Մատչելիության հղումներ

Նորանշանակ կրթության նախարարը վստահեցնում է, թե բուհերի ընդունելության քննությունները կանցնեն «օբյեկտիվ»


«Սերգեյ Երիցյան նախարարը եկել է վճռականությամբ՝ քննությունները օբյեկտիվ կազմակերպելու: Դա ցույց կտա ժամանակը: Դուք դրանում, ես վստահ եմ, ավելի քան կհամոզվեք առաջիկա ժամանակահատվածներում», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց շուրջ մեկ ամիս առաջ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը ստանձնած Սերգեյ Երիցյանը:

Թերեւս կանխելով լրագրողների հիշեցումները, թե նախորդ նախարարները նույնպես անխտիր նույնն էին խոստանում, Երիցյանը շարունակեց. - «Ես վստահ եմ, որ ինձ հաջողվելու է՝ որքան էլ այս բնագավառի հետ կապված ամեն տեսակի խոսակցություններ կան: Ես չեմ լսել, չգիտեմ այդ խոսակցությունները: Անցած-գնացած տարիներին ինչ է եղել՝ չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ լսել, չգիտեմ»:

Նախարարը իր հրավիրած առաջին մամլո ասուլիսի ժամանակ նաեւ վստահեցրեց, թե առարկայական հանձնաժողովները ձեւավորելիս հաշվի են առնում «տվյալ մասնագետի մասնագիտական կարողությունները, նրա բարի համբավը, նրա նկատմամբ ունեցած որոշակի վերաբերմունքը»:

Երիցյանը շեշտեց, թե առաջիկա բուհական ընդունելության քննություններում «դիմորդի շահը չի ոտնահարվելու», լիարժեքորեն գործելու են բողոքարկման մեխանիզմները:

«Նախարարին կից լինելու են փորձագետներ, ինչը հնարավորություն կտա երրորդ անգամ այդ [բողոքարկված] աշխատանքները ենթարկելու ստուգման»:

Երիցյանը տեղեկացրեց, որ ինքը դիմել է Ռոբերտ Քոչարյանին, եւ այս տարի ընդունելության քննությունների ընթացքին հետեւելու են նաեւ հանրապետության նախագահի վերահսկողության ծառայության ներկայացուցիչները: «Վերահսկողության մեխանիզմը կլինի ավելի ամուր, ավելի պինդ, ավելի խորը», - ասաց նա՝ ավելացնելով, որ հսկողություն կիրականացնեն նաեւ նախարարության ու բուհերի լիազոր ներկայացուցիչները:

Կազմակերպական առումով ընդունելության քննությունների նախապատրաստական փուլն անցնում է հարթ, առանց որեւէ շեղումների: Ձեւավորվել է կենտրոնական ընդունող հանձնաժողովը, ձեւավորման փուլում են առարկայական հանձնաժողովները, որոնց նախագահների անունները կհրապարակվեն մոտ օրերս:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG