Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը չի շտապում արձագանքել Իլհամ Ալիեւի նշանակմանը Ադրբեջանի վարչապետի պաշտոնում


Ինչպես նախագահ Քոչարյանի աշխատակազմը, այնպես էլ Հայաստանի արտգործանախարարությունը երկուշաբթի օրը ձեռնպահ մնացին մեկնաբանել Ադրբեջանի նախագահի որդու՝ Իլհամ Ալիեւի նշանակումը երկրի վարչապետի պաշտոնում՝ փոխանցելով սոսկ, թե «ուշադրությամբ հետեւում են զարգացումներին»:

Ամառային արձակուրդից հետ կանչված Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստում երկուշաբթի օրը Հեյդար Ալիեւի 41-ամյա որդուն, պետական նավթային կորպորացիայի ղեկավար Իլհամ Ալիեւին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ առաջարկությամբ խորհրդարանին էր դիմել Թուրքիայի զինվորական հոսպիտալներից մեկում բուժվող Հեյդար Ալիեւը: Արդեն նախկին վարչապետ Արթուր Ռասի-զադեի պաշտոնաթողության մասին պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն եղել:

Այս տարվա ապրիլին հրապարակային ելույթի ժամանակ երկու անգամ կորցնելով գիտակցությունը վայր ընկնելուց հետո ավագ Ալիեւը արդեն մի քանի անգամ բուժման էր մեկնել Թուրքիա: Հեյդար Ալիեւի առողջության մասին շարունակում են հակասական տեղեկություններ ստացվել: «Երկու օր առաջ հայրս ուզում էր վերադառնալ, բայց բժիշկները որոշեցին լրացուցիչ զննումներ անցկացնել: Համոզված եմ, որ շուտով նա կվերադառնա», - երկուշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել է Իլհամ Ալիեւը:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը այսօր ասել է. - «Բժիշկները անում են իրենցից կախված ամեն բան: Մի մտահոգվեք, Ադրբեջանում ընտրություններ են լինելու, եւ գործելու է Սահմանադրությունը: Մենք հավատում ենք, որ ամեն ինչ կշարունակվի առանց ապակայունության»:

Սակայն «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը այսօր հաղորդել է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը առաջին անգամ ընդունել է, որ նախագահը սրտի պրոբլեմ ունի: Իսկ Ալիեւին բուժող բժիշկներից մեկը նույն գործակալությանն ասել է. - «Ալիեւի վիճակը լուրջ է եւ չի փոխվել»:

Դիտորդների կարծիքով, այս քայլով Ադրբեջանի նախագահը ընտրություններից առաջ լրացուցիչ երաշխիքներ է տալիս Ադրբեջանի իշխող վերնախավին, քանի որ, ըստ այդ երկրի Սահմանադրության, վարչապետը պետության երկրորդ դեմքն է, եւ երկրի նախագահի մահվան կան հիվանդության դեպքում նրա լիազորությունները եւ պարտականությունները անցնում են վարչապետին։

Գալիք հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր Ալիեւը։ Վերջինս, սակայն, հայտարարել էր, թե թեկնածությունն առաջադրել է՝ օգոստոսի 6-ին սկսվող նախագահական քարոզարշավում Հեյդար Ալիեւի օգտին քարոզելու համար ավելի լայն հնարավորություններ ստանալու համար:

Վերլուծաբանները, սակայն, գտնում են, որ Իլհամ Ալիեւին վարչապետ դարձնելով, Հեյդար Ալիեւը փաստորեն նրա առջեւ ճանապարհ է բացում դեպի նախագահություն՝ հրաժարվելով հոկտեմբերի 15-ի ընտրություններում հաղթելու մտադրությունից:

Հայաստանյան քաղաքական ուժերը տարակարծիք են հայ-ադրբեջանական հարաբերությունների, արցախյան խնդրի կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումների վրա Ալիեւի որդու՝ վարչապետ դառնալու հնարավոր հետեւանքների վերաբերյալ:

Տարակարծության կա անգամ իշխող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ: Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ՀԿԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը քաղաքական այս իրավիճակում Հայաստանի համար ձեռնտու է համարում Ալիեւի մնալը: Սահակյանի խոսքերով՝ այսուհետ «անորոշ է մեզ համար», թե ինչ քաղաքականություն կվարի Ադրբեջանը:

«Հենց այդ անորոշությունն էլ նաեւ վտանգավոր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը: - «Նոր իրողություններ են առաջանում Ադրբեջանում, ուստի դժվար թե այլեւս Հեյդար Ալիեւի մոտեցումներով առաջանորդվեն»:

Կոալիցիայի անդամ մյուս կուսակցության՝ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, սակայն, այլ կարծիքի է: Նրա խոսքերով, «այս անցուդարձը» Ադրբեջանում որեւէ կերպ չի անդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա, քանի որ մեր բանակը կարող է համարժեք պատասխան տալ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում:

«Միջազգային չափանիշերով ոչ ժողովրդավար երկրներ են կոչվում նրանք, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: Այս օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանում, այնուամենայնիվ, ժողովրդավարությունը դեռ կայացած չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելացրեց Կարապետյանը:

Քաղաքական կոալիցիայի երրորդ անդամի՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի կարծիքով, իրական իշխանությունը որդուն փոխանցելու ճանապարհին «հավանաբար Ալիեւը ստացել է մի շարք ուժային կենտրոնների համաձայնությունը»: Շահգելդյանի խոսքերով, Իլհամ Ալիեւը կարող է ձեռք բերել այնպիսի հեղինակություն, որը նրան հնարավորություն կտա շարունակել Ավագ Ալիեւի ղարաբաղյան քաղաքականությունը:

Նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը բազմաթիվ դեմ առ դեմ հանդիպումներում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղիները, եւ 2001 թվականի գարնանը, կարծես թե, մոտ էին խաղաղ համաձայնության գալուն: Անցած աշնանը Պրահայում կայացած վերջին նման հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները, սակայն, դադար են առել՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը Հայաստանում եւ Ադրբեջանում:


Արմեն Զաքարյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG