Մատչելիության հղումներ

Հայաստանը եւս մեկ քայլ արեց Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհին


Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանը հակասություններ չգտավ Հայաստանի Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համաեվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության միջեւ, որով արգելվում է մահապատիժը: Մահապատժի վերացումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից է, որը 2001 թվականին եվրոպական այդ կառույցին անդամակցելուց ի վեր թեժ քննարկումների նյութ էր Հայաստանում:

Անցած ապրիլին Ազգային ժողովի կողմից հաստատված նոր Քրեական օրենսգրքով Հայաստանում նախատեսված ամենախիստ պատիժը ցմահ բանտարկությունն է: Ազգային ժողովը, սակայն, ընդունել է նաեւ այդ օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը, որով սողանցք է թողնված «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու համար՝ եթե դատարանը նման վճիռ կայացնի:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, բացմիցս շեշտել էին, թե մահապատիժը պետք է վերացվի անվերապահորեն, եւ այդ հարցում որեւէ բացառություն կամ վերապահում ընդունելի չէ:

Անցած շաբաթ Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակությունը՝ «Ագոյի խումբ»-ը, որը Հայաստանի իշխանություններից «հստակ եւ կոնկրետ» երաշխիքներ ստացավ, թե մինչեւ 2004 թվականի հունվարը, երբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պիտի քննարկի Հայաստանի պարտավորությունների կատարումը, դրանց մեծամասնությունը կատարված կլինի:

Եվ ահա երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանը, նախագահ Քոչարյանի դիմումի համաձայն, քննարկելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի՝ մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները, վճիռ կայացրեց, որ դրանք համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Այսպիսով, գրեթե պատրաստ են բոլոր իրավական հիմքերը, եւ մնում է, որ նորընտիր Ազգային ժողովը աշնանային նստաշրջանում վերջնական լուծում տա այս հարցին:

«Եթե այս արձանագրությունը վավերացվի Ազգային ժողովի կողմից, այն կիրառելի կլինի ցանկացած անձի նկատմամբ, ով դատապարտված է եղել մահապատժի», - նիստից հետո լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Մահապատիժը կվերացվի Հայաստանի Հանրապետությունում, եւ խոսքը կվերաբերի բոլորին»:

Հարությունյանի փոխանցմամբ, Հայաստանում կա մահվան դատապարտված 42 անձ: Անկախության տարիներին Հայաստանում մահապատիժ չի իրականացվել:

«Ովքեր չեն կատարել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ կամ մանկահասակ աղջկա բռնաբարություն, ինչպես նշված է օրենքում, նրանց նկատմամբ դատարանը կփոփոխի պատժի տեսակը՝ փոխարինելով մահապատիժը ցմահ ազատազրկմամբ», - պարզաբանեց նախարարը՝ ավելացնելով. - «Այդ անձանց նկատմամբ կարող է կիրառվել կոնվենցիան՝ եթե այն վավերացվի, կարող է լինել նախագահի ներման ակտ»:

Աշնանային նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի մահապատժի վերացումը: Դրան կողմ են նորընտիր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ բացառությամբ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների, ովքեր շարունակում են պնդել, թե մահապատժի վերացում կնշանակի երաշխիքներ տալ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործներին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG