Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային այցը սկսում է Հայաստանից


Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվեթիեն երկուշաբթի օրը տարածաշրջանային առաջին այցի շրջանակներում Երեւանում հանդիպումներ է ունեցել իշխանությունների եւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ինչպես Հայաստան - Եվրամիություն կապերին, այնպես էլ տարածաշրջանային ու ներհայաստանյան խնդիրներին վերաբերող հարցեր:

«Ես աշխատանքային առաջադրանք ունեմ բանաձեւել Եվրամիության շահերը տարածաշրջանում, որոնց վերաբերյալ զեկույց պիտի ներկայացնեմ մինչեւ տարեվերջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ֆինն դիվանագետը՝ ավելացնելով, թե դրա համար անհրաժեշտ կլինի 5-6 անգամ այցելել տարածաշրջան:

«Հայաստանը որդեգրել եւ հետեւողականորեն շարունակում է եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը», - ընդունելով Հեյկի Թալվեթիեի գլխավորած պատվիրակությանը, ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Մենք դա անում ենք համոզմունքով, եւ ձգտում ենք կառուցել եվրոպական չափանիշերի վրա հիմնված երկիր»:

Ինչպես հավելում է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունը, ի թիվս Եվրամիություն-տարածաշրջան, Եվրամիություն-Հայաստան համագործակցության ընդլայնմանը, Եվրամիության հետագա քաղաքականության շրջանակում Հարավային Կովկասի տեղին ու դերին վերաբերող եւ այլ խնդիրների, քննարկվել են նաեւ ընտրական համակարգի կատարելագործման հարցեր:

Ընտրությունների խնդրին անդրադարձ է եղել նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ըննդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների հետ Եվրամիության ներկայացուցչի հանդիպումներում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Թալվեթիեն, խոսելով իր ապագա զեկույցի մասին, առանձնացրեց ընտրությունների թեման՝ ասելով, թե ակնհայտ է, որ անցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը այս ոլորտում իրավաճակը շտկելու առումով «շատ ու շատ անելիք ունի»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ֆինն դիվանագետը, ով 1990-ականների կեսերին անմիջականորեն մասնակցում էր խաղաղ կարգավորման ուղիների որոնումներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (այդ տարիներին խմբում նախագահում էին Ֆինլանդիան եւ Ռուսաստանը), ասաց, թե թեեւ հիմա ուղղակիորեն ներգրավված չէ Ղարաբաղյան կարգավորմանը, ջանալու է օժանդակել խաղաղ կարգավորման գործընթացին:

«Մենք գտնում ենք, որ կարգավորումը որեւէ հեռանկար չունի առանց ղարաբաղյան կողմի մասնակցության», - Եվրամիության ներկայացուցչի հետ զրույցից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանը ասաց նաեւ, թե հավաստիացրել են Թալվեթիեին, որ իրենք հանդես են գալիս եվրոպական կառույցներին ինտեգրման օգտին: «Բայց մենք գտնում ենք, որ առաջին հերթին դա պետք է սկսել օրինական իշխանություն հաստատելուց: Առաջին հերթին պետք է լուծվի երկրում լեգիտիմ իշխանության հարցը՝ ազատ, արդար ընտրությունների միջոցով», -ավելացրել էր «Արդարություն» դաշինքի առաջնորդը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG