Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արդեն ակնհայտ է, որ «Նոյյան տապան»-ի եւ «Ա1+»-ի փակումը դեռ էն գլխից իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվեր էր, որն ուժի մեջ է նաեւ այսօր՝ չնայած միջազգային մասշտաբի արձագանքին», - երեկվա մրցույթին անդրադառնալով՝ եզրակացնում է «Առավոտ»-ը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, հանձնաժողովի որոշումը ցույց է տալիս, որ իշխանությունները անցած ընտրություններից հետո էլ իրենց ամուր չեն զգում, եւ «նրանց տակը դեռ չի չորացել»: Նույն թերթի մեկնաբանի մատուցմամբ, թերեւս բոլոր երկրներն էլ «իրենց գոյության պատմության մեջ որոշակի ժամանակահատվածում հայտնվում են մի իրավիճակում, երբ ամբողջ իշխանությունը անցնում է ստահակների, դեգեներատների, մուտանտների, լավագույն դեպքում՝ անմեղսունակների ձեռքը. - «Հիմա Հայաստանում նման ժամանակաշրջան է: Սա վերջնականապես ակնհայտ դարձավ երեկ, երբ այդ իշխանության շոշափուկներից մեկը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որոշեց եթեր չվերադարձնել «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապան»-ին»:

«Իշխանությունների կամայականությունների հետեւանքով, ինչպես եւ սպասվում էր, «Ա1+»-ը այս մրցույթում էլ հաճախականություն չստացավ: Այլ հեռուստաընկերությունների ներկայացրած՝ ակնհայտորեն թույլ ծրագրերը ավելի բարձր գնահատականի արժանացան, քան «Ա1+»-ի ծրագիրը, որի հիմնավոր եւ բարձրորակ լինելը ակնհայտ էր», - գրում է «Այբ-Ֆե»-ն՝ ներկայացնելով «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի մեկնաբանությունը. - «Այս կարգի կամայականությունները հիվանդագին երեւույթ են մեր երկրում, եւ այս հիվանդությունը եթե չբուժվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք»: Մովսեսյանը գտնում է, որ չարժե հուսահատվել. - «Այս իշխանությունների օրոք աշխատելը անեծքի նման մի բան է»: Ըստ «Առավոտ»-ի, Մովսեսյանը արտերկրից փորձագետներ է հրավիրելու՝ «Ա1+»-ի եւ մյուս հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները քննելու եւ գնահատելու համար: Իսկ դատական ատյաններին այս անգամ չեն դիմելու: «Դատարան դիմելը անիմաստ է», - ասել է Մովսեսյանը: - «Դատավորները «լաքեյի» կարգավիճակում են... Եթե այդ ատյաններին դիմեմ էլ, ապա միայն դատախազություն՝ պաշտոնի չարաշահման հայցով»: «Ա1+»-ը դադարեցնելո՞ւ է իր գործունեությունը, քանի որ աշնանը նախատեսվող՝ «Պրոմեթեւս»-ի, «Ար»-ի, «ԵվրոՆյուզ»-ի եւ «Էն-Տե-Վե»-ի մրցույթներում հաղթելու հավանականություն չկա, ուստի առաջիկա 6-7 տարիներին սպառված են հեռարձակման արտոնագիր ստանալու հնարավորությունները. «Առավոտ»-ի այս հարցին «Ա1+»-ի նախագահը պատասխանել է. - «7 նախագահ եւ Ազգային հանձնաժողով էլ փոխվի՝ «Ա1+»-ն աշխատելու է»: Թերթը նաեւ հիշեցնում է, որ Եվրոպական դատարանում է «Ա1+»-ի հայցը՝ 2002-ին իր եթերազրկման վերաբերյալ:

Մի շարք թերթերում, այդ թվում եւ «Հայաստանի Հանրապետություն»-ում ներկայացված է ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական բաժնի հայտարարությունը: «Ցավոք, հիշյալ ռեյտինգային քվեարկության ընթացքում ցայտուն կերպով երեւաց, որ մրցույթում շահած որոշ հեռուստաընկերությունների համեմատությամբ «Ա1+»-ը շատ ավելի լավ էր նախապատրաստված եւ անհրաժեշտ էր հասարակության համար», - գնահատել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Ճիշտ կլիներ նաեւ հաշվի առնել այս խնդրով Եվրախորհրդի մոնիտորինգային խմբերի կատարած բազմաթիվ հորդորները»: Ըստ Ռուստամյանի, հեռուստակապուղիների եւ, մասնավորապես, «Ա1+»-ի շուրջ ստեղծված իրավիճակը թելադրում է վերանայել առկա մոտեցումները, եւ թերեւս «հարկ կա այս թեմայով լսումներ կազմակերպել նաեւ խորհրդարանում»:

«Այբ-Ֆե»-ում ներկայացված է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի արձագանքը: «Ճիշտն ասած, այս վերջին մրցույթի արդյունքները ինչ-որ տեղ տարակուսանք են առաջացնում, որովհետեւ, կարծում եմ, բոլոր անաչառ մարդկանց համար ակնհայտ է, որ «Ա1+»-ը շատ ավելի փորձառու եւ արդյունավետ աշխատող հեռուստաընկերություն էր, քան, ասենք, այդ TV-5-ը եւ այլն: Եվ զարմանալի է, թե ինչ չափանիշերով է ընտրությունը կատարվել... Իմ կարծիքով, ճիշտ վճիռ չի ընդունվել», - ասում է Թորոսյանը: Մեջբերելով նաեւ Դաշնակցությունից Ալվարդ Պետրոսյանի դրական կարծիքը «Ա1+»-ի մասին, հիշեցնելով, որ կուալիցիայի անդամ կուսակցություններից մեկը՝ «Օրինաց երկիր»-ը «Ա1+»-ի վերաբացման խնդիրը ընդգրկել էր իր նախընտրական արշավների ժամանակ հնչած ելույթների մեջ, «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը սահմանազատում է. - «Այսպիսով, կասկածյալների շարքից դուրս է գալիս քաղաքական կոալիցիան, եւ «Ա1+»-ին եթերում չտեսնելու ու քաղաքական պատվերներ տվողների օղակը ավելի փոքրանում է»:

Ռուբեն Միրզախանյանի անունից «Ազգ» թերթում տպագրված է հետեւյալ համառոտ հայտարարությունը. - «Սույն գրությամբ հայտնում եմ, որ 2003 թվականի հուլիսի 18-ից, ժամը 18։00-ից պաշտոնապես հրաժարվում եմ կատարել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետի պարտականությունները»: «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ՝ ՀՌԱԿ-ում տեղի է ունենում հերթական իշխանափոխությունը: «Մեզ հայտնի դարձավ, որ Միրզախանյանը հրաժարական է տվել «կուսակցական խունտայի» հետ ունեցած հանդիպումից հետո, երբ համոզվել է, որ եթե ինքը հրաժարական չտա՝ ՀՌԱԿ արտահերթ համագումարը, որ տեղի է ունենալու այսօր, պաշտոնանկ է անելու իրեն», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ըստ լավատեղյակ աղբյուրների, ՀՌԱԿ-ում կազմակերպվող իշխանափոխությունը հրահրված է նախագահի նստավայրից: Իսկ իշխանափոխության պրոցեսը ղեկավարում են ՀՌԱԿ երեք փոխատենապետերը՝ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանը եւ Հրաչյա Կարապետյանը»: Թերթը նաեւ տեղեկացնում է. - «Ռուբեն Միրզախանյանը այսօրվա արտահերթ համագումարին հրավիրված չէ»:

Ըստ նույն թերթի, Հայկական ատոմակայանից կադրերի արտահոսք է սկսվել դեպի Իրանում կառուցվող Բուշերի ատոմակայան: Ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթին փոխանցել է, որ ՀԱԷԿ-ի եւ իրանական կողմի միջեւ որեւէ պայմանագիր այդ առնչությամբ չկա: Եւ եթե մասնագետները մեկնում են Իրան, ապա միայն աշխատանքից ազատվելուց հետո: «Հայկական ժամանակ»-ը, սակայն, պնդում է. - «Մեր աղբյուրները նշում են, որ իսկապես մասնագետներն ազատվում են աշխատանքից եւ, ռուսական ինչ-ինչ ընկերությունների աջակցությամբ, մեկնում Իրան: Այնտեղ մեր մասնագետների աշխատավարձը հասնում է մինչեւ 1200 դոլարի: Ըստ մեր աղբյուրների, վերջին շրջանում արդեն իսկ Իրան է մեկնել 7 հայ մասնագետ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG