Մատչելիության հղումներ

Ներված մահապարտները հանդիպում են խնդրում ԱԺ ղեկավարության հետ


Անցած շաբաթ նախագահ Քոչարյանի հրամանագրով ներման արժանացած բոլոր 42 մահապարտները, ում պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ, հինգշաբթի օրը ներկայացրած դիմումով հանդիպում են խնդրել խորհրդարանի ղեկավարության հետ:

Դատարանների վճիռներով մահվան դատապարտված այս մարդկանցից 6-ը ներման խնդրանքով դիմում չէին ներկայացրել նախագահին: Նախկին մահապարտներից մի քանիսը անգամ բողոքի հացադուլ էին սկսել, որը, սակայն, խորհրդարանի ղեկավարությանը դիմելուց եւ կալանավայրերի վարչության պետի՝ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումը կազմակերպելու խոստումը ստանալուց հետո դադարեցրել են:

Արդարադատության նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց, որ Ազգային ժողովի ղեկավարությունը կտեղեկացվի եւ հնարավորության դեպքում հանդիպումը տեղի կունենա: «Որքան ես տեղյակ եմ, նրանք որոշակի պարզաբանումներ են ուզում ստանալ իրենց հետագա ճակատագրի հետ կապված», - ավելացրեց նա:

«Մենք ուզում ենք հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ, որը նախագահին մոտիկ է, կամ Աղվան Հովսեփյանի հետ դատախազությունից: Սրանք այն մարդիկ են, որ կարող են մեզ լուրջ բան ասել, որովհետեւ մենք այսօր չգիտենք նույնիսկ բողոքելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ», - Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին մահապարտներից Արմեն Տեր-Սահակյանը:

Տեր-Սահակյանը, որ մահապատժի էր դատապարտվել բանդիտիզմի, սպանության երեք փորձի եւ դրանցից երկուսին հանցակից լինելու մեղադրանքով, ներման դիմում նախագահ Քոչարյանին ներկայացրել էր, սակայն՝ ցմահ ազատազրկումից առավել մեղմ պատժի ակնկալիքով:

«Եթե պիտի ցմահ թողնեն, ես պատրաստվում եմ այսօր նախագահին դիմում գրել, որ իմ մահապատիժը ի կատար ածեն», - ասաց նա:

Նախագահի հրամանագրից դժգոհությունները տարբեր կարգի են: Մահապատժի դատապարտվածներից նրանք, ովքեր ներման դիմում չէին գրել, պարզապես անտարբեր են. իրենց համար միեւնույն է՝ մահապատիժ թե ցմահ բանտարկություն: Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալների, միակը, որը երբեւէ ներում չի հայցել՝ պնդելով, որ ինքն անմեղ է, Արթուր Մկրտչյանն է, ով մահապատժի էր դատապարտվել 5 զինծառայողի սպանության մեղադրանքով:

Մկրտչյանը բողոքի արդեն դադարեցված հացադուլի մասնակից էր: Իրեն ապօրինի դատապարտված համարող Մկրտչյանը բողոքը նա հիմնավորեց այսպես. - «Մի պատժի վերաբերյալ պատասխանը դեռ չստացած, երկրորդ՝ էլի նույն ծանրության պատիժ տվեցին»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով երեկ էր կալանավայրում հանդիպել ներված մահապարտներից ոմանց հետ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նրանք հույս ունեին, որ մահապատժի վերացումից հետո իրենց գործերը կվերանայվեն: Իսկ ցմահ բանտարկությունը ավելի խիստ պատիժ են համարում, քան մահապատիժը:

«Հատկապես ներման դիմում չգրողներն էին դժգոհում, թե ինչ հիման վրա է իրենց դատավճիռը փոխարինվել», - ասաց Իշխանյանը՝ ներկայացնելով իր տեսակետը, թե հանախագահի հրամանագիրը ժամանակավրեպ էր. - «Քանի որ, սպասվում էր՝ արդեն աշնանային նստաշրջանում 6-րդ արձանագրությունը վավերացնել եւ մահապատիժը վերացնել»:

Իշխանյանը համոզված է, որ նախագահի հրամանագիրը «ռեւերանս» էր Եվրախորհրդին, որն, ի դեպ, ողջունել էր ներման մասին նախագահ Քոչարյանի հրամանագիրը:

Նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, տվեց հետեւյալ պարզաբանումը. - «Ստորագրելով ներում շնորհելու մասին հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության նախագահը ղեկավարվել է իր սահմանադրական իրավունքով: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի համաձայն, մահապատիժը վերացվում է: Որոշումը կայացվել է նաեւ Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG