Մատչելիության հղումներ

Խորհրդարանի փոխխոսնակը հանդուրժողականության կոչ է անում քաղաքական ուժերին


Ազգային ժողովի վերընտիր փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը շաբաթ օրը մտահոգություն հնչեցնելով նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, վերջին շրջանում տեղի ունեցած հասարակական հնչողություն ստացած սպանությունների, այդ ամենի նկատմամբ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի կապակցությամբ, երկրի քաղաքական ուժերին կոչ արեց ավելի հանդուրժող լինել եւ համատեղ լուծել երկրում առկա խնդիրները:

«Ցավոք սրտի, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ունեցան մեկ չափազանց վտանգավոր հետեւանք», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թորոսյանը: - «Այն հակամարտությունը, որը գոյություն ուներ քաղաքական ուժերի միջեւ, քաղաքական գործիչների միջեւ մեծապես տեղափոխվեց հասարակություն: Այն անհանդուրժողականությունը, որը գոյություն ուներ այս 4-5 ամիսների ընթացքում, աստիճանաբար փոխանցվեց հասարակությանը, մի բան, որը, իմ կարծիքով, չափազանց վտանգավոր է»:

Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել հասարակության պառակտման, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով: Ուստի, Թորոսյանի խոսքերով, կարեւոր է, որ սա հասկանան թե' իշխանությունները, թե' ընդդիմությունը, եւ երկուսն էլ (առաջին հերթին իշխանության մեջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը) փորձ անեն վերացնել անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտը:

Փոխխոսնակի փոխանցմամբ, առաջիկայում խորհրդարանի առջեւ լուրջ խնդիրներ են առաջանալու ե'ւ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման, ե'ւ կարճ ժամանակում մի շարք կարեւոր օրենքներ ընդունելու անհրաժեշտության առումով:

Հիշատակվեց նաեւ երեկ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ կրկին եթերից դուրս թողնված «Ա1+» անկախ հեռուստաընկերության խնդիրը. այն թեեւ իր մեծությամբ անհամեմատելի է վերը նշված առավել կարեւոր խնդիրների հետ, այդուհանդերձ որոշակի ստվեր գցում է երկրի վրա եւ դարձել է կոնկրետ հարցադրում Հայաստանի եւ միջազգային կազմակերպությունների քննարկումների ժամանակ:

Տիգրան Թորոսյանի կարծիքով, հսկայական ծավալի աշխատանք պետք է կատարել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի հետ:

«Վերջին շրջանում ակնհայտորեն որոշակի կոշտություններ են նկատվում միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մեջ», - ասաց նա: - «Սա, իհարկե, բացատրելի է: Սակայն, մյուս կողմից, նաեւ վտանգավոր է մեր երկրի համար: Եվ սրանից նույնպես պետք է լուրջ հետեւություններ անել»:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, ուր, քննարկվելու է նաեւ Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատել-չհաստատելու հարցը, Թորոսյանն ասաց. - «Սեպտեմբերին բավականին բարդ է լինելու: Որովհետեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն հնչել է առաջարկ մեր երկրի պատվիրակության լիազորությունը չհաստատելու առումով: Այստեղ ե'ւ ընտրությունները ունեն իրենց լուրջ ազդեցությունը, ե'ւ, եթե հարցը չքննարկվի՝ մահապատժի վերացման հետ կապված պարտավորության չկատարումը»:

Ազգայի ժողովի փոխխոսնակի խոսքերով, Ստրասբուրգում կառաջադրվի նաեւ «Ա1+»-ի հարցը: Թորոսյանը փոխանցեց, որ ինքն արդեն բացասական արձագանքներ է ստացել Հեռուստառադիոյի ազգայի հանձնաժողովի երեկվա մրցույթի արդյունքների կապակցությամբ:

Նա ավելացրեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նկատմամբ բացասական կարծիք է ձեւավորվել թե' հասարակության, թե' ընդդիմության եւ արդեն նաեւ իշխանության մեջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի շրջանում, ինչը չի կարող անհետեւանք մնալ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG