Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Կոչերի առնչությամբ, թե` ոչ թե Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահին արժե քննադատության թիրախ դարձնել, այլ նրան նշանակած Ռոբերտ Քոչարյանին, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Եթե որեւէ մեկը կամակատար է՝ արժանի է ամենախիստ քննադատության եւ պետք է իր արարքների համար միանշանակորեն պատժվի: Քննադատության սլաքները պիտի ուղղված լինեն հենց կամակատարին, քանի որ դա շատ վատ երեւույթ է: Եվ յուրաքանչյուրը, ով որեւէ տեղում պաշտոնավարում է՝ առաջին հերթին ինքն է պատասխանատու իր քայլերի համար»: Տիգրան Թորոսյանը նաեւ ընդգծում է. - «Եվրոպական կառույցների հայտարարությունները չեն կարող անհետեւանք լինել: Հենց այնպես չեն արվում հայտարարություններ: Ուստի դրանք պետք է լրջորեն քննարկել եւ անել հետեւություններ: Հուսով եմ, որ գոնե մոտ ապագայում՝ մինչեւ 2004 թվականի հունվարը, երբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է քննարկի Հայաստանի պարտավորությունները՝ չեն լինի պատժամիջոցներ: Բայց դա չի նշանակում, որ մինչ այդ ժամկետը պետք է աչքաթող անենք արձագանքները մեր երկրում կատարվող գործընթացների վերաբերյալ»:

«Մենք ոչ մեկին չենք աջակցում: Մեզ համար բոլոր հեռուստակայանները հավասար են: Մեզ միայն հետաքրքրում է բազմակարծության ապահովումը»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: Վերջինս իրենց կառույցի մտահոգությունն է արտահայտում եւ այն կապակցությամբ, որ «քաղաքական ընդդիմությունը չի պատրաստվում գործնականորեն համագործակցել պառլամենտական մեծամասնության, նաեւ իշխանությունների հետ»: «Սա չի նշանակում, որ մենք հորդորում ենք նրանց՝ համաձայնել մեծամասնության կարծիքի հետ, այլ ուղղակի խորհուրդ ենք տալիս շփումների որոշակի եզրեր ստեղծել», - նշում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

«Որոշ հարցերում հնարավո՞ր է համագործակցություն իշխանամետ ուժերի հետ». «Այբ-ֆե» թերթի այս հարցին Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. - «Առանձին, կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ չի բացառվում»: Դեմիրճյանի ընկալմամբ, «Ա1+»-ին եթեր չտրամադրելը նշանակում է, որ այս իշխանությունները դեռ իրենց ապահով չեն զգում: «Ա1+»-ը չբացելը վկայությունն է այն բանի, որ վախենում են ճշմարիտ խոսքից: «Իսկ այն, ինչ տեղի է ունենում «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքում, միայն վրդովմունք է առաջացնում», - ավելացնում է ՀԺԿ նախագահը: - «Ակնհայտ է, որ հրահանգավորված է, իշխանությունները, մեղմ ասած, շահագրգռված են արագ տեմպերով վերջացնել դատավարությունը»:

«Մեզանում նախ եւ առաջ քաղաքական իմաստով քաղաքականություն չկա», - անդրադառնում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը։ - «Փոխարենը հաճախ առկա է կոմպիլացված հայացքների ու կարգախոսերի մի խառնակույտ, որն էլ հենց ներկայացվում է որպես քաղաքականություն։ Փոխարենը հաճախ կա նեղ անձնական եւ խմբային, կարիերիստական, տնտեսական եւ այլ շահերի ու շահախնդրությունների մի ամբողջություն, որն էլ հենց ներկայացվում է որպես քաղաքական գործունեություն։ Եւ այս զույգ խառնակույտերի միասնությունն էլ ստեղծում է այն իրավիճակը, որ անվանում ենք քաղաքական գործընթաց... Եթե մանրազնին դիտարկենք քաղաքական գործիչ համարվող անձանց, ապա կտեսնենք, որ դրանց ճնշող մեծամասնությունը որեւէ կապ չունի քաղաքականության հետ։ Եւ նույն պատկերն է գրեթե բոլոր քաղաքական կազմակերպություններում։ Մարտնչող անգրագետ միջակությունները հեղեղել են կենսագործունեության բոլոր ոլորտներն անխտիր»: «Քաղաքականությունն էլ անլրջանում եւ անհամանում է նույն չափով, ինչ չափով, որ անլրջանում է շրջապատում ամեն ինչ», - ընդհանրացնում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Եվ այս պայմաններում հայրենի քաղաքական ուժերի մեջ հնարավոր է սահման-ջրաբաժան անցկացնել ոչ թե նրանց աջերի, ձախերի, կենտրոնամետների եւ այլնի բաժանելու տարբերակով, այլ քաղաքական գործիչների եւ քաղաքական գործիչ ձեւացնողների»:

«Գոլոս Արմենիի» թերթի ձեւակերպումներով՝ «Ռոբերտ Քոչարյանը կլանների շահերի գերին է», «այսօր Հայաստանում իրական իշխանությունը հսկայական ունեցվածքով ու անսահման հնարավորություններով մի խումբ մարդիկ են», «այսօրինակ կայունությունն էլ ձեռնտու է միայն նրանց, ում բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ ու թելադրում է այդ քաղաքականությունը՝ հաճախ ընդդեմ պետական շահերի»: «Քոչարյանը սպառել է իր հանդեպ վստահության լիմիտը եւ միանգամայն հնարավոր է՝ նախագահի աթոռից հեռանա իր նախորդի նման՝ եթե ոչ վաղաժամ, ապա անփառունակ», - գրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Քոչարյանը սպառել է անգործության բոլոր լիմիտները, իսկ ժողովուրդը՝ սպասման: Երկրին պետք է նախագահ, որը ի վիճակի է իշխանություն կիրառել պետությունը օլիգարխների լծից ազատելու, կոռուպցիան արմատահան անելու, օրենքի առջեւ բոլորին հավասար դարձնելու համար»:

«Գոլոս Արմենիի» թերթում, որի մոտեցումներն ու արժեքները վերջին ընտրությունների ժամանակ դեռ չեն մոռացվել, այսօր արդեն նաեւ կարդում ենք. - «Վաղուց ժամանակն է հասկանալ, որ իշխանությանը գործողությունների մղում է ժողովուրդը, այլապես իշխանությունը ամեն հարմար պահի կմոռանա ժողովրդին: Մենք չենք կարողանում գործել, փողոց դուրս գալ, երբ դա են պահանջում մեր շահերը: Չեն լինում վատ ու լավ նախագահներ, լինում է իր իրավունքների համար պայքարող կամ չպայքարող ժողովուրդ»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG