Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Վերջերս շատ է խոսվում հանրապետության քրեածին վիճակի մասին: Այո, մի քանի լկտի հանցագործություններ կատարվեցին: Բայց չէ՞ որ պատասխանները համարժեք են: Նուբարաշենի սպանությունը բացահայտվել է, ճիշտ ուղու վրա է Կարեն Մկրտչյանի սպանության բացահայտման գործը, օրերս բացահայտվել է եւս մի պատվերով սպանություն: Օպերատիվ աշխատանքը կատարվում է զօր ու գիշեր, իսկ մամուլը կարծես մի բան գիտի. թերացումներ որոնել եւ քավության նոխազ փնտրել»: «Բայց չէ՞ որ դրանից բան չի փոխվի», - գնահատում է ոստիկանության գեներալը՝ ձեւակերպելով նաեւ, թե «հասարակությանը օրինականություն է պետք եւ ոչ թե լրագրողների ու ոստիկանների պատերազմ»: Քրեական հետախուզության վարչության պետը հարցազրույցում հավաստիացնում է, որ վերջերս Հայաստան եկած «օրենքով գողերին» կաթողիկոսն ու բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունել: «Օրենքով գող» ասվածը մեզ համար նույնպիսի քաղաքացի է, ինչպես բոլորը՝ քանի դեռ չի խախտել օրենքը», - ավելացնում է նա: - «Եւ օգտվում է քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից: Մենք իրավունք չունենք նրանց նկատմամբ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել»:

«Առավոտ» թերթին հայտնի է դարձել, որ Երեւանի պետհամալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի գործով ձերբակալվել է գործարար Նիկոլայ Խաչատուրովը: Եվս մի կասկածյալ ազատ է արձակվել: «Խաչատուրովի հարազատները չգիտեն, թե որտեղ է նա պահվում: Ճշտեցինք, որ նրան կասկածելու առիթը դարձել է այն, որ Կարեն Մկրտչյանի սպանությունից երեք օր առաջ Խաչատուրովը դիմել է Մկրտչյանին՝ հեռավոր ծանոթներից մեկի երեխաների քննությունների հետ կապված», - փոխանցում է «Առավոտ»-ը: - «Խուզարկության ժամանակ առգրավվել են այն լուսանկարները, ուր պատկերված է, թե ինչպես է Խաչատուրովը դիմավորում Սվոյ Ռաֆի մահվան 10-ամյակի կապակցությամբ Հայաստան եկած նախկին Խորհրդային Միության «հեղինակություններին»:

«Երկրի ներքաղաքական, հատկապես բարոյահոգեբանական ճգնաժամը հասել է այնպիսի մակարդակի, որ դա գիտակցում են բոլորը, եւ բոլորին ակնհայտ է, որ առանց կտրուկ միջոցների իրավիճակի շտկումը բացառված է». - պատկերագրում է «Իրավունք» թերթը: - «Իսկ ցանկացած կտրուկ միջոց, հատկապես մի երկրում, ուր որոշումներն ընդունվում են չափազանց նեղ շրջանակում, սկսվում է քավության նոխազների փնտրտուքից: Եթե որոշ քաղաքական ուժեր քավության նոխազներ են փնտրում իրավապահ համակարգի ղեկավարների մեջ՝ ակնկալելով դրա միջոցով այդ կառույցներում դիրքեր գրավել, ապա ընդդիմությունը եւ իշխող համակարգի մի մասը, ըստ էության, քավության նոխազ են համարում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս իր իշխանության պահպանման գերխնդրի լուծման ընթացքում ստանձնել է իրար հակասող ստվերային պարտավորությունների այնպիսի բեռ, որի տակից չի կարողանում դուրս գալ, եւ այդ բեռը աստիճանաբար խաչ է քաշում նրա քաղաքական կարիերայի վրա»:

«Երբ քաղաքական գործիչը շրջում է դիմացի համարները հանած եւ փոխարենը հատուկ փայլաթիթեղ փակցրած մեքենայով, դա արդեն նշանակում է, որ վերջինս «սվերխ կռուտոյ» է», - որոշ հասկացությունների է այսօր ծանոթացնում «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Հայաստանում այդպիսի մեքենայով են շրջում հանրապետության նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, գլխավոր դատախազն ու մեկ էլ Ազգային ժողովի ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Դրանով «Օրինաց երկիր»-ը ուզում է մեզ հասկացնել, որ իրենք արդեն «պեռվի կրուգ» են», - նշվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Իսկ թե ինչպես են այլեւս «կռուտոյները» խոսելու ժողովրդի դարդերից, դա արդեն բոլորովին ուրիշ եւ շատ լուրջ պատմություն է»:

«Երկիր» թերթի մեկնաբանը այսօր հիշեցնում է «Օրինաց երկիր»-ից Սերգո Երիցյանի ոչ վաղ անցյալի հայտարարությունը, թե՝ «պոպուլիզմը նույնպես քաղաքական կատեգորիա է», եւ այս առումով համադրում, որ հիմա «քաղաքական գործչի եւ նախարարի արանքում մնացած սույն դեմքը իր ելույթներում չի կարողանում իրար հարմարեցնել նախկին խոստումնալից հավաստիացումներն ու իրական կյանքի փաստերն ու թվերը»:

Դաշնակցության պաշտոնաթերթում այսօր ավելի մեծ բաժին է հասել Ազգայի ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանին: Մասնավորապես այն առիթով, որ վերջինս հայտարարել է, թե կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների միջեւ կապերի հաստատումը: «Ստացվում է, որ մեր խորհրդարանը պատրաստ է հարեւան երկրի խորհրդարանի հետ կապեր հաստատել այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ ու դեռ ավելին՝ Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանը», - խիստ տարակույսով արձագանքում է «Երկիր»-ը: - «Թերեւս Ազգային ժողովի նախագահը որոշի համատեղել իր պաշտոնը արտաքին գործերի նախարարի պոստի հետ: Օրերս համատեղման նման փորձ եղավ նաեւ արդյունաբերության նախարարության հետ, երբ Ազգային ժողովի նախագահը մի շարք հայտարարություններ էր արել Կանադայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, բայց հետագայում պարզվեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նման իրավիճակները առաջին հերթին հարվածում են խորհրդարանի վարկին: Արդյոք հաշիվ տալի՞ս է նորընտիր խորհրդարանի նորանշանակ երիտասարդ նախագահը հավանական հետեւանքների համար», - հարց է դնում «Երկիր»-ի մեկնաբանը՝ ավելացնելով. - «Թերեւս այդ առումով դժվարություն կա: Օրերս էլ Ազգային ժողովի նախագահը հանձնարարել էր մեկ ամսում կանոնակարգել եւ առաջարկել հայազգի պատգամավորների մնայուն վեհաժողով գումարելու մեխանիզմները՝ առանց հետ նայելու, առանց հաշվարկելու այլ երկրների վերաբերմունքի, դիրքորոշման ու անդրադարձի հարցը: Կարեւորը գործ անելու տպավորությունն է»:

«Այբ-Ֆե» թերթը նորանոր փաստերի ծանրության ներքո հարկ է համարել այսօր կրկին մատնանշել. - «Հեղափոխության հաղթանակի առաջին շրջանում պետական կառավարման շրջանակներում հայտնվում են նաեւ ազնիվ ու գաղափարական մարդիկ, ովքեր, որպես կանոն, չեն դիմանում ներիշխանական ինտրիգների մեքենային: Եթե մինչեւ երեսնական թվականները, օրինակ, սովետական իշխանության համակարգում հնարավոր էր Շահումյանի, Մյասնիկյանի կամ Խանջյանի տիպի անհատների գոյությունը, ապա երեսնականներից սկսած՝ իշխանության եկավ բուն տականքը: Այսինքն՝ գնալով իշխանության ներսում մարդկային որակն ընկնում է»: Այս երեւույթի շրջանակում, ըստ թերթի, բացառություն չէ նաեւ ութսունական թվականներից եկող մեր այս ընթացքը. այսօրվա պատգամավորներն ու իշխանավորները «հիմնականում այն փրփուրներն են, որոնք գոյացել են տեղատվությունից հետո»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG