Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այն, որ ՀՅԴ-ն կոալիցիայի ամենաչբավարարված կողմը պետք է դառնար, պարզ էր մինչ կոալիցիայի ձեւավորումը: Սակայն ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կոալիցիոն ուժերի մեջ ցեցն այդքան շուտ կընկնի», - գրում է Ազգ» թերթը՝ հիշեցնելով «Միասնություն» դաշինքի ճակատագիրը։ - «Փաստորեն, եթե ժամանակից շուտ պառակտման սերմերը ծիլեր են արձակում, ապա ստանում ենք նույն «Միասնություն» դաշինքի պատմությունը։ Սակայն, ի տարբերություն «Միասնության», այս դեպքում տուժող կողմը՝ ՀՅԴ-ն ավելի շատ կարող է կորցնել, քան գտնել։ Առանց նրա էլ հանրապետականներին «Օրինաց երկիր»-ի հետ հաջողվում է պահպանել որակական մեծամասնությունը խորհրդարանում»: Ըստ մեկնաբանի, ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կոալիցիայից դուրս գալու որեւէ նպատակ չունի. - «Ավելի շուտ նա կփորձի ստանձնել ներքին ընդդիմության ֆունկցիաները։ Դրանով նա նաեւ կամուրջ կստեղծի դեպի ընդդիմությունը եւ կփորձի այդպիսով միջանկյալ դիրք գրավել։ Դա հնարավորություն կտա նրան առավելագույնս օգտվել ՀՀԿ - «Օրինաց երկիր» հնարավոր հակասություններ առաջանալիս»։ Սակայն, «Օրինաց երկիր»-ը, մեկնաբանի կարծիքով, կորդեգրի հարմարվողականության քաղաքականություն, ռեալ իշխանությունը կթողնի հանրապետականներին եւ «կվայելի» այն, ինչ արդեն ունի:

«Տանգո երեքով» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթը նույնպես արձանագրում է. - «Այն, ինչ պատահեց «Միասնության» հետ, նույնն այսօր տեղի է ունենում կոալիցիայի հետ: Եվ չնայած եռյակի իշխանության ներկայացուցիչները քաղաքականությամբ հետաքրքրվող հանրությանը փորձում են համոզել, թե կոալիցիայի «մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են», հանրությունը չի հավատում դրան: Տարբեր հարցերի շուրջ մեջբերելով-ընդգծելով կոալիցիայի ներկայացուցիչների մի շարք հակասական տեսակետեր, հայտարարություններ, «Գոլոս Արմենիի»-ին բխեցնում է. - «Կոալիցիայի ներսում մենք արդեն բանավեճ ենք տեսնում, բայց փոխընդունելի որոշումներ առայժմ նկատելի չեն: Հիմնականում կենտրոնանալով հանրապետականների եւ ՀՅԴ-ի վրա, կոալիցիայի երրորդ ուժի՝ «Օրինաց երկիր»-ի մասին մեկնաբանը գրում է. - «Ցանկացած վեճի մեջ «Օրինաց երկիր»-ը ուժեղի կողմն է, չունի արտահայտված գաղափարախոսություն, ամուր սկզբունքներ, ուստի խորհրդարանի խոսնակի կուսակցությունը միշտ կկիսի վարչապետի կուսակցության տեսակետը... Եթե կոալիցիան անգամ մահամերձ չէ, ամեն դեպքում՝ ուժեղ տենդի մեջ է», - ամփոփված-ձեւակերպված է «Գոլոս Արմենիի» թերթում:

«Ֆրանսիան Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերայի համար հանգուցային կետ է», - ձեւակերպում է «Առավոտ»-ի խմբագրականը՝ հիշեցնելով, որ Քոչարյանը Ֆրանսիա էր այցելել, երբ վարչապետ էր՝ 1997 թվականի աշնանը: - «Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի առաջին նախագահը հրապարակավ շարադրել էր Ղարաբաղյան կարգավորման իր պատկերացումները, որոնք խիստ իրատեսական էին եւ մեր երկրի համար հնարավորինս նպաստավոր: Սակայն այն ժամանակվա քաղաքական եւ «մտավոր» էլիտան, որը բթացած էր դաշնակցական գաղափարներով, վայնասուն բարձրացրեց՝ իբր դա դավաճանություն է: Այդ բոլոր պրոցեսներին հետեւող Արեւմուտքը գտավ այն մարդուն, որն, իր կարծիքով, կգնար կարգավորման նույն ճանապարհով, բայց այն կներկայացներ խոշոր դիվանագիտական հաղթանակ»: «Հինգ տարվա ընթացքում հարցը չկարգավորվեց», - արձանագրում է «Առավոտ»-ը՝ հավելելով. - «Այս անգամ նահանջելու հարցը ձգձգելու տեղ, կարծես թե, չկա: Եվ դա, հավանաբար, միանշանակ հասկացնել են տվել մեր նախագահին իր ֆրանսիացի զրուցակիցները: Իհարկե, լուծումը կլինի պակաս նպաստավոր, քան 1997-ին էր: Մենք սպառել ենք ներքին եւ արտաքին ռեսուրսները՝ աննպաստ լուծումներին դիմադրելու համար: Բայց մեր իշխանությունը դրան կգնա՝ այլ ելք չկա», - եզրակացնում է «Առավոտ»-ը:

Հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի կուսակցություններից մեկի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրեթե նույնաբովանդակ տեսակետերի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ում պարզաբանումներ է տվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Ամենեւին տարօրինակ չէ, որ իշխանության դաշտի եւ «Արդարություն» դաշինքի որեւէ կուսակցության տեսակետերը համընկնում են, քանի որ դաշինքը ձեւավորվել է կարճաժամկետ՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, չդնելով քաղաքական-գաղափարախոսական ընդհանրության խնդիր», - ասում է նա: - «Հայաստանը պարտավոր է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»: Սուրենյանցի խոսքերով՝ պահանջատիրությունը եւ մեծ Հայաստանի ստեղծման, այսպես կոչված, տեսլականը ոչ միայն խոչընդոտ են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, այլեւ կործանարար են նրա գոյության համար»:

«Երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ եւ ստանձնեց որոշակի պարտավորություններ, դրանց կատարման պատասխանատվությունը երեւի ճիշտ չի ընկալվել: Դրա համար էլ մեզանում կարծես հանկարծակիի եկան, որ այս ընտրությունների հսկողության ժամանակ կիրառվող չափանիշերը շատ ավելի խիստ էին։ Դա ասես զարմացրել է շատերին, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այս անգամ մեր երկրի հանդեպ այլ մոտեցում է ցուցաբերվել, ինչ-որ բան է փոխվել։ Այո, փոխվել է։ Սակայն դա հենց կարգավիճակի փոփոխությունն է, որը ենթադրում էր նաեւ ավելի կոշտ պահանջներ», - «Հայոց Աշխարհ»-ում վերլուծում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ ընդգծելով. - «Այս առումով լիովին պաշտպանում եմ եվրոպական կառույցների պահանջը»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, որոնք, ըստ թերթի, հաստատել են նաեւ իրազեկ աղբյուրները, Ռոբերտ Քոչարյանը ծրագրում է Ֆրանսիայի օրինակով միավորել ոստիկանությունը եւ տարածքային կառավարումը: Կառավարության կազմում ստեղծվելիք այդ նոր ուժային կառույցի ղեկավարումը նախատեսվում է հանձնել տարածքային կառավարման ներկայիս նախարար Հովիկ Աբրահամյանին:

Մեկ տարուց ավելի եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը վաղվա մրցույթից առաջ «Հայկական ժամանակ»-ում նշում է. - «Այս երկիրը մի վատ բան սովորեց՝ թիվ նկարել. հիմա բոլոր ոլորտներում այդպես են վարվում: Գալիս, ինչ-որ թվեր են ներկայացնում, թե՝ այսքան փող կբերեն, այս կանեն, այն կանեն: Հիմա էլ՝ թվերի «բազար» է գնում: Ու հանձնաժողովն էլ այդ թվերին այնպես է վերաբերում, կարծես տալիս են իրենց... Մեր ներկայացրած ծրագիրը ամենաիրատեսականն է», - ընդգծում է Մովսեսյանը: - «Հիմա էլ համոզված եմ, որ «Ա1+»-ի կողքին այսօր ոչ մի հեռուստաընկերություն չի կարող կանգնել իր իրական պրոյեկտով, որովհետեւ այն գույնզգույն փչած փուչիկները, որ բերում եւ այնտեղ բաց են թողնում, ժամանակը ցույց տվեց, որ շատ արագ պայթում են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG