդակվող դիտորդները երեկ դիտարկումներ են անցկացրել մի քանի տասնյակ կիլոմետր հեռու այն վայրից, ուր անցկացվող նախկին դիտարկումն ընդհատվել էր հայ-ադրբեջանական զինված բախման պատճառով: Անցած շաբաթ տարածած հայտարարության մեջ Կասպրշիկը կողմերին հորդորել էր «մանրազնին հետաքննության» ենթարկել զինված բախումը, որի պատասխանատվությունը կողմերից յուրաքանչյուրը դնում է մյուսի վրա:

«Կրակակետը կամ կրակակետերը տեսանելի չէին, ինչպես նաեւ հնարավոր չէր որոշել, թե ինչ տեսակի հրազենից են արձակվել կրակոցները», - ասել էր Կասպրշիկը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դիտարկման ընթացքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել 78 գլուխ մանր եղջերավոր եւ 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ադրբեջանական կողմի վարկածով, այդ անասունները գողացվել էին: Արտգործնախարարության հայտարարությունը անասունների՝ հայկական կողմում հայտվելը ձեւակերպել է այսպես. «մի քանի շաբաթ առաջ միտումնավոր Հայաստանի տարածք քշված»:

«Հայկական կողմի այս քայլը գնահատվեց որպես բարի կամքի դրսեւորում եւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլ, - ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ:

Տավուշի եւ այլ շրջանների սահմանամերձ գոտիները հեռու են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճակատային գծից: Թեեւ մարտերն այստեղ նույնչափ թեժ ու արյունալի չեն եղել, ինչպես Լեռնային Ղարաբաղում, հակամարտության չլուծված մնալը շոշափելիորեն ազդում է տեղի բնակիչների կյանքի վրա: Տասնյակ հազարավոր հեկտար ոռոգելի հողատարածքներ ու արոտավայրեր չեն օգտագործվում, քանի որ ականապատված են կամ պահվում են հակադիր կողմի կրակի տակ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարիներ ի վեր սկսված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը սառեցվել էր անցած տարեվերջին՝ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը: Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդները սպասում են հոկտեմբերի 15-ին նշանակված Ադրբեջանի նախագահի ընտրությունների ավարտին:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ միջազգային միջնորդների հերթական այցի ժամկետներ դեռ չեն նշվել, եւ տարածաշրջանային այց մինչեւ Ադրբեջանում ընտրությունների ավարտը չի նախատեսվում: Աղաջանյանը հերքեց ադրբեջանական կողմի հաղորդումները, թե միջնորդները ներկայումս աշխատում են խաղաղարար նոր ծրագրի վրա: Նրա խոսքերով, միջնորդները կարող են սոսկ «նոր գաղափարներ» ավելացնել արդեն եղած առաջարկություններում, որոնք, ըստ հայկական կողմի, հիմնված են 2001 թվականին նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունների վրա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG