Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրար հաջորդող «գողական ռազբորկաները» այլ բան չեն, քան կենցաղային հողի վրա տեղի ունեցող սեփականության վերաբաշխում: Այս խավը քաղաքական իշխանություն է ձեռք բերել եւ հիմա տնտեսականին զուգահեռ իշխանության վերաբաշխում է կատարում», - «Հայոց Աշխարհ»-ում մեկնաբանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը:

Նույն թերթում, անդրադառնալով քրեածին իրավիճակին, Դաշնակցության մեկ այլ գործիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ընդգծում է. - «Բարեփոխումները պետք է սկսել անվտանգության խորհրդի ստեղծումից... Իրականում հնարավոր չէ բարեփոխել իրավապահ մարմինների առանձին օղակները եւ հասնել դրական արդյունքի: Այդ դեպքում ռեֆորմները լինում են կազմակերպական բնույթի, բայց ոչ բովանդակային»: Հովհաննիսյանի գնահատմամբ, մինչ օրս անվտանգության համակարգի մեջ մտնող ծառայություններում իրականացվել են միայն բյուրոկրատական մակարդակի փոփոխություններ, ամբողջական բարեփոխում չի իրականացվել:

Այս երկու գործիչներն էլ անդրադարձել են «Ա1+»-ի խնդրին: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը «Հայոց Աշխարհ»-ում նշում է. - «Կարծում եմ՝ այստեղ սխալ է տեղի ունեցել: Պատճառը ոչ թե միջազգային կառույցների պահանջներն են, խոսքի ազատության սահմանափակումը, այլ հարցի քաղաքականացումն է: Ինչո՞ւ, ասենք, ԱԼՄ-ն պետք է լինի եթերում, «Ա1+»-ը՝ ոչ: Ի վերջո, օբյեկտիվություն ոչ մի հեռուստակայանից կամ պարբերականից չի էլ պահանջվում: Նրանք էլ այս պայմաններում չեն կարող այդպիսին լինել: Օբյեկտիվությունը այս ամենի հավաքական արդյունքում պետք է ստացվի»:

«Պապան ճիշտ է» վերնագրի տակ «Առավոտ»-ի առաջին էջի ճակատին մեջբերված են Վահան Հովհաննիսյանի խոսքերը. - «Ես ինքս շատ ավելի մեծ հաճույքով կուզենամ, որ իմ երեխաները դիտեն «Ա1+»-ը, որպեսզի հասկանան, ինչո՞ւ է իրենց պապան ճիշտ, քան նայեն «Ալֆրեդի սենյակ» կամ ինչ-որ մի էշություն»: «Ա1+»-ին հերթական անգամ կապուղի չտրամադրելը համարելով «իներցիոն լուծում», Վահան Հովհաննիսյանը «Առավոտ»-ում շեշտադրում է. - «Ես վստահ եմ, որ նախագահը ընդհանրապես այս ամենի մեջ չկա»: Թղթակցի հարցին՝ «եթե պարզվի, որ կա՞», Ազգային ժողովի փոխխոսնակը պատասխանում է. - «Մենք կխնդրենք նրան, որպեսզի վերանայի իր մոտեցումը»:

«Այբ-Ֆե» թերթը փոխանցում է. - «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը քննադատել է Հայաստանի իշխանություններին «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին հերթական անգամ հեռարձակման արտոնագիր չտրամադրելու համար: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Մենարդը նշել է, որ իրենք լուրջ կասկածներ ունեն Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի անկախության հարցում, քանի որ այդ հանձնաժողովի բոլոր 9 անդամներին նշանակում է նախագահ Քոչարյանը»:

Նույն թերթի հարցազրույցում կոալիցիոն իշխանության ներկայացուցիչների մտահոգություններին արձագանքում է Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը: «Նրանք ցավում են, որ սանկցիաների կիրառումով շատ բաներից կզրկվեն՝ Ստրասբուրգ գնալ-գալուց, ներդրումներից: Թե չէ՝ «Ա1+»-ը նրանց չի հետաքրքրում»:

«Եթե միջազգային հանրությունը հետաքրքրված է կայուն իրավիճակով, հետաքրքրված է, որ պատերազմ չլինի, ապա միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Բոլոր մյուսները պատերազմի ճանապարհներ են», - «Գոլոս Արմենիի» թերթում շեշտադրում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: - «Մենք իրավական, պատմական, բարոյական հիմքեր ունենք անկախություն ձեռք բերելու համար, ինչին փաստացի հասել ենք: Այսօր մեր միակ հարցը Ադրբեջանի հետ փոխհարաբերություններն են, ինչը նույնպես խիստ կարեւոր է: Մենք չենք պատրաստվում Ադրբեջանի հետ մշտապես թշնամության մեջ լինել. դա ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ նրանց»: Թերթում Լեռնային Ղարաբաղի նախագահը անդրադառնում է նաեւ Ղարաբաղը Հայաստանին միավորելու գաղափարին: «Որպես կարգավորման տարբերակներից մեկը մենք դեմ չենք միավորվել Հայաստանին: Եթե Հայաստանը պատրաստ է ընդունել, ապա Ղարաբաղն այդ հարցում խնդիր չունի: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը պատրաստ չէ դրան», - ասում է Ղուկասյանը: - «Պատրաստ չէ վերցնել Ղարաբաղն ու Ղարաբաղի հիմնահարցը»:

«Ազգ» թերթը, անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Հայաստանի զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարը, նկատում է. - «Անշուշտ Բաքվում հասկանում են, որ հրադադարի խախտումը ընդհանրապես Հայաստանին ձեռնտու չէ։ Եթե ինչ-ինչ ներքաղաքական հարցեր պետք է այստեղ դրանով լուծվեին, ապա դրա համար ամենանպաստավոր շրջանը՝ ընտրությունների միամյակը, մնացել է հետեւում։ Իսկ Եվրախորհրդում խնդիրներ ունենալով ընդհանրապես անտրամաբանական է թվում հրադադարի խախտմամբ հավելյալ անհարկի ուշադրություն սեւեռելու հանգամանքը։ Մինչդեռ բոլոր առումներով Ադրբեջանին այսօր ձեռնտու է խաղարկել ղարաբաղյան խաղաթուղթը»:

«Ազգ»-ի տնտեսական մեկնաբանի գնահատմամբ, Հայաստանը դարձել է արհեստական մենաշնորհների երկիր։ Թերթում բերված է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության անցած տարվա հաշվետվությունը. - «Բացի հեռահաղորդակցության ոլորտից, 100 տոկոսանոց մենաշնորհ գոյություն ունի հանքային ջրերի արդյունահանման շուկայում։ «Բջնի», «Դիլիջան», «Հանքավան», «Լոռի», «Արզնի», «Արարատ», «Ջերմուկ» հանքային ջրերը շշալցնողները գնում են «Ադամանդ-կ» ընկերությունից։ Ընդ որում, որեւէ բացատրություն, թե ինչո՞ւ է Հայաստանի հանքային ջրերի բոլոր աղբյուրներն առանց մրցույթի, առանց շահույթի չափ նշելու հանձնվել այս ընկերությանը, հնարավոր չեղավ ստանալ ընդհուպ երկրի ամենաբարձր ղեկավարությունից։ Բնական է, որ այս ընկերությունը պատահական չի ընտրվել եւ այնտեղ չեն կարող չլինել բարձրաստիճան պաշտոնյաներ կամ նրանց հովանավորներ»։ Բերելով կենտրոնացված մենաշնորհների մի շարք օրինակներ, մեկնաբանը եզրակացնում է. - «Տնտեսական մրցակցությունը պաշտպանելուն կոչված այս կառույցը, ըստ էության, որդեգրել է ստեղծված վիճակն արձանագրելու դեր»։

«Առավոտ»-ի տեղեկություններով, Ֆրանսիայում աշխատանքային օրակարգը սպառվելուց հետո Ռոբերտ Քոչարյանն այժմ ընտանյոք հանդերձ հանգստանում է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող «Պիարից» հանգստյան տանը, որը ծովափնյա ամենաթանկարժեք հանգստավայրերից է:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG