Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի համադրմամբ, այժմ զուգահեռաբար ընթացող «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով երկու դատավարություններն էլ «հղի են սկանդալային իրավիճակներով եւ ներքաղաքական մթնոլորտի վրա էական ազդեցությամբ»: Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, Հայաստանում գրեթե ոչ մի դատավարություն չի հետապնդում ճշմարտությունն ի հայտ հանելու եւ արդարադատությունն իրագործելու նպատակ: Եվ այս երկու դատավարություններում էլ «բուն իրավական տրամաբանություն չկա, քանի որ քաղաքական դաշտի մի մասը գործող իշխանությանը կասկածում է «27»-ը կազմակերպելու մեջ, իշխանությունն էլ ձգտում է դա հավասարակշռել Արմեն Սարգսյանին դատելով»: «Երբ լուծվում է քաղաքական խնդիր, արդարադատությունը լռում է: Իսկ աղմկալի դատավարությունների քանակը գնալով աճելու միտում ունի», - նախանշվում է «Իրավունք»-ում: - «Ըստ որոշ տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանը պատվիրել է իրավապահներին մինչեւ սեպտեմբերի 1-ը ձերբակալել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Նուբարաշենում տեղի ունեցած կրակոցների, դրանց նախորդած եւ հաջորդած դեպքերի հետ: Պարզ է, որ նույն վարչահրամայական տարբերակով կհրահանգվի նաեւ համապատասխան դատարավություն անցկացնել, որը կդառնա յուրահատուկ շոու՝ ցույց տալու համար, թե ինչպես է իշխանությունը պայքարում մաֆիայի դեմ: Մեկ-երկու հատ էլ հակակոռուպցիոն ցուցադրական դատեր կսարքեն»:

«Երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը դեպքից չորս տարի անց հանկարծ դիմում է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողներին, նրանց իրավահաջորդներին եւ այլոց խնդրանքով՝ գործի անջատված մասով տեղեկություններ հաղորդել ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա չի արվել ավելի վաղ», - ուշադրություն է սեւեռում այսօր «Առավոտ» թերթի խմբագրականը։ «Առավոտ»-ի ընկալմամբ, պարզապես «անհրաժեշտ էր վերջնական ակորդ, որը կփարատեր բոլոր կասկածները, թե իշխանություններն այնքան էլ հակված չեն բացահայտելու «Հոկտեմբերի 27»-ի գործը։ Հենց այդ ակորդն էլ գլխավոր դատախազության կոչն էր բոլոր շահագրգիռ անձանց՝ խնդրանքով, որ վերջիններս ներկայանան ու, ի վերջո, պատմեն, թե կոնկրետ ո՛ւմ ձեռքից են տուժել... Իսկ եթե այդպիսիք չկան, ուրեմն մենք ձեռքերը լվանում ենք։ Չե՞ք կարողանում հանցագործությունը բացահայտել, սիրելի տուժողներ, ուրեմն, հաջողություն ձեզ: ործը փակված է», - իշխանության միտքն է մեկնում «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, «Հոկտեմբերի 27-ի գործով դատավարության ընթացքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները մտադրվել են մինչեւ Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումն ավարտել այն: Իրադարձությունների նման ընթացքը հնարավորություն կտա մահապատժի դատապարտել Նաիրի Հունանյանին եւ նրա անմիջական օգնականներին: Իհարկե, կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումից հետո դատավճիռը կփոխվի, եւ մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, սակայն մահապատժի վճռի հրապարակումը իշխանություններին հնարավորություն կտա PR ակցիա իրականացնել՝ ցույց տալու համար, որ իրենք ամենեւին էլ շահագրգիռ չեն «Հոկտեմբերի 27»-ի գործում, եւ Նաիրի Հունանյանին մահապատժի չենթարկելը ոչ թե իշխանությունների ցանկությունն է, այլ եվրոպական կառույցների պահանջը»« - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն անելու համար «Հանրապետություն» կուսակցությունը սպասում է ՀԺԿ-ին: ՀԺԿ-ն առայժմ չի շտապում: Այդ բացը լրացնելու եւ ընդդիմության առաջիկա անելիքների մասին խոսելու համար «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանին: Վերջինս մասնավորապես ասել է. - «Ամբողջովին համամիտ եմ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի այն որակմանը, որ դատարանը վերածվել է ֆարսի: Իսկ դատավորը, պետական մեղադրողը եւ մեղադրյալները, դառնալով մեկ թիմ, փորձում են ճնշել տուժողների իրավահաջարդներին եւ նրանց ներկայացուցիչներին: Իշխանությունները որոշում են կայացրել մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը վերջացնել իրենց հոգեբանորեն ճնշող քաղաքական նշանակություն ունեցող եւ հասարակությանը հուզող դատավարությունները, որպեսզի դրանից հետո ավելի ազատ կարողանան զբաղվել ղարաբաղյան հարցի լուծմամբ:»: Ընդդիմությունը շարունակում է իր հիմնական խնդիրը համարել իշխանափոխությունը: «Մենք անպայման կկազմակերպենք հանրահավաքներ, եւ համարում եմ, որ վստահության հանրաքվե անցկացնելու Սահմանադրական դատարանի որոշումը եւս պետք է իրագործվի», - նշում է Արամ Սարգսյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը «Հայոց Աշխարհ» թերթի թղթակցին ասել է. - «Ոչ ոք չի կարծում, թե ընդդիմությունը այս երկրի թշնամին է, եւ եթե իրենք տրամադրված են կառուցողական աշխատանքի, միշտ էլ կարելի է բանավիճել եւ հանգել ընդհանուր հայտարարի... Եթե, օրինակ, ընդդիմությունը ներկայացնի նախագիծ այս կամ այն սոցիալական կամ տնտեսական կարեւոր խնդիրը լուծելու համար եւ միաժամանակ հիմնավորի անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների առկայությունը, ինչո՞ւ պետք է դեմ լինենք»: «Օրինաց Երկիր»-ի ներկայացուցիչը որպես համագործակցության օրինակ հիշատակում է ժամանակին Կոմկուսի հետ համատեղ ներկայացված մի նախագիծ:

Կոմունիստներն էլ, սակայն, դատելով «Հայոց Աշխարհ»-ում կենտկոմի բյուրոյի անդամ Ֆրունզե Խառատյանի հարցազրույցից, մտադիր են կարծրացնել իրենց դիրքորոշումները: Իսկ իրենց նախկին առաջնորդի մասին Խառատյանը ասում է. - «Նա ընդդիմություն էր միայն խոսքով: Վլադիմիր Դարբինյանը Արտաշես Գեղամյանի հետ ստեղծեցին իբր թե հայրենասիրական ուժերի այդ ճակատը, ուր ընդգրկվեց նաեւ Պարույր Հայրիկյանը: Բա աբսուրդ չէ՞ կոմկուսը Հայրիկյանի կողքին: Ընդհանրապես մեր կուսակցության մեջ ստեղծված իրավիճակի, փոխադարձ անվստահության մթնոլորտի հիմնական մեղավորը Վլադիմիր Դարբինյանն է: Եթե իր կեցվածքն ու գործունեությունը չլիներ, ժամանակին կոմկուսից չէին անջատվի ո՛չ ՀՆԿԿ-ն, ո՛չ էլ նույնիսկ Առաջադիմական կոմկուսը»: Խոսելով առաջիկայի մասին, Ֆրունզե Խառատյանը նշում է. - «Ազգային միաբանության» հետ դաշինքը 100 տոկոսով բացառվում է: Այդ կուսակցությունն ի սկզբանե ճիշտ քաղաքականություն չվարեց, հակառակ դեպքում ընդդիմադիր դաշտն այսօր այս վիճակում չէր լինի: Արտաշես Գեղամյանն իրեն հենց սկզբից հռչակեց նախագահի թեկնածու, ինչ-ինչ ամպագոռգոռ ծրագիր առաջ քաշեց, ուր բաներ կան գրված, որոնցից ինքն էլ ոչինչ չի հասկանում»:

«Այս աշունը եւս լինելու է խաղաղ ու բարեկիրթ: Այնպես որ, ընդդիմությունը թող թեժ բաներն այլ տեղերում փնտրի», - հավաստիացնում ու խորհուրդ է տալիս իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե նրանք կարծում են, որ վստահության հանրաքվեի հարց են բարձրացնելու եւ երկրում հեղափոխություն են անելու, ապա ես պետք է ընդդիմությանը հիասթափեցնեմ: Հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը դեմ են հեղափոխություններին, իսկ մենք հարգելու ենք մեծամասնության կարծիքը», - բանաձեւում է Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում՝ ի վերջո ընդդիմության խորհուրդ տալով «քարը փեշից թափել եւ կառուցողական հարաբերություններ ստեղծել իշխանությունների հետ»: Թղթակիցը «Արդարություն» դաշինքին է փոխանցել Սահակյանի կարծիքը, որ իշխանափոխությանը միտված ընդդիմության ցանկացած քայլ դատապարտված է, եւ ստացել հետեւյալ պաշտոնական արձագանքը. - «Իհարկե, եթե այդ քայլերը չեն տանում դեպի մարշրուտնու գիծ, բնական է, որ Գալուստ Սահակյանի համար իզուր քայլեր են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG