Մատչելիության հղումներ

Առեւտրային բանկերը սկսելու են գումարներ փոխանցել ավանդների երաշխավորման հիմնադրամին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի կենտրոնական բանկից, շուրջ երկու տարի առաջ սկսված՝ ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներ հաջողությամբ առաջ են ընթանում, եւ ավարտվող ամսվա սկզբից արդեն գործում է կարգը, ըստ որի բոլոր բանկերը յուրաքանչյուր եռամսյակ պարտավոր են գումարներ փոխանցել ստեղծվող հիմնադրամին:

Հայաստանում գործող անխտիր բոլոր առեւտրային բանկերը այսուհետ յուրաքանչյուր եռամսյակ ավանդների երաշխավորման հիմնադրամին պիտի փոխանցեն հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի կողմից ներգրավված ավանդների միջին տարեկան 0.5 տոկոսը:

Դեռեւս ապրիլին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում հաստատվել էր «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների եւ հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգը, ըստ որի արտարժութային ավանդի համար երաշխավորված գումարի առավելագույն չափը սահմանվել է մեկ միլիոն դրամ, իսկ դրամային ավանդի համար՝ 2 միլիոն դրամ:

Ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծման հայեցակարգի մշակումը սկսվել է շուրջ երկու տարի է առաջ: Ազգային ժողովը արդեն օրենսդրորեն պարտավորեցրել է Կենտրոնական բանկին, որպեսզի համապատասխան մարմինը սկսի աշխատել 2005 թվականի հուլիսի 1-ից:

Սա, անշուշտ, պետության նկատմամբ ավանդատուի վստահությունը մեծացնելուն ուղղված քայլ է, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում, որ մեզանում այլեւս որեւէ բանկ չի «պայթի», ինչպես եղել է 1993-95 թվականներին, երբ հազարավոր ավանդատուներ կորցրեցին իրենց գումարները GMZ, «Նոյ», «Արմենիա» եւ այլ «պայթած» բանկերում:

Հաջորդ նման ալիքը տեղ գտավ երկու տարի առաջ, թեեւ այս անգամ հնարավոր եղավ հետ բերել կորուստները: Ըստ Կենտրոնական բանկի լրատվական ծառայության՝ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած տվյալները, գրեթե բոլոր բանկերը («Թրասթ», «Ադանա», «Կրեդիտ - Սերվիս» եւ այլն), ըստ էության, վերադարձրել են իրենց ավանդատուներին ունեցած բոլոր պարտքերը: Չլուծված է մնում բացառապես «Կրեդիտ - Երեւան» բանկի թվով 130 ավանդատուների հարցը: Վերջիններիս մի մասի ավանդները գերազանցում են 20 հազարական դոլարը, իսկ մյուս մասը պարզապես բանկի հետ չի կնքել գումարների վերադարձման վերաբերյալ պայմանագիրը: Ներկայումս ընթացքի մեջ է բանկի գույքի օտարման գործընթացը, ինչից հետո ավանդատուների այս խմբերն էլ պիտի ստանան իրենց գումարները:

Կենտրոնական բանկի մամլո քարտուղար Զարուհի Բարսեղյանի տեղեկացմամբ, ներկայումս քաղաքացիների ժամկետային ավանդները բոլոր 20 բանկերում կազմում են 45,5 միլիարդ դրամ (մոտ 80 մլն դոլար):


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG