Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով ավարտվող շաբաթը, «Իրավունք» թերթի մեկնաբանը, այնուամենայնիվ, շարունակում է տեսնել քաղաքական թեժ աշնան նախադրյալներ: Սրանց մեջ տեղավորվում են թե' եվրոպական ընտանիքում մնալ-չմնալու հարցը, թե' ներքաղաքական՝ մանավանդ կոալիցիոն հարաբերությունների նկատվող նոր սրացումները, թե' դատավարությունների ընթացքն ու թե' անգամ խորհրդարանից դուրս որոշ կուսակցությունների՝ ավելի ու ավելի ընդդիմադիր կերպարանափոխումները: Անդրադառնալով սրանցից ՀՌԱԿ-ի ղեկավարների երեկվա ասուլիսին, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը գրում է. - «ՀՌԱԿ-ը փորձեց ուշադրություն հրավիրել հայկական ավիացիայում տիրող մտահոգիչ իրավիճակի վրա: Այս դեպքում դա նույնն էր, թե կուսակցությունը ուշադրություն հրավիրեր այն բանին, որ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է: Բանախոսները այդպես էլ չկարողացան բացատրել ներկաներին, թե ինչու են այսքան ուշ անհանգստանում ավիացիայի ճակատագրով: Եվ առհասարակ, ինչու այս պոպուլյար թեմաների վրա նրանք չէին բեւեռվում նախընտրական շրջանում, երբ ժողովուրդը, ըստ էության, այդպիսի թեմաների շուրջ էր ուզում պարզաբանումներ ստանալ, որպեսզի ըստ այդմ ընտրություն կատարի: Մնում է եզրակացնել, որ նախընտրական ու ընտրական գործընթացներում տապալված ՀՌԱԿ-ը պարզապես փորձում է որպես քաղաքական ուժ մոռացության գիրկը չանցնել», - ամփոփված է «Հայաստանի Հանրապետություն»-ում:

«Հերոսական ժամանակաշրջանը իր դրականով եւ բացասականով՝ ավարտվեց», - գրում է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Մոտակա տասնամյակներում 88 թվական այլեւս չի լինելու: Սկսվել է երկարատեւ «լճացման» ժամանակաշրջանը՝ նույնպես իր լավ ու վատ դրսեւորումներով: Մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով եւ, ինչ էլ խոսեն, ունեն մեկ գլխավոր նպատակ՝ ապահովել իրենց եւ իրենց մերձավորների բարեկեցիկ կյանքը: Այդպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը: Պարզապես այսօր, ի տարբերություն 1960-70-ական թվականների, մենք, հետապնդելով մեր անձնական շահերը, հնարավորություն ունենք մշակելու խաղի կանոններ, պայմանավորվելու, որ իրար չուտենք: Դա կոչվում է «շուկայական հարաբերություններ», կոպիտ ասած՝ կապիտալիզմ: Եթե կարողանանք պայմանավորվել, մեր շահերը համադրել, մեկ էլ տեսար՝ մթնոլորտն էլ փոխվեց», - հուսադրում է խմբագիրը:

«Կրճատել փողի ուժը» վերնագրի տակ «Երկիր» թերթի տեսաբանը արձանագրում է վերջին շաբաթներին օլիգարխների գերիշխանությունը սանձահարելու եւ նրանց գործունեությունն ու ազդեցությունը առավել նեղ շրջագծում տեղավորելու միտումը Հայաստանում ՝ պարտադրված «այդ շրջանակների ցուցաբերած ուղղակիորեն անվերահսկելի հասարակական դրսեւորւմների հետեւանքով»։ «Հայաստանում օլիգարխիան, ինչպես հատուկ է ասիական երկրներին, իր վարվելակերպով ու պահվածքով երբեք էլ չի փորձում տեղավորվել ընդհանուր հասարակական պատկերացումների ու արժեչափերի մեջ՝ մշտապես փորձելով ցուցանել սեփական «մեծությունն» ու «հզորությունը», - նշում է տեսաբանը: - «Տարիներ շարունակ իշխանությունների կողմից այս գործընթացին անտարբեր հետեւելը, շատ հաճախ՝ անգամ պարզապես համագործակցելը վաղ թե ուշ պետք է դադարեցվեր, քանզի չի կարող լինել հասարակական փոխվստահություն, ներքին համերաշխություն, երկրում վերափոխումների նկատմամբ հավատ՝ առանց քաղաքացիների շրջանում, գոնե առեւրեւույթ, անվտանգության ու հնարավորությունների հավասարության պատկերացում ձեւավորելու։ Իշխանությունը առնվազն հանուն սեփական վարկի ու հեղինակության, սեփական ծրագրերի իրականացման ապահովման պարտավոր էր դիմել առավել կտրուկ միջոցների՝ իրավիճակը շտկելու համար... Տնտեսաքաղաքական նման որոշ շրջանակներ այլեւս սպառնում էին դառնալ (առաջին նշանները կային) նաեւ քրեական-հանցավոր խմբավորումներ... Այլեւս ընդունված նորմ էր դարձել, որ այդ խմբերը պետությանը հարկ էին մուծում ոչ թե օրինական հաշվարկներով, այլ ըստ ցանկության եւ բարիկամեցողության։ Նրանք իրենց «մուծած» մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն դրամը շատ հաճախ ներկայացնում են որպես պետությանը արված բարեգործություն եւ ոչ երբեք տնտեսական օրինական պարտավորություն»: «Երկիր»-ում միաժամանակ շեշտադրված է. - «Այդպիսիների հանդեպ քայլերի չպետք է գնալ միայն «դանակը ոսկորին հասնելու» դեպքում ու կարճ ժամանակ հետո մոռացության մատնել ամեն ինչ։ Նման մարտավարությունը կարող է հաջողություն ունենալ նեղ շահադիտական, ինտրիգային տարրերի բացակայության դեպքում: Մարդիկ պետք է համոզված լինեն, որ պետական ապարատը սերտաճած չէ նման շրջանակների հետ կամ էլ կապերը խզել է այդ խմբերի հետ»։

«Դժվար թե մեզանում գտնվի իրավապահ կամ դատական մարմինների թեկուզ մեկ աշխատակից, որը չգիտի, թե ինչպես են սարքվում կեղծ քրեական գործերը, ինչ գումարների դիմաց են կասեցվում իսկականները, ինչպես են փաստաբանները հաճախ հանդես գալիս որպես միջնորդ՝ կաշառքը փոխանցելիս, ինչպիսի բեսպրեդել են գործում դատավորները». - «Դատավճիռ՝ արդարադատությանը» վերնագրված «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը նաեւ ուրվագծել է. - «Գործում է փտած մեխանիզմը, որի բռնակը պտտում են տարբեր տրամաչափի իշխանավորներն ու ղեկավարները։ Նրանք, ովքեր կորցնելով գիտակցությունը սեփական կարեւորության զգացումից, պատմում են հեռուստախցիկների առջեւ, թե ինչպես է իրենց անձնվեր ջանքերի շնորհիվ աճել հանցագործությունների բացահայտման տոկոսը... Կոռուպցիայի դեմ պայքարող հայրենի մարտիկները, չգիտես ինչու, համառորեն չեն նկատում դատավորի թիկնոցով մարդկանց։ Կարծես թե, մեզանում կանոնավորապես չեն պատահում անարդարացի դատավճիռների հետ կապված սկանդալներ, իսկ քաղաքացիները, դատարան գնալիս, չեն նախապատրաստվում դրան ինչպես հարսանիքի` փող հավաքելով բարեկամներից ու ծանոթներից... Համաձայն սոցիոլոգիական հարցումների, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հնարավոր չի համարում արդարություն գտնել դատարանում, համոզված լինելով, որ «գործը կշահի նա, ով ավելի շատ կվճարի»։ Սա՞ չէ արդյոք հայրենի արդարադատության դատավճիռը», - ամփոփում է «Հայոց Աշխարհ»-ը:

Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեմայով հարցազրույցում «Առավոտ»-ի թղթակիցը ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության անդամ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեին հարց է ուղղել. - «Իսկ հայաստանյան ընտրությունների փորձը առաջիկա ընտրություններում ձեզ համար օգտակար եղա՞վ»: Պատասխանն այսպիսին է. - «Կարծում եմ, այդ փորձը շատ օգտակար էր, բայց, ցավոք, դա տխուր փորձ էր: Ես հեռուստատեսությամբ նայում էի, թե ինչպես էր հայ ժողովուրդը բողոքում կեղծիքների դեմ, հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց: Բայց ես նաեւ տեսա, որ դա ապարդյուն անցավ, եւ Արեւմուտքը այդ ամենը կուլ տվեց... Ադրբեջանական ընդդիմության հիմնական կարգախոսն է՝ «Ո՛չ միապետությանը: Կեցցե հանրապետությունը»:

«Խաղաղությունը երկու երկրների միջեւ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ իսկական հանրապետական լինեն», - «Առավոտ»-ի հարցազրույցում ընդգծում է Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG