Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց դադարեցնել «Հոկտեմբերի 27»-ի գործով վկաների հարցաքննությունը


«Հոկտեմբերի 27»-ի դատավարության հերթական նիստում երկուշաբթի օրը դատավոր Սամվել Ուզունյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը եւ որոշեց դադարեցնել վկաների հարցաքննությունը: 2001 թվականի փետրվարից ի վեր ընթացող դատավարության ընթացքում հարցաքննվել ու ցուցմունք են տվել 129 դատակոչված վկաներից միայն 28-ը:

Մեղադրող կողմը բավարար է համարում արդեն հարցաքննված վկաների ցուցմունքները, դատարանն էլ բավարար հիմքեր է տեսնում բավարարելու համար մեղադրող կողմի համապատասխան միջնորդությունը:

Դեռ անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում գլխավոր դատախազության կողմից գործին կցված (մեղադրող կողմը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունուն ներկայացնում է զինվորական դատախազությունը) մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարել էր, թե հնարավոր է, որ վկաների ցուցակը կրճատվի: Ավելի ուշ Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն էր «Ազատություն» ռադիոկայանին ասել. - «Դատակոչի ցուցակում ընդգրկված են եղել բոլոր այն վկաները, ովքեր գործի հետ առնչվող ցուցմունքներ են տվել: Պահեր կան, որ արդեն իսկ ամբաստանյալներն իրենց ցուցմունքներով ընդունել են, պահեր կան, որ տուժողների, մյուս վկաների ցուցմունքներով արդեն իսկ հիմնավորվել են»:

Անցած շաբաթ, սակայն մեղադրողներից Գագիկ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե վկաների ցուցակը կրճատելու խնդիր «այս պահին չի առաջացել»: Իսկ այսօր արդեն նույն Ավետիսյանը պնդեց, թե նման խնդիր առաջացել է:
«Ամեն վայրկյան իրավիճակը կարող է փոխվել», - շարունակեց Ավետիսյանը: - «Սա գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն վրա չի անդրադառնում երբեւէ: Հակառակը՝ հնարավորություն է տալիս, որ լրիվ, ամբողջությամբ քննությունը կատարվի-ավարտվի»:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչով է հիմնավորված վկաների հարցաքննությունը դադարեցնելու մասին իրենց միջնորդությունը, ասաց. - «Հիմնավորումը գործի անջատված մասն է»: Նրա պնդմամբ, այն վկաները, ովքեր իրենց միջնորդության հետեւանքով, ցուցմունքներ չեն տա դատարանում, վերաբերում են «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասին:

Դատարանի այսօրվա որոշմանը դեմ են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների խմբի կողմից գնդակահարվածների հարազատները, դատարանում վերջիններիս շահերի պաշտպանները:

«Ահավոր զայրացած եմ: Ես ոչ մի հույս չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: - «Սա քաղաքական որոշում էր: Դատարանը այս որոշումը պատրաստում էր ամբողջ վեց ամսվա ընթացքում, երբ դատավարությունը ընդհատված էր»:

«Քաղաքական որոշումը դատարանի դահլիճում չի լուծվում», - հակադարձում է Կորյուն Փիլոյանը՝ պնդելով, թե ունեն կոնկրետ գործ, մեղադրանք, մեղադրյալներ, եւ քննությունը կատարվում է միայն այդ շրջանակներում եւ ոչ թե անջատված մասով:

Դատարանում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը խիստ դժգոհ է դատարանի այսօրվա որոշումից՝ փաստարկելով, թե բոլոր 129-ը վկաները զինվորական դատախազության մեղադրական եզրակացությամբ ներգրավվել էին որպես վկա այս գործով, այլ ոչ թե գործից անջատված մասով:

«Ակնհայտ է, որ գլխավոր դատախազության ֆունկցիան այսօր զիվորական դատախազության մեղադրողների վրա հսկողական, գեստապոյական ֆունկցիա է», - ավելացրեց Սարգսյանը:

«Հստակ ի սկզբանե ասել եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը պատվիրված է, եւ պատվերը եկել է իշխանությունների կողմից: Եվ իրենց մշակած սխեմայով է դատաքննությունը շարունակվում», - «Ազատություն» ռադիոակայանին ասաց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Նրա գնահատմամբ, իշխանությունները հակված չեն, որ դատավարությունը օբյեկտիվ ընթանա: Ըստ Սարգսյանի, վկաները շատ արժեքավոր ցուցմունքներ են տալիս, որոնց լույսի ներքո նոր հանգամանքներ են ի հայտ գալիս. - «Այսինքն՝ այն կասկածները, որոնք առաջանում են դատաքննության ժամանակ, չեն բավարարում գործող իշխանությանը»:

Նրա համոզմամբ, ի սկզբանե երկու գործ կազմելը («Հոկտեմբերի 27»-ի եւ դրանից անջատված մասով) հետապնդում էր գործը «պարտակելու նպատակ»:

Տեսականորեն, տուժողների իրավահաջորդները, նրանց շահերը դատարանում պաշտպանող փաստաբանները կարող են դեռ հանդես գալ միջնորդություններով՝ հիմնավորելով այս կամ այն վկային դատակոչելու անհրաժեշտությունը:


Վկաների հարցաքննությունը դադարեցնելու մասին որոշմանը համաձայնեց նաեւ Նաիրի Հունանյանը՝ մեկ բացառությամբ. նա կամենում է, որ դատարանում ցուցմունքներ տա նախագահ Քոչարյանի նախկին խորհրդական, ներկայումս Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Վերջինս նախ մեղադրյալների շարքում էր, սակայն մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակեց: Գործը նրա նկատմամբ կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG