Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ մարդկանց մեջ սրվում է անապահովության, վտանգի զգացումը, նրանք կամ ուժեղ հենարան են փնտրում իրենց անվտանգությունն ապահովելու գործում՝ նրա շուրջ համախմբվելու մղումով, կամ էլ հակվում խուճապի, անապահով վայրից փախուստի տրամադրությամբ». այս առումով «Հայաստանի Հանրապետություն» թերթը ներկայացնում է հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքը, թե «հասարակության համար որպես ուժեղ հենարան կարող է այս պահին լինել երկրի խորհրդանիշը՝ նախագահը»: Այս թերթում այսօր նաեւ ընդգծվում է. - «Միմյանց հաջորդող կրակոցները իրենց հետեւանքներով ավելի շատ հիշեցնում են մարտահրավեր հասարակությանը... Կազմակերպված պետությունը ենթադրում է նաեւ կազմակերպված պայքար հանցավորության դեմ, եւ այդ պայքարի շղթայի ցանկացած ժանգոտված օղակ անհանդուրժելի է»:

«Ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ տեղի ունեցածը անպատժելիության ու հովանավորչության մթնոլորտի անմիջական հետեւանքն է», - խմբագրականում նշում է «Երկիր» թերթը: - «Քանզի եթե օրը ցերեկով պետական-քաղաքական կյանքում (օրինակ՝ ընտրությունների ժամանակ) բացահայտ կեղծիքով, խարդախությամբ, զոռբայությամբ, մարդկանց ահաբեկելով ու ծեծելով ոմանք տեղ են զբաղեցնում պետության բարձրագույն օրենսդիր մարմնում, իրենց կատարած անօրինականությունների համար ոչ միայն որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում, այլեւ ձեռք են բերում ճարպիկ, «բաշարող», «շրջապատ» ունեցող մարդու համբավ... «Վերեւում» կատարվածը պատճենվում է «ներքեւում»։ Ուստի անիմաստ է զարմանալ, որ մեզանում վենդետան ու գողական տրամաբանությունը այսօրինակ տարածում ունեն։ Երբ գողական հեղինակություններն արժանանում են այնպիսի ընդունելության, որ սովորաբար տրվում է պետական, պաշտոնական պատվիրակություններին, բնականաբար, առաջ են գալիս «ճշտով» առաջնորդվելու ջատագովներ», - վերջին շրջանի որոշ իրադարձություններ է ակնարկում «Երկիր»-ը՝ ի վերջո ամփոփելով, որ երկրում բազում հայտնի հիմնախնդիրներից այսօր առաջնային է դարձել տարրական կարգուկանոնի հաստատումն ու յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության ապահովումը։

«Իշխանությունն իր բոլոր օղակներով եւ հատկապես իրավապահ մարմիններն այնպես են սերտաճել հանցավոր աշխարհի եւ կրիմինալ կապիտալի հետ, որ դարձել են մեկ, միասնական օրգանիզմ», - ընդգծում է այսօր «Առավոտ» թերթի խմբագրականը: - «Դատախազությունն ու ոստիկանությունը, բացի մանր կատարողներին հետապնդելուց, ի վիճակի չեն պատասխանատվության կանչել հանցագործությունների կազմակերպիչներին: Նրանք չեն կարող պայքարել իրենք իրենց դեմ»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը դիմել է գլխավոր դատախազ Թամազյանին՝ ինչպե՞ս եք վերաբերում մերօրյա այն երեւույթին, երբ որեւէ մեծահարուստի ավտոմեքենայի հետեւից մեքենաների մի երկար շարասյուն է շարժվում, որի մեջ նրա թիկնապահներն են, բոլորը զինված: Գլխավոր դատախազը մասնավորապես պատասխանում է. - «Ես նույն կերպ եմ դրան վերաբերում, ինչպես մեր հասարակության ցանկացած անդամ: Իսկ լրատվամիջոցները թող այդ մարդկանց հարցնեն՝ 30 թիկնապահ կամ՝ նույն համարներով 30 մեքենա ինչո՞ւ եք պահում»: Թամազյանի հայացքով՝ երկրում քրեածին իրավիճակն, ընդհանուր առմամբ, նորմալ է. - «Սակայն վերջին օրերին կատարվեցին մի քանի աղմկահարույց հանցագործություններ, որոնք անշուշտ մտահոգիչ են: Եւ դրանց դեմ, իհարկե, պետք է ակտիվ պայքար կազմակերպել»։

«Մեզանում բարձրացած սպանությունների եւ հաշվեհարդարների հզոր ալիքը հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան քրեական հեղափոխության նախանշանների դրսեւորում», - գնահատում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Անօրինական ճանապարհով հարստացած մարդկանց խմբերը շատ արագ սերտաճում են այդ անօրինականության վրա բարգավաճող պետական ապարատի, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների հետ: Նման խմբերը (կլաններ կոչենք նրանց, թե այլ կերպ, էական չէ) տնտեսության մեջ ձեռք բերած իրենց գերիշխող դիրքերը արդեն հասցրել են տեղափոխել կյանքի գրեթե բոլոր ոլորտներից ներս: Ձեւավորվել է նաեւ արագորեն քրեականացող քաղաքական դաշտ, որը իրեն բնորոշ տեսակով «զարդարել է» Ազգային ժողովը, առաջ են եկել քրեական բարքեր, սովորույթներ, կենցաղ: Բնական է, որ նման պայմաններում ձեւավորվող ամենաթողության մթնոլորտը իր հասունացման որոշակի շրջափուլում պետք է հանգեցներ եւ, ինչպես երեւում է, արդեն իսկ հանգեցրել է օրը ցերեկով, ողջ հասարակության աչքի առաջ քրեական աշխարհի սանձարձակ գործողությունների ծավալմանը», - կապակցում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ ի վերջո շեշտադրելով. - «Այս ամենը պահանջում է ոչ միայն կտրուկ ու հետեւողական գործողությունների իրականացում անմիջականորեն հանցանք կատարած անձանց հանդեպ, այլեւ այն միջավայրի աստիճանական փոփոխություն, որն իր ներսում հասունացնում է քրեական հեղափոխության բացիլները»:

«Երկրում բանը բանից անցել է, եւ իրական իշխանությունը պատկանում է ոչ թե իշխանավորներին, այլ քրեական աշխարհին», - արձանագրում է «Իրավունք» թերթը: - «Միանգամայն բնական էր, որ իշխանական համակարգի եւ իշխանական տարբեր խմբավորումների ընտրական պատվերները կատարելուց հետո քարտ-բլանշ ստացած քրեական տարրերը իշխանություններից պահանջեն, այսպես ասած, իրենց բաժինը, եւ այն կիսատ-պռատ ստանալուց հետո (քանի որ բոլորի ախորժակները բավարարել գործնականում հնարավոր չէ) իրենց միջավայրին հոգեհարազատ մեթոդներով փորձում են տիրանալ նաեւ պակաս մնացածին: Ինչ-որ մարդկանց ձերբակալեցին, ինչ-որ մարդկանց սկսեցին հետախուզել: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ սայլը տեղից կշարժվի: Եթե արմատական, համակարգային միջոցներ չձեռնարկվեն Հայաստանում տարրական օրինականություն ապահովելու համար, ապա», - նմանեցնում է «Իրավունք»-ի մեկնաբանը, - «Հայաստանը կվերածվի 18-րդ դարի ամերիկյան «վայրենի Արեւմուտքի», ուր բոլորը հարկադրված են զինվել, եւ ողջ է մնում նա, ով կասկածելի որեւէ շարժում նկատելիս առաջինն է հասցնում կրակել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG