Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շարունակում է պնդել, որ անմեղ է


Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննության երկրորդ նիստում Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը՝ գործարար Արմեն Սարգսյանը, որը մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ, կրկին հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Սպանության անմիջական կատարողը՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող Ջոն Հարությունյանը նույնպես հաստատելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, այսօրվա դատական նիստում իրեն մեղավոր ճանաչեց:

Նաղդալյանը սպանվել էր անցած դեկտեմբերի 28-ին՝ ծնողների բնակարանից դուրս գալիս: Արմեն Սարգսյանը մեղադրվում է այդ սպանությունը 75 հազար դոլարով պատվիրելու մեջ: Սարգսյանի ազգականները, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդները, որոնցից է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պնդում են, թե մեղադրանքը քաղաքական նկատառումներ ունի՝ վկայակոչելով, որ Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան մի շարք միջնորդություններով: Դատավոր Սարիբեկ Արամյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ որոշելով, որ 13 ամբաստանյալներից 6-ի հարցաքննության ժամանակ Արմեն Սարգսյանին դահլիճից կհեռացնեն: Միջնորդության հիմնավորումը այն է, թե նրա ներկայությամբ այն ամբաստանյալները, ովքեր նախաքննության ընթացքում շոշափել են նրա անունը, իրենց կաշկանդված կզգան:

Ըստ գործի նյութերի, սպանությունը կազմակերպվել է Սարգսյանների հեռավոր ազգական Հովհաննես Հարությունյանի կողմից, ինչի դիմաց Արմեն Սարգսյանը վճարել է 75 հազար դոլար: Վերջինս, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե Հարությունյանն իրեն շանտաժի է ենթարկել, եւ ինքը այդ գումարը վճարել է՝ վախենալով իր ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդարից:

Ամբաստանյալներից Լյովա Հարությունյանը, ում երեխաների կնքահայրն է Արմեն Սարգսյանը եւ ում պատկանող խորտկարանում, ըստ նախաքննություն, առաջին անգամ խոսվել է սպանության մասին, այսօրվա նիստում փորձեց հայտարարություն հրապարակել, թե՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը իր մասին «հերյուրանքներ» է տարածում, ինչը կանխվեց դատավոր Արամյանի կողմից:

Նիստից հետո Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկնեց հանրահավաքներից մեկի ժամանակ ասածը, թե Լյովա Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է: Հարցին, թե նկատի ունենալով դա, արդյո՞ք Բազեյանը այս գործում հատուկ ծառայությունների հետք է տեսնում, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց. - «Հիմա ոչինչ պնդել հնարավոր չէ, ընթանում է դատաքննություն: Մեր խնդիրը մեկն է. մենք մեծ ցանկություն ունենք, որ դատարանը իրականում բացահայտի, թե ովքեր էին Տիգրան Նաղդալյանին սպանողները եւ կազմակերպիչները»:

Բազեյանի խոսքերով, այս գործի բացահայտման մեջ կասկածելի հանգամանքներ կան. - «Ղարաբաղում ձերբակալվեց այս հանցագործների խումբը մեկ այլ գործով: Եվ նրանք խոստովանեցին, որ կատարել են նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը եւ սպանության զենքն էլ ինչ-որ տեղ պահված է: Այս բոլորը, բնականաբար, կասկածների տեղիք է տալիս»:

Դատական հերթական նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG