Մատչելիության հղումներ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել Եվրախորհրդի պատվիրակությունը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկուցողներ Երժի Յասկերնիան (Լեհաստան) եւ Ռենե Անդրեն (Ֆրանսիա), չորեքշաբթի օրը փաստահավաք առաքելությամբ ժամանել են Երեւան:

Պատվիրակությունը, առաջիկա չորս օրերին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի եւ կառավարության ղեկավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, պիտի զեկույց կազմի Հայաստանի կողմից Եվրախորհրդին անդամակցությամբ հանձնառած պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

Սա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության առաջին այցն է Հայաստան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք Եվրախորհրդի դիտորդները քննադատել էին որպես «ոչ ժողովրդավարական»: Իսկ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում արդեն սպառնալիքներ հնչեցին, թե կարող են Հայաստանի պատվիրակության մանդատը չհաստատելու հարց բարձրացնել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Երժի Յասկերնիան ասաց, որ այդ սպառնալիքները իրեն էլ զարմացրել էին:

«Խորհրդարանական ընտրությունները ավելի լավ անցկացվեցին, քան նախագահականը, ու եթե վերջինից անմիջապես հետո Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին, ապա դա ավելի տրամաբանական կլիներ, քանի որ այն ժամանակ ավելի շատ էին կեղծիքները, խախտումները եւ քննադատական մեկնաբանությունները, - ասաց Յասկերնիան: - «Ուստի կարծում եմ, Հայաստանի նոր պատվիրակության լիազորություների չճանաչումը վաղաժամ քայլ է, եւ այդ միջոցը հիմնված կլինի շատ միտումնավոր մոտեցումների ու էմոցիաների եւ ոչ թե ռեալ իրողություների վրա»:

Եվրախորհրդի լեհ պատգամավորը, սակայն, դժվարացավ միանշանակ պնդել, թե Խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակության լիազորությունները ճանաչել-չճանաչելու հարց չի առաջանա:

«Դժվար է ասել, թե ինչ կպատահի», - ասաց նա: - «Եվրոպայի խորհրդում խաղի կանոններից մեկն էլ այն է, որ պատգամավորների 10 հոգուց բաղկացած որեւէ խումբ կարող է որեւէ պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարց հարուցել»:

«Ես որպես զեկուցող կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ չի կարելի որեւէ որոշում կայացնել մինչեւ հունվարյան նստաշրջանը, որպեսզի օբյեկտիվ լինենք եւ ձեռնպահ մնանք էմոցիաներից: Մենք պիտի հնարավորություն տանք, որպեսզի Հայաստանը կատարի իր պարտավորությունները», - ասաց Յասկերնիան:

Նրա փոխանցմամբ, երկրի նախագահի ու վարչապետի հետ հանդիպումներում, ինչպես նաեւ կառավարության անդամների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցներում իրենք քննարկելու են նաեւ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների հարցը, որովհետեւ «մամուլի ազատությունն ու բազմակարծությունը Եվրախորհրդի առանցքային ստանդարտներից են»:

«Նույնը վերաբերում է նաեւ մահապատժի վերացմանը, ինչը, ըստ էության, համարվում է քննություն Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու առումով՝ որքան էլ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված մահապատժի վերացումը դժվարություններ հարուցած լինի երկրում», - ասաց Յասկերնիան:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG