Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չնայած սեփականաշնորհման բուռն գործընթացներին, ո'չ «Զվարթնոց» օդանավակայանում, ո'չ էլ «Արմավիա» ընկերությունում որեւէ բարելավում առայժմ չի նկատվում: Ուղեւորների սպասարկման, ծառայությունների մատուցման կուլտուրան մնացել է հին՝ «խորհրդային» մակարդակի վրա», - անդրադառնում են այսօր թերթերը: «Ավիաընկերությունները դեֆիցիտի վրա խաղալու եւ գերշահույթներ ստանալու լուրջ հնարավորություն են ստանում», - կրկնակի տոմսերի վաճառքի ու գների անընդհատ բարձրացման մոտիվներով հատկապես առանձնացնում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Կոնկրետ այս դեպքում ավիադեֆիցիտի վրա հիմնական խաղացողը «Արմավիա» ընկերությունն է, որը ներկայումս շահագործում է Հայաստանի օդային փոխադրումների շուկայի առյուծի բաժինը»: Այստեղ նաեւ նշվում է. - «Եթե Հայաստանի համապատասխան պետական կառույցները զանազան պայմանագրեր կնքելուց բացի, բարեհաճեին նաեւ հետեւել դրանց կատարման ընթացքին, ապա «Արմավիան» չէր կարողանա Երեւան - Մոսկվա ավիատոմսի գինը 140 դոլարից բարձր սահմանել։ Բայց ո՞վ է իրավիճակի տերը... Նշյալ կարգի խայտառակությունների հաճախականությունն այն աստիճանի է հասել, որ իրավիճակով հետաքրքրվել է նախագահի վերահսկողական ծառայությունը»:

«Ազգ»-ի թղթակցին նախագահի մամլո ծառայությունից ասել են, որ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով օդանավակայանի մի քանի աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից։ Հերթական անգամ լինելով օդանավակայանում, թղթակիցը արձանագրում է անփոփոխ վիճակ՝ հետեւյալ ձեւակերպումներով՝ «Oդանավակայանի անունը փոխեցին, բայց դրամ շարունակում են շորթել», «Մանրապճեղ չինովնիկները «ուտում են» շարքային քաղաքացու կյանքը»: Փոխարենը թռիչքների մասին որեւէ տեղեկություն ստանալ այնտեղ անհնար է:

Կոռուպցիայի դեմ պայքարի հույսերի շրջանակում «Հայոց Աշխարհ» թերթն այսօր ուրվագծում է. - «Կրկնակի հաշվապահություններ, հարկերից խուսափելու կասկածելի սխեմաներ, «սեւ գանձարկղեր». սրանք բաներ են, առանց որոնց յոլա գնալ չի կարող հայրենի ձեռնարկատերերից եւ ոչ մեկը։ Ցանկացած լեգալ ձեռնարկություն սառցալեռ է, որի չնչին մասն է միայն երեւում... Եթե անգամ ընդունենք, որ ստվերային տնտեսության ծավալը մեզանում ամենացածր մակարդակի վրա է, այսինքն՝ ընդամենը 40-45 տոկոս է, ապա դա արդեն անում է տարեկան մոտ 200 միլիոն դոլար։ Տարիների ընթացքում «տանիքների» դերն իրավապահ մարմինների հետ մեկտեղ սկսեցին խաղալ նաեւ ազդեցիկ չինովնիկները, իշխանավորները, տեղական իշխանության ներկայացուցիչները։ Փաստորեն լեգալ եւ ստվերային ֆինանսական հոսքերը գտնվում են նույն ձեռքերում։ Դա ցանկացած պետության համար մահացու վտանգ ներկայացնող երեւույթ է։ Ահա՛ թե ինչի վրա պիտի սեւեռեն ուշադրությունը կոռուպցիայի դեմ պայքարող հայրենի մարտիկները», - ուղղորդում է «Հայոց Աշխարհ»-ը՝ չկարողանալով, սակայն, չավելացնել. - «Անկեղծ ասած, դժվարությամբ ենք դրան հավատում. ախր, չափազանց լավ ենք ճանաչում մեր հակակոռուպցիոներներին»։

Ազգային ժողովի դերի բարձրացման ծրագրի շրջանակներում երեկ ԱԺ սոցիալական, առողջապահության մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: Դրանք որակելով անլուրջ, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շրջանակել է. - «Կառավարական կոալիցիայի անդամ հանրապետականներն ու դաշնակցականները մասնավոր զրույցներում այլեւս անթաքույց էին բողոքում Արթուր Բաղդասարյանի նախաձեռնություններից: «Այսպես այլեւս հնարավոր չէ: Հունիսի 13-ից «Օրինաց երկիր» կուսակցությունը սկսել է նախագահական ընտրարշավ եւ բոլորիս փորձում է ներքաշել սեփական պոպուլիստական ծրագրերի մեջ: Կոալիցիայի անունից հայտարարություններ է անում, հետո մենք, կոալիցիան պահելու համար, ստիպված ենք լինում հայտարարել, որ նրա հայտարարությունները մեզ հետ համաձայնեցված են եղել»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է կոալիցիայի կուսակցություններից մեկի գործիչներից մեկը: Կոալիցիայի առաջիկա նիստում, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի առաջարկությամբ, քննարկվելու է նաեւ «Օրինաց երկիր»-ի ղեկավարի պահվածքը, որի պոպուլիզմը, ինչպես ասել է մի դաշնակցական՝ «արդեն չոքել է մեր բկին»... Այսօր էլ, սովետ կայսրության փլուզումից հետո, Հայաստանում կան կուսակցություններ, ուր տիրում է տոտալիտար ժամանակաշրջանին բնորոշ անձի պաշտամունք: Մասնավորապես, անձի, այսինքն՝ կուսակցության նախագահի անձի անվերապահ պաշտամունք կա «Ազգային միաբանություն»-ում, ՀԺԿ-ում: Սակայն, անձի այնպիսի անձնուրաց պաշտամունք, ինչպիսին «Օրինաց երկրում» է, ըստ ականատեսների, նախադեպը չունի», - գրում է մեկնաբանը: - «Գերմանացի հոգեբան Ֆրանկի կարծիքով, անձի պաշտամունքն ընդհանրապես հատուկ է քաղաքական-հասարակական այն շերտերին, որոնք առավել հակված են պոպուլիզմի»: «Օրինաց երկիր»-ի անդամ, Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, որին «Հայկական ժամանակ»-ը դիմել է այս հարցերով, իր հերթին, մասնավորապես բանաձեւել է. - «Արթուր Բաղդասարյանը, որպես քաղաքական գործիչ, ինձ համար, իրոք, անփոխարինելի է: Արթուր Բաղդասարյանը, որպես պետական գործիչ, ինձ համար անփոխարինելի է: Արթուր Բաղդասարյանը, որպես ժողովրդի հոգսերով մտահոգ գործիչ, ինձ համար անփոխարինելի է»:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից է: «Առավոտ» թերթի հարցազրույցում նա ասում է. - «Ինձ թվում է՝ Հայաստանում ապրող ցանկացած մարդ, որը փոքրիշատե պատկերացնում է երկրի տնտեսության վիճակը՝ կողմ կլինի, որ բացվի հայ-թուրքական սահմանը: Ցավոք, այսօր Հայաստանը դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ճանապարհ ունի միայն Վրաստանի միջոցով... Վրաստանի տարածքում, ցավոք, ականատեսն ենք բազմաթիվ բացասական երեւույթների՝ բարձր սակագներ, բեռնափոխադրողների կամ ուղեւորափոխադրողների համար հսկայական խոչընդոտներ եւ ֆինանսական ծախսեր»: Ըստ Անդրանիկ Մանուկյանի, «զուտ քաղաքական մանեւրներին զուգընթաց՝ որոշակի նախանշաններ կան, որ Թուրքիան նախապատրաստական աշխատանքներ է տանում երկաթուղու վերագործարկման ուղղությամբ»:

«Ստամբուլում, Թուրքիայի մյուս քաղաքներում Հայաստանից հեռացածների թիվը 25-30 հազար է, որոնց մի մասը՝ ձախողակ, այս օտար երկրում շարունակում են ապրել ավելի վատ, քան հայրենիքում», - փոխանցում է վերջերս այնտեղ շրջագայած «Ազգ»-ի թղթակիցը: - «Աշխարհի այլ վայրերում հանդիպած ձախողակ հայերից Թուրքիայում հաստատված հայաստանցի հայերն իրենց հոգեբանությամբ քիչ են տարբերվում։ Իրենց ձախորդությունների համար նրանք հայհոյում են Հայաստանը, քանի որ հայրենիքում չեն կարողացել գտնել աշխատանք, հայրենիքում իրենց գոյությունը համարել են ավելորդ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG