Մատչելիության հղումներ

Հրապարակվել են պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը


2002 թվականին իրենց եկամուտների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել են շուրջ 70 հազար պոտենցիալ հայտարարատուներից մոտ 46 հազարը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, այս տարի իրենց տարեկան վաստակը եւ կայքը պարտադրաբար հայտարարագրող անձանց շրջանակը զգալիորեն ընդլայնվել է՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ու պատգամավորներին միացել են պետական քաղաքացիական ծառայության գլխավոր եւ բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները՝ ներառյալ ոստիկանության, հարկային եւ մաքսային բնագավառի աշխատակիցներն ու նրանց կապակցված անձինք։

Այն հայտարարատուները, ովքեր զլացել են հայտարարագրեր ներկայացնել, Ալավերդյանի փոխանցմամբ, վարչական տույժերի են ենթարկվում: Մինչեւ այժմ նման տույժեր են կիրառվել 548 պաշտոնյաների նկատմամբ. նման դեպքերի համար օրենքը 50 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։

Արդեն հաջորդ տարի իրենց եկամուտների եւ գույքի վերաբերյալ պարտադիր հայտարարագիր պետք է լրացնեն նաեւ խոշոր գործարարները, իսկ 2005-ին հերթը կհասնի երկրի բոլոր քաղաքացիներին։

«Առայժմ քննարկվում են այդ գործընթացը հնարավորինս սահուն ամբողջացնելու մեխանիզմները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արմեն Ալավերդյանը։ Հաշվի է առնվում մի շարք անցումային երկրների, մասնավորապես Ռուսաստանի բացասական փորձը, որտեղ եկամուտների եւ ունեցվածքի պարտադրիր հայտարարագրման սխեման ներդրվեց միանգամից, սակայն չարդարացրեց իրեն:

Հազիվ թե ակնկալելի է, որ եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման արդեն ավարտված կամպանիան լուրջ արդյունքներ գրանցի։ Պաշտոնյաները, ինչպես անցյալ տարի, ամենայն հավանականությամբ, հայտարարագրել են իրենց փոքրիկ պաշտոնական վաստակները, եւ իհարկե, շատ համեստ գույքը։ Եվ կարող է նորից պարզվել, որ, օրինակ, գերեկամտաբեր մի քանի խոշոր բիզնեսներ վերահսկող նախարարի տարեկան եկամուտը չի անցնում 3 միլիոն դրամից ։

Հարցին, թե հնարավո՞ր է ներկայացված հայտարարագրերի հիման վրա ստուգումներ սկսել ու պարզել դրանցում մատուցված տվյալների իսկությունը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ գործող օրենքը առայժմ պաշտոնյաների ներկայացրած տվյալների լիարժեք ստուգման մեխանիզմներ ու հնարավորություններ չի տալիս։ Ընդ որում՝ առայժմ նման խնդիր չի էլ դրվում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG