Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի մեկնաբանի բնորոշմամբ, առաջիկա քաղաքական աշունը հարուստ է լինելու «քաղաքական որսորդությամբ, նաեւ քաղաքական որսագողությամբ»: «Ու թեեւ առաջիկա հերթական ընտրությունները լինելու են չորս տարի անց, ամբողջ քաղաքական դաշտը հենց այժմվանից պատրաստվում է այդ ընտրություններին», - գրում է մեկնաբանը: - «Հատկապես իշխող կոալիցիայի ներսում սկսվել է ժողովրդականություն վայելող նախաձեռնությունների մրցավազք»: Որպես քաղաքական որսի մի ուղղություն էլ «Իրավունք»-ում նշվում է այն, որ իրավապահ, հարկային եւ վերստուգիչ մարմինները ընկել են մի շարք օլիգարխների հետեւից եւ թափ են տալիս նրանց բիզնեսը»:

Անդրադառնալով ներկայիս կոալիցիայի բնույթի եւ երկարակեցության շուրջ շարունակվող մտափոխանակությանը, «Երկիր» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Ո՞վ ասաց, թե երբ որեւէ երեւույթ լիովին չի համապատասխանում իր «դասական» նախանմուշին, ապա այդ երեւույթը նման անվանումով հանդես գալու իրավունք չունի... Այդ ինչպե՞ս է, որ անձը դասական իմաստով քաղաքական գործիչ կամ քաղաքագետ չէ, այն քաղաքական ուժը, որին նա ներկայացնում է, դասական իմաստով կուսակցություն չէ, այն տեղը, որ տվյալ ուժը գրավում է երկրի քաղաքական դաշտում, դասական իմաստով ընդդիմություն չէ, բայց գործող կառավարությունը անպայման պիտի համապատասխանի դասական «կոալիցիոն կառավարության» դասագրքային ձեւակերպմանը»: Ինչ վերաբերում է «ինչքա՞ն կգործի այս կառավարությունը» հարցին, «Երկիր»-ում Դաշնակցության կողմից ձեւակերպված է. - «Կոալիցիոն կամ որեւէ այլ կառավարություն ազգային գերագույն արժեք չէ, որը պետք է ամեն գնով գուրգուրել ու պահպանել։ Որեւէ կառավարություն ընդամենը աշխատանքային գործիք է ազգի եւ նրա պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»։

Կոալիցիան հիմա էլ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ է ստեղծել, եւ որպես առաջնահերթություն նշում են, որ նախ պիտի կարողանալ հստակ սահմանել կամ գոնե նկարագրել՝ ինչ է կոռուպցիան, որպեսզի պարզ լինի՝ ինչի դեմ պայքարել։ Այս առումով «Առավոտ» թերթը հեգնում է. - «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ այդ ինչո՞ւ հայրենի իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում տալ կոռուպցիայի վերջը՝ չնայած քնած թե արթմնի՝ դրա մասին են երազում։ Պարզվում է, պատճառն այն է, որ չգիտեն, թե ինչ է այդ կոռուպցիա ասվածը։ Բայց դե որտեղի՞ց իմանան, եթե կոռուպցիային բախվում են հասարակ մահկանացուները... Այլ բան է, երբ պաշտոնանկ ես արվում։ Ա՛յ, այդ ժամանակ արդեն մեկից մեկ պարզ է դառնում, թե ինչ է կոռուպցիան ու որտեղ կարելի է այն փնտրել»։

Շուրջ մեկ ամիս է լուրեր են շրջանառվում, որ Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի դեպքերի կապակցությամբ գործարար Աամվել Ալեքսանյանից շաքարավազի եւ հացահատիկի բիզնեսը վերցրել ու տվել են «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին: Վերջինս այսօր «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում հերքում է սա՝ ենթադրելով, որ այդ խնդիրների հետ իր անունը կապում են պարզապես այն պատճառով, որ ինքը ծնունդով ղարաբաղցի է: «Ընդհանուր առմամբ էլ, լուրեր կան, որ տեղի է ունենում տնտեսական ոլորտների վերաբաժանում, որի նպատակը ղարաբաղյան կլանի ուժեղացումն է» հարցին Բեգլարը արձագանքել է. - «Իմ դիտարկումներով, իմ ինֆորմացիայով, ես նման բան չեմ տեսնում»: «Ղարաբաղյան կլան եւ նման կարգի հայտարարությունները ինձ մոտ միայն ծիծաղ են առաջացնում: Այդ կարգի հայտարարություններն ընդամենը գավառական մտածելակերպի արդյունք են», - գնահատում է «Ֆլեշ» ընկերության նախագահը:

Նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, որը ներկա գործարար Սամվել Ալեքսանյանի ու իր մերձավորների բախումներից հետո բավականին ժամանակ չէր արտահայտվել, «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասում է. - «Չէր սիրի մեզ ժողովուրդը, եթե՝ որպես տականքի արյուն, հայասպանության ու անպատժելիության դաշտում հայտնվեինք, ինչպես ոմն օլիգարխ, որը զարմիկին հաճոյանալու համար կազմակերպեց Նուբարաշենի արյունալից սպանությունը՝ թուրքավարի, դիմակավորված, դարանակալված... Իսկ թե ո՞ւմ նկատի ունեմ՝ ասելով «տականք», ապա, հուսով եմ, շատ շուտով այդ ամբողջի պատասխանը ողջ հասարակությանը կտան իրավապահ մարմինները, որոնք ՀՀ դատախազության անաչառ մոտեցմամբ՝ հստակ կատարված այդ ոճրագործությունը կհասցնեն լիարժեք բացահայտման»:

«Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանի վերլուծությամբ, ինչպես վերջերս Կազիմիրովի առաջ քաշած գաղափարներն ու առաջարկությունները, այնպես էլ «Կոսովոյի մոդելի» մշակման մասին տեղեկատվության «արտանետումը» Ադրբեջանում իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային ծանոթ երկընտրանքի ձեւով դրսեւորվող ռուս-ամերիկյան բանավեճի վկայությունն են, ինչի մասին տեղյակ են պահվում ապագա բանակցությունների անմիջական կողմերը: «Փուլային տարբերակի միջոցով ազատագրված տարածքները ապառազմականացնելու, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու փոխարեն ամերիկացիները փորձում են «Կոսովոյի մոդելով», այսինքն՝ «փաթեթով», մտնել տարածաշրջան եւ միանգամից դառնալ դրության տերը», - գրում է տեսաբանը: - «ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության «հաշիվները մաքրել» հնարավորինս արագ եւ միայն ու միայն փաթեթով, որպեսզի որոշ ժամանակ հետո ձեւավորի «հյուսիսային պլացդարմ» ընդդեմ Իրանի»: Ի վերջո, «Հայոց Աշխարհ»-ում նախանշվում է. - «Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Միացյալ Նահանգների նման անհամբեր կեցվածքը կարող է լուրջ պրոբլեմների առջեւ կանգնեցնել առավելապես հակամարտության անմիջական կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին, բայց ոչ Ռուսաստանին, որը դեռեւս երկար խոսակցություն ունի ամերիկացիների հետ, ուստի, ուղղակի կերպով քարոզչություն սկսելով փուլային տարբերակի օգտին, ամենեւին էլ չի շտապում վերջնական կարգավորման հարցում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG