Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ղեկավարները Հայաստանին կոչ են անում սկսել ընտրական բարեփոխումների «հուսալի գործընթաց»


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ եւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ Ջովաննի Քեսլերը եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն, դեսպան Քրիստիան Ստրոհալը երկօրյա հայաստանյան այցի ավարտին հրավիրած ասուլիսում հրապարակված հայտարարությամբ հիասթափություն են արտահայտել անցած համապետական ընտրությունների կապակցությամբ:

ԵԱՀԿ ղեկավարներն իրենց հայտարարությամբ միաժամանակ կոչ են արել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական կուսակցություններին «ապագա ընտրությունների բարելավման նպատակով նախաձեռնել ընտրական բարեփոխումների հուսալի գործընթաց՝ համաձայն ժողովրդավարական ընտրությունների հարցում ԵԱՀԿ պարտավորություններին»:

ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց երկօրյա հանդիպումների ընթացքում մտահոգություն են հայտնել նաեւ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռւստաընկերություններին կրկին եթերից դուրս թողնելու առիթով եւ պատրաստակամություն՝ աջակցել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի բարեփոխմանը:

Ինչպես նշեց Ջիովաննի Քեսլերը, Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների հետ հանդիպումները իրենց քաջալերել են այն առումով, որ նրանք էլ են անհանգստություն հայտնել Հայաստանում տեղ գտած ընտրական թերությունների առումով եւ կիսել իրենց քննադատությունը, համաձայնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում:

«Բայց լավագույն Ընտրական օրենսգիրքը հնարավոր չի լինի կիրառել , եթե չկա պատասխանատվություն: Խոսքը միայն քրեականի մասին չէ, նաեւ՝ վարչական եւ քաղաքական պատասխանատվություն», - ասաց Քեսլերը՝ ճշգրտելով, թե նկատի ունի, որ ընտրական հանձնաժողովների՝ խախտումներ թույլ տված անդամները կամ նախագահները դրանից հետո չպետք է աշխատեն նույն պաշտոնում:

«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ անդամ մյուս պետությունները , պարտավորություններ է վերցրել, եւ մենք վստահ ենք, որ այդ պարտավորություններին լուրջ մոտեցում է ցուցաբերում», - պատասխանելով հարցին, թե ամեն անգամ Հայաստանի իշխանությունները երաշխիքներ են տալիս, բայց առաջընթաց չի լինում, ասաց դեսպան Ստրոհալը՝ շարունակելով. - «Եթե մեր եզրակացություններին նայեք՝ կան թե' շարունակակական մտահոգության, թե' առաջընթացի նշաններ: Հիմնվելով այդ նշանների եւ այս երկու օրերի տպավորությունների վրա՝ մեր մատնանշած խնդիրները կիսում են այս երկրում: Առաջ շարժվելու շատ ամուր եւ իրական պատրաստակամություն ենք տեսնում »:

Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան պաշտոնյաները, մասնավորապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ի պատասխան արեւմտյան դիտորդների քննադատությանը, ասեր էր, թե վերջիններս, ի տարբերություն ընտրություններն ազատ ու արդար գնահատած ԱՊՀ դիտորդների, ծանոթ չեն «հայկական մենթալիտետին»:

Կեսլերն ու Ստրոհալը այս հարցում միակարծիք են. Հայաստանում մտածելակերպի խնդիր չկա: Միջազգային չափանիշերի խնդիր կա, եւ այս անգամ Հայաստանի համար մեծ հնարավորություններ են բացվել՝ նկատի ունենալով, որ հաջորդ հերթական ընտրությունները հեռու են, եւ բարեփոխումների ժամանակ կա:

«Մենք կարող ենք աջակցել, բարելավել, իրազեկություն ապահովել, բայց երաշխիքները պետք է գան Հայաստանից», - ասաց դեսպան Ստրոհալը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG