Մատչելիության հղումներ

Վիրավորվել է մայրաքաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարը


Երեքշաբթի առավոտյան մահափորձ է կատարվել Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Էրեբունի համայնքի դատախազության ավագ քննիչ Սարգիս Մնացականյանի փոխանցմամբ, Սեդրակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կապակցությամբ: Նախաքննությունը վարում է Էրեբունու դատախազությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մնացականյանը՝ հրաժարվելով որեւէ բան ավելացնել:

Պայթյունը տեղի է ունեցել Էրեբունու թաղապետարանի դիմաց գտնվող եւ, ըստ լուրերի, Սեդրակյանին պատկանող բենզալցակայանում: Պայթյունից փշրվել են բենզալցակայանի ապակիները: Սեդրակյանի սեւ «Մերսեդես»-ը վնասվել է առջեւի աջ նստատեղի մոտ, ուր սովորաբար նստում է Սեդրակյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, Սեդրակյանի «կյանքին վտանգ չի սպառնում այս պահին»:

«Հայտնաբերված են կոնքոսկրների կոտրվածքներ եւ փափուկ հյուսվածքների վնասվածքներ», - ավելացրեց նա:

Ահաբեկչական այս գործողության հնարավոր դրդապատճառների կամ կազմակերպիչների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Էրեբունի հիվանդանոցում հավաքված թաղապետերից, պատգամավորներից ՀՀԿ ղեկավար անդամ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ Մհեր Սեդրակյանը նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության Էրեբունու տարածքային կազմակերպության ղեկավարն է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե այս սպանության փորձը նախորդ սպանություններից տարբերվում է նրանով, որ թիրախ է դարձել «պետական չինովնիկը»:

Խոսելով ընդհանրապես վերջին շրջանում մտահոգություններ առաջացնող քրեածին տարրերի աշխուժացման մասին, Սահակյանը բառացիորեն ասաց. - «Կարծես թե, ինչ-որ ձեւով մթնոլորտ է փոխվել: Սա արդեն հասարակական երեւույթ է դառնում, քան կարելի է մեղադրել իշխանության այս կամ այն օղակին»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG