Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեն նոր ներկայացուցիչ է նշանակում հայաշատ Սամթցխե- Ջավախեթիում


Ավարտվող շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երկրի Սամթցխե- Ջավախեթի հայաշատ շրջանում նոր ներկայացուցիչ է նշանակել: Դիտորդները նոր նշանակումը կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, 37-ամյա Գելա Կվարացխելիան Սամթցխե- Ջավախեթիում նախագահի ներկայացուցչի պաշտոնում կփոխարինի Թեյմուրազ Մոսիաշվիլուն:

Մեկնաբանելով նոր նշանակումը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Գելա Կվարացխելիան հայկական տարբեր պատվիրակությունների հետ բազմիցս եղել է Ախալքալակիում, Ախալցխայում, Նինոծմինդայում, տեղի բնակչությունը նրան ճանաչում է եւ, Բայբուրթյանի համոզմամբ, լավ ակնկալիքներ կարող է ունենալ:

Բայբուրդյանը ավելացրեց, որ բավական լավ է ճանաչում Կվարացխելիային, որը Վրաստանի խորհրդարանում գլխավորել է ազգամիջյան հարցերով մշտական հանձնաժողովը: Իսկ խորհրդարանի պատգամավոր ընտրվել է 1999 թվականին՝ նախագահ Շեւարդնաձեի «Քաղաքացիների միության» ցուցակով:

Սամթցխե-Ջավախեթիում նախագահի ներկայացուցիչի պաշտոնի հավակնորդների թվում է եղել նաեւ Վլադիմիր Ալելիշվիլին: Նա ծնունդով Ախալքալակից է եւ տիրապետում է հայերենին, քանի որ մայրը հայուհի է՝ Հայաստանի միակ գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանի քույրը: Ալելիշվիլին երկար տարիներ նախագահ Շեւարդնաձեի աշխատակազմում եղել է Սամթցխե-Ջավախեթիի երկրամասի պատասխանատուն: Թերեւս, հենց հայկական ծագման պատճառով էլ Ալելիշվիլին չէր կարող նշանակվել երկրի նախագահի լիազոր ներկայացուցիչ հայաշատ այդ երկրամասում:

Վան Բայբուրթյանը հերքեց մեկնաբանությունները, թե Թեյմուրազ Մոսիաշվիլին պաշտոնանկ է արվել, քանի որ շեղվել էր Վրաստանի կառավարության քաղաքական ուղուց: «Թեյմուրազ Մոսաշվիլին չափազանց ինտելինգ անձանվորություն է, շատ փափուկ, եւ այդ փափուկ, ինտելիգենտ մարդը, իհարկե, լիովին չէր տիրապետում իրավիճակին: Ես չէի կապի նոր նշանակումը ընտրությունների հետ, որովհետեւ Մոսիաշվիլին ամեն հարցում տանում էր Վրաստանի պետության քաղաքականությունը, նախագահի կուրսը»:

Սամթցխե-Ջավախեթիում նախագահի ներկայացուցչության ինստիտուտը հիմնադրվել է 1994 թվականին: Գելա Կվարացխելիան նախագահի կողմից նշանակված չորրորդ ներկայացուցիչն է:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG