Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի դրամաշնորհով գնված պարարտանյութը բաժանվելու է ցրտահարությունից տուժած մարզերի բնակիչներին


Կառավարությունում չորեքշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին անցած ձմռանը ցրտահարությունից տուժած համայնքներին որպես օգնություն հատկացվելիք պարարտանյութերի բաշխման նախապատրաստական աշխատանքները:

Անցած տարվա արտասովոր խիստ ձմռանը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ցրտահարվել էին խաղողի եւ մրգատու այգիները: Պաշտոնական տվյալներ, ցրտահարության հասցրած վնասը գնահատվել էր 26 մլրդ դրամ (մոտ 45 մլն դոլար): Պարարտանյութերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը Հայաստանի կառավարությունը հատկացրել է Համաշխարհային բանկը՝ ընդհանուր առմամբ 1,3 մլն դոլար:

«Դրանք Հայաստանում երկար ժամանակ չգործածված, բայց խիստ անհրաժեշտ պարարտանյութեր են», - խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, որ պարարտանյութերի ներկրումը Իրանից արդեն սկսվել է:

Բացատրելով այս հարցում ժամանակի որոշակի կորուստը, Լոքյանը պարզաբանեց, որ կառավարության համապատասխան որոշումը ընդունվել էր միայն մայիսի 15-ին: Բացի դրանից, սկզբում պարարտանյութերը ծրագրվում էր գնել Ռուսաստանից, սակայն մատակարարների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով գործարքը չի կայացել, եւ այժմ պարարտանյութերը մատակարարվում են Իրանից:

Խորհրդային տարիներին Հայաստանում գործող հակակարկտային համակարգը ներկայումս չի գործում, քանի որ համապատասխան սարքավորումներ արտադրող գործարանը ռուսաստանյան Նիժնի Նովգորոդում չի աշխատում 1996 թվականից:

Դավիթ Լոքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրված է օգտագործել մթնոլորտային երեւույթների դեմ Ֆրանսիայում լայնորեն կիրառվող մեթոդը: Նախագահ Քոչարյանը Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ ֆրանսիական մեթոդը մինչեւ մյուս գարուն արդեն կփորձարկվի Հայաստանի 2-3 մարզում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG